Ժամանակագրություն

1869թ. Սեպտեմբերի 26Փոքր Ասիայի Կուտինա կամ Քյոթահիա քաղաքում, կոշկակար Գևորգ Սողոմոնյանի ընտանիքում ծնվել է Սողոմոն Սողոմոնյանը (Կոմիտաս վարդապետ)
1869թ. Սեպտեմբերի 29Կուտինայի Ս. Թեոդորոս եկեղեցում մկրտում են նորախնխն և անունը դնում Սողոմոն: Հայրը` Գևորգ Սողոմոնյանը, կուտինացի էր, մայրը` Թագուհի Հովհաննիսյանը, բրուսացի: «Հօրս եւ մօրս ազգատոհմն ի բնէ ձայնեղ է: …Մօրս եւ հօրս տաճիկ լեզւով եւ եղանակներով յօրինած երգերը, որոնցից մի քանիսն արդէն գրել եմ 1893 թուին հայրենիքումս, դեռ երգում են մեծ հիացմունքով մեր քաղաքի ծերերը», — գրում է Կոմիտասը 1908  թվականին:
1870 թ.Մարտի 15Վախճանվում է Սողոմոնի մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, նրա խնամքով զբաղվում է հորատատը՝ Մարիամը
1876-1880 թթ.Սողոմոնն ուսանում է Կուտինայի քառամյա վարժարանում (չորսդասյան դպրոց)
1880 թ.հունվարՉբավարարվելով որդու քառամյա կրթությամբ՝ հայրը Սողոմոնին ուղարկում է Բրուսա՝ երեխայի մոր ծննդավայրը, կրթությունը շարունակելու համար
1881 թ.Վախճանվում է Սողոմոնի հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, նա ստիպված վերադառնում է հայրենիք
1881 թ.Գևորգ Դ Կաթողիկոսը, նկատի ունենալով, որ արևմտահայ ու պարսկահայ վիճակների երեխաները զրկված են ճեմարանում սովորելու հնարավորությունից, արձակում է «Վասն ընտրութեան աշակերտաց որք կամիցին մտանիլ յառաջին դասարան Ս. Գևորգեան Ճեմարանի Սրբոյ էջմիածնի» խորագրով հրահանգը, որով սահմանափակում է Երևանի և մյուս թեմերի աշակերտների ընդունելությունը և փոխարենը Թուրքիայի ու Պարսկաստանի վիճակներից պահանջում է«30-ից ավելի աշակերտացուներ տեղական առաջնորդների և թեմական վերատեսուչների ընտրությամբ ուղարկել Էջմիածին Ճեմարանում սովորելու համար»:
Գևորգյան Ճեմարանի տեսչությունը Գևորգ Դ-ի հրամանով հատուկ գրությամբ Քեոթահիայի վիճակի հոգևոր առաջնորդին հանձնարարում է Էջմիածին ուղարկել «… մանուկ մի, որպեսզի ուսումն և կրթությունը ստանա ի բարձրագույն ճեմարանին անդր»: Փոխառաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանը պատրաստվում է մեկնելու Էջմիածին` եպիսկոպոս ձեոնադրվելու համար:
Ինչպես գրում է Կոմիտասը. «Մեր վիճակի առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանը պետք է գնար Սուրբ Էջմիածին` եպիսկոպոս ձեռնադրվելու»: Գևորգ Դ Կաթողիկոսի կոնդակի համաձայն նա պետք է իր հետ մի «ձայնեղ» և միջոցներից զուրկ երեխա տաներ Էջմիածին` Ճեմարանում սովորելու համար: Շուրջ քսան աշակերտների
մեջ նախապատվությունը տրվում է հորից ու մորից որբացած մանկահասակ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանին:
1881 թ. սեպտեմբերի 15Սողոմոնը Գևորգյան Ճեմարանի գիշերօթիկի սան«Բազմած է հայոց հայրապետը, — գրում է հետագայում Կոմիտասը, — պատկառելի մի ծերունի: Սկսավ ինձ հարցուփորձ անել: Ես ապուշ էի կտրել մնացել, չէի հասկանում, թե ինչ է ասում, որովհետև խոսում էր հայերեն, իսկ ես, որպես և մեր քաղաքացիք, տաճկախոս էի, թեև հայերեն գրել կարդալ գիտեի, բայց բոլոր առարկաները անցել էի տաճիկ լեզվով, ուստի և չէի հասկանում կարդացածս ու գրածս հայերենը: Վեհը տեսավ, որ ես հայերեն չեմ իմանում, ասաց տաճկերեն լեզվով. «Դու զուր ես եկել այստեղ, որովհետև մեր ճեմարանում ամեն բան հայերեն են անցնում». ես էլ առանց քաշվելու մանկական միամտությամբ, համարձակություն եկավ վրաս և ասացի, թե «Ես էլ եկել եմ հայերեն սովորելու»: — Էհ, լավ, ձայն ունե՞ս և երգել գիտե՞ս, -(հարցնում է կաթողիկոսը): — Այո, ունեմ և գիտեմ: — Ի՞նչ երգեր գիտես: — Ինչ ասես գիտեմ, հայերեն, տաճկերեն, եկեղեցական, աշխարհական: — Շատ լավ, «Լույս զվարթը» գիտե՞ս: — Գիտեմ: «Լույս զվարթը» երգելիս նկատեցի, թե ինչպես նրա աչքից արցունքները գլորվում էին և թավալվելով երկար ճերմակ մորուսի վրայով գլորվում էին վերակուի ծալքերի մեջ: — Ասոր ճեմարան տարեք, — հրամայեց վեհը Մանկունի Վահրամ Եպիսկոպոսին` իր դիվանապետին»:
1882 թ.սեպտեմբերԷջմիածնի Գևորգյան ճեմարանում սկսվում են 1882-83 ուսումնական տարվա դասերը: Սողոմոն Սողոմոնյանը կրկին սովորում է ճեմարանի Ա դասարանում` հայերեն խոսելուն վարժվելու համար:
1885-1887 թթ.Խմբակային երգեցողությունն առանձնապես հաճախակի և ավել հետաքրքիր դարձավ Սողոմոնի մասնակցության և կազմակերպչական ձիրքի շնորհիվ
1890 թ. hունիս 9Վեցերորդ դասարանի աշակերտ Սողոմոնը ձեռնադրվում է ավագ սարկավագ
1891 թ.Քառաձայն խառը խմբի համար, հայկական նոտագրությամբ, Վաղարշապատում (Էջմիածին) լույս է տեսնում Սողոմոնի «Ազգային օրհներգը»։
1893 թ. սեպտեմբերի 11Ճեմարանական լրիվ դասընթացն ավարտելուց հետո աբեղա է ձեռնադրվում և կաթողիկոս Խրիմյան Հայրիկի առաջարկությամբ ստանում է Կոմիտաս անունը։ Նրան է հանձնարարվում ճեմարանի երաժշտական դասեր վարելը։
1893 թ. հոկտեմբերի 5Մկրտիչ Խրիմյանի հրամանով ճեմարանի տեսուչ Արիստակես Սեդրակյանը երգեցողության ուսուցիչ Կարա-Մուրզային ազատում է պաշտոնից։ Կոմիտասը փոխարինում է իր ուսուցչին՝ Կարա-Մուրզային։
1893 թ. նոյեմբերի 21Մայր Տաճարում Սողոմոն Սողոմոնյանի ղեկավարած քառաձայն երգչախումբն առաջին անգամ կատարում է «Հայր մեր» շարականը։ «Տպավորությունը հսկայական էր,-գրում է ունկնդիր Աշոտ Աթանասյանը,- եթե դա աղոթք չլիներ, այլ կոնցերտ, անշուշտ դրան կհետևեին բուռն ծափահարություններ»։
1894 թ. հունվար-մարտԿոմիտասը Էջմիածնում հանդիպում է «Հնությունք Ակնա» գրքի հեղինակ Հ. Ճանիկյանի հետ։ Վերջինիս խնդրանքով Սողոմոնը ոչ միայն սրբագրում է նախկինում (1892 թ.) գրի առած 8-10 երգերը, այլև նոր եղանակներ է ավելացնում և Ակնա երգերի ընդհանուր քանակությունը հասցնում է 22-ի։
1894 թ.հուլիսԷջմիածնում հրատարակվող «Արարատ» ամսագրի 7-րդ և 8-րդ համարներում Սողոմոնյան՝ Ս.Ս. ստորագրությամբ լույս է տեսնում Կոմիտասի «Հայոց եկեղեցական եղանակները» հոդվածաշարը
1895 թ. փետրվարի 26Կոմիտասը ձեռնադրվում է վարդապետ և դառնում Էջմիածնի միաբան
1895-1896 թթ.Ուսումը շարունակելու նպատակով Կոմիտասը լինում է Թիֆլիսում։ Առիթն օգտագործելով՝ Ներսիսյան դպրոցում հարմոնիայի դասեր է առնում իր երգեցիկ խմբով անուն հանած Մակար Եկմալյանից՝ նախապատրաստվելով երեժշտական ուսումնարան ընդունելության քննություններին։
1896 թ. մայիսԿոմիտասը հայ խոշոր նավթարդյունաբերող Ա. Մանթաշյանի միջոցներով մեկնում է Գերմանիա՝ Բեռլին, երաժշտական կրթություն ստանալու։ Ներկայանում է Բեռլինի Բարձրագույն երաժշտական դպրոցի ռեկտոր, նշանավոր ջութակահար և կոմպոզիտոր Յոզեֆ Յոախիմին։ Ծանոթանալով Կոմիտասի ընդունակություններին ու գիտելիքներին՝ վերջինս նրան խորհուրդ է տալիս սովորելու երաժշտագետ Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում։
1897թ.«Արարատ» ամսագրի համար 7-ում տպագրվում է «Հայոց եկեղեցական երաժշտությունը ԺԹ դարերում» ծավալուն ուսումնասիրությունը, որը սակայն չի շարունակվում հաջորդ համարներում և մնում է անավարտ։
1898 թ.«Արարատ» ամսագրի համար 3-4-ում տպագրվում է «Երգեցողութիվնը Ս. Պատարագին» գրախոսականը՝ նվիրված Մ. Եկմալյանի Պատարագին։
1899 թ. հունիսԿոմիտասը հաջողությամբ ավարտում է Գերմանիայի՝ Բեռլինի Բարձրագույն երաժշտական համալսարանի տեսական և գործնական լրիվ դասընթացը, ինչպես նաև համալսարանի փիլիսոփայական բաժնի երաժշտության պատմության և գեղագիտության դասընթացը։ Ավարտական աշխատանքի համար որպես նյութ Կոմիտասը ընտրել էր «Քրդական երաժշտությունը» արժեքավոր ուսումնասիրությունը, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում Կոմիտասի անձի և գործի շուրջ։
1899 թ.մայիսի 10ին և հունիսի 14ինԿոմիտասը, միջազգային երաժշտական ընկերության հրավերով, երկու դասախոսություն է կարդում «Հայոց եկեղեցական և աշխարհական երաժշտությունը» թեմայով։
1899 թ.Կոմիտասն ընտրվում էՄիջազգային երաժշտական ընկերության անդամ։ Նրա կարդացած դասախոսությունները հրապարակվում են գերմանական պարբերականներում։
1899 թ. սեպտեմբերԿոմիտասը, երաժշտա,-կան բարձր իմացությամբ և հարուստ կուլտուրայով զինված, վերադառնում է Էջմիածին։
1900 թ. հունիսի 21Գերմանական «Բեռլիներ տագեբլատ» օրաթերթի համար 309-ում լույս է տեսնում կաթողիկոս Խրիմյան Հայրիկի կոնդակը՝ ուղղված Կոմիտասի ուսուցիչ Ռ. Շմիդտին։
1901 թ.Կոմիտասը մասնակցում է Միջազգային Երաժշտական ընկերության բեռլինում կայացած հերթական կոնգրեսին։ Հայ եկեղեցական երաժշտության մասին նրա զեկուցումը մեծ հետաքրքրություն է առջացնում ունկնդիրների շրջանում։
1902 թ.Թիֆլիսում Կոմիտասի հետ ծանոթություն է հաստատում Մարգարիտ Բաբայանը
1905 թ. գարունԿոմիտասը Էջմիածնի իր երգեցիկ խմբի հետ մեկնում է Թիֆլիս՝ համերգներ տալու։
1905-1914 թթ.Կոմիտասը գրում է նաև քնարական բանաստեղծություններ։ Բանաստեղծությունները «Քնարերգություն» խորագրով հրատարակել է Կոմիտասի կենսագիր Թ. Ազատյանը Կ. Պոլսում՝ 1939 թ.
1905 թ. ապրիլ 1-3, և 6- ինԹիֆլիսի Արտիստական ընկերության դահլիճում տեղի է ունենում Կոմիտասի անդրանիկ համերգը՝ կազմված ժողովրդական և եկեղեցական երգերից։
1906 թ.Կոմիտասը այցելում է Փարիզ
1906 թ. դեկտեմբերի 1Կոմիտասը Փարիզում ֆրանսիկան երգչախմբի հետ տալիս է մի հիասքանչ համերգ՝ խոր հիացմունք ստեղծելով հայ երաժշտության և իր անվան շուրջ
1906 թ. դեկտեմբերի 6Կոմիտասը դասախոսության հրավեր է ստանում Փարիզի տեղական երաժշտագետների միության նախագահից։
1906-1907 թթ.Կոմիտասը շուրջ մեկ տարի մնում է Փարիզում, մոտիկից ծանոթանում Դեբյուսիի և ֆրանսիական մյուս նշանավոր երաժիշտների արվեստին։ Դասախոսություններ է կարդում և հայ երա-շտության վերաբերյալ հոդվածներ տպագրում «Mercure musical» հանդեսում։
1907 թ.Փարիզում տպագրվում է Կոմիտասի 12 երգերից բաղկացած ստեղծագործությունների առաջին ժողովածուն, որի մեջ զետեղված էին նրա մեներգներն ու խմբակային գործերը։
1907 թ.Փարզից Կոմիտասը մեկնում է Շվեյցարիա (Ցյուրիխ, Լոզան, Ժնև), որտեղ նույնպես իր համերգներով արժանանում է երաժշտական հասարակության ջերմ ընունելությանը։
1907 թ.Եվրոպայում մեծ աղմուկ հանած Կոմիտասը վերադառնում է Էջմիածին։
1907-1910 թթ.Կոմիտասը ապրում է էջմիածնում և միայն մերթ ընդ մերթ համերգային ուղևորություններ է կատարում Երևան, Թիֆլիս, Բաքու։
1908 թ. ապրիլԿոմիտասը երկու համերգ է տալիս Բաքվում և դասախոսություն կարդում՝ արժանանալով հասարակության և տեղական մամուլի բարձր գնահատանքին
1908-1909 թթ.Կոմիտասը նամակագրություն է հաստատում հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի հետ՝ «Անուշը» օպերայի վերածելու առնչությամբ։ Կոմիտասը գրում է «Վաղուց է սկսել եմ և բավական բան գրել քո «Անուշից», բայց դեռ պակասավոր բաներ շատ կան, որպեսզի մի ամբողջականություն դառնա։
1909 թ. սեպտեմբեր 5Կոմիտասը կաթողիկոս Մատթևոս Բ Իզմիրլյանին գրավոր դիմում է հղում։ Թախանձում է իրեն ազատ արձակել, թույլ տալ հանգիստ ապրելու և աշխատելու Սևանա կղզում, անարդարությյան ու գզվռտոցի այդ միջավայրից հեռու։ Այս նամակը ցոիյցէ տալիս Կոմիտասի ողբերգությունը, եկեղեցու հետ ունեցած նրա կոնֆլիկտի խորությունն ու անխուսափելիությունը։
1910 թ. Հունվարի 12Կոմիտասը կաթողիկոս Մատթևոս Բ Իզմիրլյանին հասցեագրում է դիմում-բողոք, որը հաստատում է Էջմիածնի խավարամոլների նրան հասցրած խոր վիրավորանքը՝ ընդհուպ մինչև հուսալքության աստիճանի։
1910թ. հոկտեմբերԿոմիտասը հայրենի քաղաք այցի գնալու պատրվակով հեռանում է Էջմիածնից և բնակություն հաստատում Կ.Պոլսում։
1910 թ դեկտեմբերի 4Կ.Պոլսի Պըտի-Շան համերգային շենքում Կոմիտասի ղեկավարությամբ կայանալիք եկեղեցական և ժողովրդական երգերից բաղկացած համերգի ծրագրի առաջին մասը պատրիարքի փոխանորդի կողմից արգելվում է, սակայն այդ արգելքը ոչ մի նշանակություն չի ունենում Կոմիտասի համար. համերգը կայանում է նրա կողմից նախատեսված լրիվ ծրագրով՝ առանց փոփոխության և մեծագույն հաջողությամբ։
1911 թ. փետրվար-մարտԿոմիտասը իր «Գուսան» երգչախմբով համերգներ է տալիս Կ.Պոլսի զանազան դահլիճներում և շռնդալից հաջողություններ գրանցում։
1911 թ. ապրիլԿոմիտասը, ընդառաջելով մեծաթիվ հրավերքներին, ճանապարհվում է Եգիպտոս։ Մի քանի դասախոսություններ է կարդում Ալեքսանդրիայում և Կահիրեյում։
1911 թ.հունիսի 16Ալեքսանդրիայի Ալհամպրաթատրոնի մեծ սրահում՝ հոծ բազմության առաջ, Կոմիտասը համերգ է տալիս իր 100 հոգուց բաղկացած երգչախմբով։
1912 թ.մարտ-ապրիլ«Կոմիտասի «Գուսան» երգչախումբը իր հաճախակի համերգներով հայտնի է դառնում համայն պոլսահայության, որ նույնիսկ հեռավոր արվարձաններե կփութար վայելելու հայ ժողովրդական երգելու համն ու հոտը» գրում է Ա.Մեսրոպյանը։
1913 թ.Կոմիտասը վերադառնում է Հայաստան և Էջմիածին հասնելով, ներկայանում է կաթողիկոսին, սակայն վերջինս այնքան սառն է ընդունում կոմիտասին, որ նա իսկույն ևեթ ետ է դառնում Կ.Պոլիս։ «Ես հասկացա,- ասում է Կոմիտասը,- որ Էջմիածինը իմ կարիքը չի զգում. Ես այդ մթնոլորտում այլևս շնչել չեմ կարող, սրտի ցավով , բայց պետք է հեռանամ»։
1913 թ.Կոմիտասը կարճ ժամանակով մեկնում է Բեռլին՝ երգերի հրատարակության և երաժշտագիտական նոր ուսումնասիրությունների համար։
1914 թ. հունիսի 1-15Համաշխարհային Երաժշտական ընկերության Փարիզի կոնգրեսում, որին մասնակցում էին ականավոր երաժշտագետներ և կոմպոզիտորներ, հայկական երաժշտության հարցերին նվիրված հատուկ զեկուցումով հանդես է գալիս Կոմիտասը։ Նա կարդում է երկու դասախոսություն՝ «Հին և նոր նոտագրությունըհայկական հոգևոր երժշտության մեջ» և «Հայկական ժողովրդական երաժշտությունը։ Սակայն հայ երաժշտության նկատմամբ այնպիսի մեծ հետաքրքրություն է առաջանում կոնգրեսի մասնակյցների շրջանում, որ նրանց խնդրանքով Կոմիտասը ստիպված է լինում կարդալ նաև երրորդ՝ չնախատեսված դասախոսությունը՝ «Հայ երաժշտության տաղաչափության և շեշտադրության մասին»։
1915 թ.Մեծ Եղեռն։ Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։
1915 թ. ապրիլի 11Հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչներ Սիամանթոյի, Դ. Վարուժանի, Գ. Զոհրապի, Ռ. Սևակի և մյուս նշանավոր ներկայացուցիչների հետ միասին ձերբակալվում է Կոմիտասը։ Տանջամահության գնացող բազմությանը խառնված Կոմիտասը Կ.Պոլսից քշվում է Անատոլիայի խորքերը։ Ազդեցիկ անձանց միջնորդության շնորհիվ նա վերադառնում է Կ.Պոլիս։
1916 թ. աշունԿոմիտասին տեղափոխում են հոգեբուժական հիվանդանոց
1916-1919 թթԿոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ 
1919-1921 թթ.Արդեն անբուժելի վիճակում, կոմիտասին, տեղափոխում են Փարիզի Վիլ-Էվրար արվարձանի հիվանդանոց։ Այսպես, հոգեբուժարանի չորս պատերում փակված մոտ 20 տարի օտարության մեջ կատարյալ «անտունի» դարձած մեծ երաժիշտը, հիվանդանոցի պատերի ներսում ամփոփվեց ինքն իր մեջ՝ հեռու իր հարազատ ժողովրդից, երգեց իր սրտամորմոք երգերը, ինքն իր համար, ինքն իր հետ՝ մինչև իր կյանքի դժբախտ վերջալույսը։
1921 թ.Մինչև իր մահը մնում է Վիլ-Ժուիֆի հիվանդանոցում
1930-1931 թթ.Մեծ հանդիսավորությամբ ու շուքով Մայր Հայրենիքում և Սփյուռքում տոնվում է Կոմիտասի 60-ամյակը
1935 թ.հոկտեմբերի 21Առավոտյան ժամը՝ 6։00-ին, հայրենիքից հեռու, վշտից ճերմակած ու խերացած, Փարիզի հոգեբուժարանում վախճանվում է մեծն Կոմիտասը։
1935 թ.հոկտեմբերի 27Կատարվում է թաղման կարգ։
1936 թ. մայիսՀայտնի հոգեբույժ Հ. Յազմաչյանի գլխավորությամբ Ֆրանսիայից ներգաղթող հայերի հետ Կոմիտասի զմռսված աճյունը փոխադրվում է Երևան, ուր մեծ հանդիսավորությամբ հայ ժողովուրդը իր երախտավոր զավակին ուղեկցում է վերջին ճանապարհը՝ դեպի պանթեոն։
 1950-ական թթԿոմիտասի ձեռագրերը Փարիզից տեղափոխվեցին Երևան
1956 թ.Հրատարակվել է Լյուսի Թարգյուլի  «Կոմիտաս» գիրքը։ 
1981 թ.Դետրոիդում կանգնեցվել են Կոմիտասի գրանիտե և բրոնզե հուշարձաններ՝ որպես հարգանքի տուրք մեծ երաժշտին և հիշեցում Մեծ Եղեռնի մասին։
1987 թ.Երևան է եկել «Իմ Կոմիտասը» ֆիլմը, որում նկարահանվել են մաեստրո Հովհաննես Չեքիջյանը և անվանի երգչուհի Հասմիկ Պապյանը, ռեժիսորն է Լևոն Մկրտչյանը։ Ֆիլմն անդրադառնում է նաև 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնին։
2008 թ. հուլիսի 6Քվեբեկի 400-րդ տարեդարձի կապակցությամբ Քվեբեկի Ազգային Ժողովի հարևանությամբ տեղի ունեցավ Կոմիտասի բրոնզե կիսանդրու բացումը՝ ի ճանաչումն երաժշտության մեջ ընդհանուր առմամբ և հայկական երաժշտության մեջ մասնավորապես նրա ունեցած ներդրման։ 
2008 թ. սեպտեմբերԹողարկվել է Կոմիտասի լավագույն երգերի նախադեպը չունեցող ձայնասկավառակը Իզաբել Բայրաքդարյանի կատարմամբ և Հայաստանի Ֆիլհարմոնիկ կամերային նվագախմբի  ու դաշնակահար Սերոժ Կրաջյանի նվագակցությամբ, որը «Լավագույն վոկալ ձայնագրություն» անվանակարգում նոմինացվել էր Գրեմմիի։
2008 թ. հոկտեմբերՀյուսիսային Ամերիկայում Իզաբել Բայրաքդարյանի համերգային շրջագայությունը լավագույնս ներկայացրեց Կոմիտասի երաժշտությունը Տորոնտոյում, Լոս Անջելոսում, Սան Ֆրանցիսկոյում, Վանկուվերում, Բոսթոնում, Նյու Յորքի Կարնեգի համերգասրահում։
 2015 թ. հունվարի 29 Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի է ունեցել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը։
Scroll Up