Խազը հայկական միջնադարյան պրոֆեսիոնալ երաժշտության գրանցման նիշ է։ Խազային համակարգի ձևավորումը վերագրվում է VII դ․ մասնավորաբար կապվելով Ստեփանոս Սյունեցու անվան հետ։
- րդ դարի սկզբում Եվրոպայի և հայ գիտնականները սկսեցին ուսումնասիրել և վերծանել խազերը։ Երաժշտագետները, ովքեր աշխատել են վերծանման վրա ապացուցել են, որ խազեր ստեղծելու հիմքում ընկած է ազգային երաժշտական մշակույթը։
Վերծանման գործում իր մեծագույն ներդրումն է ունեցել Կոմիտասը։ Նա շատ մոտ է եղել խազերի գաղտնիքի բացահայտմանը, բայց ավաղ, ավարտին չի հասցրել իր առաքելությունը։ Կոմիտասը մոտ 20 տարի զբաղվեց խազերի վերծանման հարցով, տաժանակիր աշխատանք տանելով։ Հարյուրավոր ձեռագրեր ուսումնասիրելով, փնտրելով խազերի մասին տեղեկություններ։
Ըստ Կոմիտասի՝ խազերի լիարժեք բացահայտման համար, փորձագետը պետք է իմանա արաբերեն, թուրքերեն, պարսկերեն, ինչպես նաև մաթեմատիկա և այլ հարակից գիտություններ։
Խազերի կիրառման վկայություններ հանդիպում են 8-րդ դարից ի վեր։ 12-րդ դարից սկսվում է խազագրության արվեստի նոր վերելքը, որն անկում է ապրում 15-րդ դարից և արդեն 17-18-րդ դարերում խազերը համարվում են անընթեռնելի։ Եվ, այո՛, 20-րդ դարում Կոմիտասը հայտնում է, որ գտել է խազերի բանալին։ Սակայն Կոմիտասը ավելի որոշակի չներկայացրեց 1914թ․ Փարիզյան դասախոսություններում, որոնց շնորհիվ կպահպանվեր։ Մի՞թե խազերի բանալու վերաբերյալ իր 20 տարվա տքնաջան աշխատանքի արդյունքների մի կարևորագույն մասը չպահպանվեց առանձին թերթիկի վրա։ Եվ ահա պարզվում է, որ պահպանվել է․ Կոմիտասի դիվանում հանդիպում ենք «կորած» բանալուն։
Խազերի բանալին
Կոմիտաս․ «Իսկական փորձերն սկսած ԲՁ-ով, զի հիմնաձայներն այստեղ անաղարտ էին մնացել հին և նոր ոճերի մեջ․
- Նկատեցի, որ բուն բանալին է դիմող ձայնը, և բոլոր խազերն իրենց սկզբունքը առնում են յուրաքանչյուր ձայնի համապատասխան դիմող ձայնեն,
- Յուրաքանչյուր ձայն իր ձայնաստիճանի բարձրությունը պահում է անփոփոխ՝ առնելով հաշվելով՝ ճիշտ դիմող ձայնեն․ և ապա իրեն հատուկ շարժումն է կատարում․ եթե ելնող է՝ ելնում է, իջնող է՝ իջնում։
- Բութը ¥՝¤ հանգչող ձայնն է ¥ԲՁ-ի մեջ երբեմն c և երբեմն a հաշվելով դիմողը` e¤»։
Վերոհիշյալ գրությունը վերաբերում է հենց այն «բանալուն», որի մասին Կոմիտասը նամակում հայտնում է Արշակ Չոպանյանին։ Կոմիտասը իր կատարած որևէ աշխատանքի մասին ճիշտ տեղյակ է պահել լայն հասարակությանը՝ իր հոդվածներով կամ մտերիմներին՝ իր նամակներով։ Խազերի իր գյուտի մասին նա հայտնել է թե՛ հոդվածում, թե՛ նամակով։ Նամակով նա հայտնում էր ամենաթարմ նորությունները, թե տվյալ պահին ինչի վրա է աշխատում, ինչ արդյունքների է հասել, և գրեթե չկա մի գործ, որի մասին Կոմիտասն անմիջապես տեղյակ չպահեր որևէ մեկին։
Խազերի բանալու գյուտի մասին Կոմիտասը գրել է 1909 թվականին։ Նամակում Կոմիտասը հայտնում է, որ սկսել է կարդալ պարզ եղանակները, իսկ Կոմիտասի դիվանում պահպանված երգերի հատվածների վերծանությունները միանգամայն համապատասխանում են խազերի բանալու վերաբերյալ պահպանված Կոմիտասյան գրությունը։
Խազերը, ինչպես խազավոր երգերը լինում են պարզ, միջին բարդության և բարդ։ Կոմիտասի գրությունից երևում է, որ նախ՝ նա պարզել է պարզ խազերից յուրաքանչյուրի նշանակությունը, ապա գտել է դրանց փոխկապակցվածության բանալին և սկսել է պարզ շարականների վերծանության փորձերը։
«Իրավ է, ես գտել եմ հայ խազերի բանալին, և նույնիսկ կարդում եմ պարզ գրվածքները, բայց դեռ վերջակետին չեմ հասել, զի յուրաքանչյուր խազի խորհրդավոր իմաստին թափանցելու համար, նույնիսկ տասնյակ ձեռագիրներ պրպտելով, երբեմն ամիսներ են սահում։
Երկու խոսքով ամփոփեմ, թե ինչ տարրեր ունի հայ խազաբանությունը․
Ա․ Ձայնաստիճանի խազեր Բ․ Ձայներանգի խազեր
Գ․ Զարդախազեր
Դ․ Ձայնաճի խազեր Ե․ Ամանակի խազեր Զ․ Բանալի խազեր
Է․ Առոգանության խազեր Ը․ Կետադրության խազեր Թ․ Ոճական խազեր
Ժ․ Կապող և զատող խազեր ԺԱ․ Կիսանիշ խազեր և այլն։
Մի այսպիսի ուսումնասիրությունը կատարելության հասցնելու համար պետք է ներհուն լինիլ տիրապես սա հիմնական ուսմունքներին ու գիտություններին, տաղաչափության , վանկաչափության, բառաչափության, տողաչափության, առոգանության, շեշտադրության, կետադրության, խազաչափության, խազագիտության լեզվին ¥բառերի իսկական և հին առման¤, իմաստասիրության ¥երկրաչափության, թվաբանության, աստղաբաշխության և երաժշտության՝ հին առման¤, խազերի ծագման, զարգացման, անկման և արդի պատմության, համեմատական խազաբանության և այլն և ապա կարելի է՝ գաղտնին երևան հանել։ Թող հայ հասարակությունը ներող, մանավանդ համբերող լինի՝ մինչև որ հնարավոր չափով կատարելապես վերջացնեմ իմ տասնվեց ամյակից ավելի տևող տաժանագին ուսումնասիրություններս։ Հույս ունիմ, թե մոտիկ ապագայում, առանձին հատորներով, հասարկության սեփականություն պիտի դառնա»։
Կոմիտաս 1910թ․, մարտ 15, Էջմիածին
Կոմիտասը բանավոր պահպանված շարականներից ընտրում էր լավագույնները, դրանք մաքրում, զտում ավելորդ ծանրաբեռնված
զարդաձայներից և փնտրում դարձվածքներ, ելևէջներ, որոնք առավել
անխաթար են մնացել և պահպանել են խազավոր համապատասխան երգերի ելևէջները։ Խազավոր երգերի վերծանության վրա աշխատելիս Կոմիտասը դրանք անպայման համեմատում էր պահպանված նույն երգերի հետ։ Այդ պատճառով էլ Կոմիտասի համար երգ վերծանելը նշանակում էր նաև՝ ստուգել պահպանվածնույն երգը, նա այդպես էլ գրում է Չոպանյանին․ «Այժմ կզբաղվեմ հայ հին կազերու ուսումնասիությամբ և հուսով եմ շուտով կարող պիտի լինեմ գաղտնիքը բանալ XIII¤ դար եղանակներն ստուգել»։
Եվ Թաղճյանի շարակնոցում բազմաթիվ ելևէջներ կան, որ երբեմն ճշգրտությամբ համապատասխանում են նույն վանկի վրա գտնվող խազի կոմիտասյան վերծանությանը։
Ինչպես հայտնի է պահպանված է նյութեր «Հայ գեղջուկ երաժշտություն» ծրագրված կապիտալ աշխատության համար, որը նույնպես ամբողջությամբ, որպես տպագրության պատրաստ, չի շարադրել Կոմիտասը։ Նա նույնիսկ սկսել է «Հայ գեղջուկ երաժշտությունը» շարադրելու գործը, այն դեպքում, երբ տեսել է տպագրության հնարավորություն, բայց հենց Արշակ Չոպանյանից
իմացել է հրատակչի պայմանները, ¥ըստ Ա․Չոպանյանի¤ չի համաձայնել այդ պայմաններին և դադարեցրել է շարադրանքը։ ՀրատարակիչըԿոմիտասին առաջարկել է եկամուտը կիսել հավասար, ինչը շատ լավ պայման է համարվել այն ժամանակ։ Սակայն Կոմիտասին, եթե վճարման պայմանները բավարարեին, եթե իսկապես ստանար առաջարկ տպագրելու, ապա կհամաձայներ։ Նա գումարներ չէր պահանջում իր անձի համար։ Միշտ աշխատել է տենդագին կերպով։ Պետք էր անպայման հասցնել իրագործել ահռելի ծրագրերը։ Կոմիտասը մաքուր արտագրել էր խազերի որոշ մասը, իսկ որոշները չէր հասցրել։ Կոմիստասն ի՞նչ իմանար, որ մարդկության պատմության մեջ չլսված մի արհավիրք է սպասվում իր ժողովրդին, որ ընդհատվելու է իր ստեղծագործական կյանքը, և իր ձեռագրերը ցրվելու են այս ու այն կողմ։
<<Կոմիտասի տասն պատվիրանները երգչին>>
1․ Ինչպես հայտնի է, Բեռլինում, Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում Կոմիտասը նաև խմբավորության և ձայնամարզության դասընթացներ էր անցել։ Նրա երգչախմբերի և մեներգիչների կատարումը, ունկնդիրների վկայությամբ, ներթափանցված էր գեղարվեստական նուրբ ճաշակով, հիացնում էր հնչողության գեղեցկությամբ, զարմացնում ելևէջի մաքրությամբ։
Հետագայում շարունակելով խորանալ ձայնամարզության մեջ, Կոմիտասը մասնավորապես ձայնարտադրության և ձայնի դրվածքի վերաբերյալ հանգել էր սեփական համոզմունքների, մշակել իր սեփական հայացքները։ Այդ համոզմունքներն ու հայացքները առավել ևս արժեքավոր են նրանով, որ դրանց հեղինակն ինքը անզուգական երգիչ էր։
Մարգարիտ Բաբայանը իր հուշերում գրել է․ «Նրա հասկացողությունը իբրև երգչի այնքան կատարյալ էր և խորունկ, որ ամեն տեսնվելիս զարմանքով դիտում էի, թե ինչ կատարելության է հասցնում երգելու նույնիսկ գործողությունը (տեխնիկան)․․․ Եվ որովհետև աննման քանքար էր՝ այնպիսի կանոններ էր ստեղծած երգեցողության նույնիսկ գործողության վերաբերյալ, որոնք այժմ քարոզում են աշխարհիս ամենամեծ երգեցողության վարպետները և մասնագետ բժիշկները․․․ Դր․ Վիկարտի գաղափարները Կոմիտաս վարդապետը արդեն վաղուց քարոզած էր իր տասն պատվիրանների մեջ․․․»
2․ Կոմիտասի պատվիրանները վերծանելիս տեսնում ենք, որ բոլոր տասն էլ զարմանալիորեն համընկնում են երգչական այն կանոնների հետ, որոնք այսօր մեզ տալիս է երգչի ձայնի մասին գիտությունը։
Պայմանական ռեֆլեքսների տեսությամբ մեկնաբանված վոկալ ֆիզիոլոգիա, երգչի երգեցողական ունակությունների զարգացում, նրա ընկալումը, մտածողությունը, ուշադրությունը, երևակայությունը, այն ամենին, ինչ այս բնագավառներում մեզ ասում է ժամանակակից վոկալ մանկավարժությունը, Կոմիտասը հասել էր իր պրպտան մտքով։
1․ «Երգելուց առաջ ամբողջ մարմինը կարծես մեռած (մարզանքը կմեռցնե մարմինը, բայց միտքը կմնա ուշիմ ու եռանդուն)», այլ կերպ ասած՝ մարմինը մեռցնել, բայց միտքը վառ պահել։
Այս պատկերավոր արտահայտությունը առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց վոկալ մանկավարժության տեսակետից դա ճշմարիտ և անհրաժեշտ ցուցում է, ուսուցման առաջին շրջանում՝ նրա հիմքերի հիմքը։
Ի՞նչ է ուզում ասել Կոմիտասն իր առաջին պատվիրանով ։
Այն, որ նախքան երգչական հնչյունը կազմավորվելը անհրաժեշտ է հատուկ նախապատրաստել երգչական շնչառությունը։
Այս պրոցեսը փոքր-ինչ բարդ է։ Երգչից պահանջվում է մարզումների միջոցով վարժվել այնպես, որպեսզի մինչև կատարվող երաժշտական ֆրազի ավարտվելը նրա կրծքավանդակը, ստոծանին և որովայնի մկանները պահպանվեն այն վիճակում, որում դրանք գտնվել են շնչառությունը վերցնելու պահին։
3․ Կոմիտասի երկրորդ պատվիրանը նույնպես ժամանակակից վոկալ մեթոդիկայի տեսակետից ճիշտ է և անհրաժեշտ սկսնակ երգչին․
2․ «Ձայնը հազիվ լսելի շշուկով սկսել և երգել պիանո-պիանիսիմո, դեռ կիսաստիճաններով բարձրանալ և կամաց-կամաց լայնացնել ձայնաշարը»։
Հատկապես ընտրված այս տեսակի վարժությունները խիստ օժանդակում են երգչի ձայնածավալի ընդլայնմանը և ամրապնդմանը։ Կիսատոներով ձայնաշարը մեծացնելիս միաժամանակ ավտոմատացվում է նաև երգչական շնչառությունը։ Այդ աշխատանքը երգչից պահանջում է գիտակից և ուշադիր վերաբերմունք, առաջադրված խնդիրը ճիշտ իրականացնելու ձգտում և համբերություն։ Հավանաբար դա է պատճառը, որ իր երրորդ պատվիրանով Կոմիտասը խորհուրդ է տալիս՝
3․ «Երգելիս չջղայնանալ և խուսափել հուզմունքից», քանի որ պարապմունքի ընթացքում երգչի ներվայնացումը, հուզվելը, ցրվածությունը մշտապես խոչընդոտում են երգչական ունակությունների հաջող պատվաստմանը։ Նույն խորհուրդը պետք է տալ նաև մեներգեցողության դասատուներին և խմբավարներին։
Չորրորդ և հինգերորդ պատվիրանները միևնույն նպատակն են հետապնդում։ Չորրորդը՝
4․ «Ամեն ջանք թափել ձայնը ներսը չպահելու , այլ որքան հնարավոր է դուրս արտաբերելու»։
Երգչի ձայնի գեղեցկությունը կախված է հենց հնչյունային ալիքի արտաբերումը ճիշտ կազմակերպելուց։ Դա անհրաժեշտ է վիրտուոզ կոլորատուրային պասաժների կատարման, ձայնի բարձր դիրքավորումը պահպանելու համար։
Ժամանակակից վոկալ մանկավարժությունը հաստատում է ․ «Անհրաժեշտ է հնչյունային ալիքը առանց խռչակի մասնակցության մղել ուղղակի դեպի ձայնադարձիչ այն տեղերը, որոնք երգչի ձայնին տալիս են գեղեցիկ տեմբրային երանգ, մշակում են հնչեղության որակը, մետաղահնչությունը , ստանալով ուժեղ, հավասար և հոսուն բնույթի բոլորակ ու թավշային հնչողություն» (Բ․Դմիտրիև «Վոկալ մեթոդիկայի հիմունքները», Մոսկվա, 1968 )։
Երգչի ձայնի ձևավորումը սերտ կապված է ձայնալարերի աշխատանքը շնչառական հանգիստ վիճակից ակտիվ վիճակի փոխադրելու հետ։ Կոմիտասը մեծ նշանակություն է հատկացրել դրան և իր հինգերորդ պատվիրանում շատ պատկերավոր առաջարկել է՝
« Ձայնը առաջ մղել ինչպես մի նետ և այնքան հեռու, որքան շունչը թույլ է տալիս»։
Հնչյունային շիթի սլացիկությունը անհրաժեշտ է բարձր հնչյունները ամրացնելու և ձայնի ծավալը մեծացնելու համար։
Հնչյունի սլացիկությունն ու եռանդուն առաքումը Կոմիտասը համոզիչ կերպով համեմատում է աղեղից արձակված նետի սլացիկության և հեռահարության հետ։ Չէ՞ որ որոշակի տարածության վրա արձակված նետը սլացիկ թռիչքի ընթացքում իր ուղղությունը չի փոխի և ուղեծրից չի շեղվի։ Այն կթռչի հենց այնքան տարածություն, որքան անհւրաժեծտ է դրված նպատակին հասնելու համար, և որքան, ըստ այդմ, ձգված է աղեղի լարը։ Որքան լավ կազմակերպվի օդի ճնշումը գլխավոր ձայնադարձիչի (հնչման տեղի) վրա, այսինքն՝ երգչի շնչառությունը, այնքան ավելի հեռահար և զնգուն կլինի հնչյունի առաքումն այնտեղ, ուր գիտակցաբար հղել է նրան երգիչը։
Կոմիտասի վեցերորդ և յոթերորդ պատվիրանները նույնպես հետապնդում են ձայնի հոսքը կազմակերպելու և ձայնի ծավալն ու զնգունությունը մեծացնելու նկատմամբ երգչի մեջ գիտակցական մոտեցում զարգացնելու նպատակը։
Վեցերորդ պատվիանով Կոմիտասը խորհուրդ է տալիս՝
6․ «Հազիվ լսելի շշուկով զարգացնել կիսաստիճանները և կամաց-կամաց ընդլայնացնել երաժշտական աստիճանները, և միայն այն պարագայում, երբ նախընթաց աստիճանը կատարյալ է ելնում, քիչ-քիչ ձայնի ուժը ավելացնել, պահպանելով ամենայն հանգստություն առանց որևէ հուզմունքի»։
Կոմիտասն իրավացի է և այս պատվիրանում։ Ձայնի հոսքի ճիշտ կազմակերպումը ամրացնելու և երգչի ձայնածավալը մեծացնելու համար անհրաժեշտ է բոլոր վարժությունները կառուցել միջին հնչյուններից և հանգիստ, կիսատոներով դեպի վեր ընդարձակել հնչյունաշարը։ Ընդ որում, մինչև հնչյունաշարի մեկ աստիճանը չամրապնդվի, չանցնել հաջորդ կիսատոնին։ Չի կարելի սկսնակ երգչին միանգամից հանձնարարել ծավալուն վարժություններ, բարձր հնչյուններ, տեխնիկական պասաժներ, եթե երգչի հնչյունաշարը, այսինքն՝ ձայնածավալը անկայուն է, ձայնավոր հնչյունները միագույն չեն ստացվում, երգչական շնչառությունը ամրապնդված չէ։
«Մշակված ձայնի հնչողությունը, ասում է Բ կետ Դմիտրիևը, երգչական ունակությունների հաստատման, ամրապնդման արդյունքն է։ Այդ աշխատանքը մշտապես հաստատուն պահելը, այդ վոկալ ավտոմատիզմները մշակելը երիտասարդ երգիչների մեծ մասի համար մեծ ջանքեր են պահանջում։ Ահա թե ինչու երգչի պարապմունքները պետք է տարվեն հանդարտ իրադրության մեջ, աստիճանաբար, առանց ձայնի ուժգնությունը չափազանցնելու, լիակատար կենտրոնացվածության պայմաններում։ Ճիշտ այսպես է դատել ժամանակին նաև Կոմիտասը»։
Յոթերորդ պատվիրանով Կոմիտասը խորհուրդ է տալիս՝
7․ «Շատ աշխատանք (երգելու) կատարել շատ քիչ շունչ գործադրելով»։
Ներկա ժամանակում այս պատվիրանը ուսուցման չափազանց կարևոր կանոն է։ Անհրաժեշտ է թեթև, արագ և աննկատ շունչ վերցնելով, գիտակցորեն ղեկավարել երաժշտական մեծ ֆրազաների հնչյունը սահուն արտաբերելու պրոցեսը։ Դրա համար երգիչը պետք է հմտորեն իր շունչը տարաբաշխի այնպես, որպեսզի այն բավականեցնի մինչև կատարվող ֆրազի ավարտվելը։ «Փոքր շնչով՝ երաժշտական մեծ ֆրազաներ» — ասում են մեր օրերում ևս ձայնամարզության բոլոր ուսուցիչները։
Երգչի դաստիարակությունը, որպես կանոն, պահանջում է միմյանց հետ սերտ կապված երկու խնդրի միաժամանակյա լուծում․ սովորեցնել նրան ինքնուրույն կառուցել իր կատարողական ապառատը՝ «նվագարանը» և վարժեցնել դրա վրա «նվագելուն»։ Սրանում է երգչի ուսուցման բարդությունն ու տարբերությունը նվագող երաժիշտների ուսուցումից։ Ամեն մի վարժություն կարելի է կատարել նաև որպես երաժշտական դարձվածք, որպես երաժշտական մտքի մի պատառիկ։ «Երգչի ձայնային տեխնիկան պետք է կառուցվի որոշակի պատկերացումներով։ Այդ իսկ պատճառով տեխնիկայի զարգացումը պետք է տարվի երաժշտական նյութի հիման վրա» (Բ․ Դմիտրիև)։
Հնչյունը, եթե երանգավորված չէ խոսքով կամ զգացմունքով մեռած հնչյուն է։ «Դատարկ հնչում են դատարկ զգացում կառաջանա», — ասել է Կոմիտասը Կ․ Պոլսի Եսայան դպրոցի ուսուցիչների համար կարդացած իր դասախոսության մեջ։ Ահա թե ինչու իր ութերորդ պատվիրանով նա առաջարկում է՝
8․ «Ձայնը մարզելիս այնպիսի բառեր պտրել, որոնք մեծ գաղափարներ են պարունակում կամ պատկերազարդ են, կամ զորավոր՝ իբրև զգացմունքի արտահայտություն, զորօրինակ՝ գարուն, աշուն, ձմեռ, երկինք, արև, լուսին, ամպ։ Երգել դոցա աստիճանաբար ձայնաշարով։ Այդ կզարգացնի տարածության գաղափարը ու կլայնացնի ու կհեռավորի ձայնը»։
Երաժշտական դարձվածքներով, մեղեդիական հատվածներով կառուցված վարժությունները որպես երաժշտական միտք զարգացնում են երգչի երաժշտականությունը։ Երգչի ձայնը երաժշտական առաջադրանքներով մշակելը նրա գիտակցության մեջ ամրացնում է այն ամենակարևորը, ինչը ծայրահեղ անհրաժեշտ է երգային արվեստում․ դա երաժշտական պատկերացման և նրա ձայնային մարմնավորման կապն է, գեղարվեստական կատարման և տեխնիկայի կապը։
Կոմիտասը այդ լավ է գիտակցել, ուստի և հանձնարարել է ընտրել հատուկ խոսքեր, հատուկ ֆրազաներ, որոնք արտահայտ են խոր մտքեր ու հույզեր, որպեսզի օժանդակեն երգչի մեջ զարգացնելու և՛ երաժշտականությունը, և՛ միաժամանակ ձայնի հոսքի ճիշտ կազմակերպումը, տեխնիկան։
Բազմամյա մանկավարժական պրակտիկայում ես հետևում եմ այդ մեթոդին․ իմ վարժությունները կառուցված են երաժշտական ֆրազաներից, վերցված հենց Կոմիտասի ժողովրդական երգերից։ Այդ երգերը՝ հայ երգային արվեսի գոհարները՝ այնքան համոզիչ են, այնքան խորունկ և սրտառուչ, որ հատվածաբար, վարժությունների ձևով էլ վերցրած նկատելի օժանդակում են աշակերտների երաժշտական մտածողության զարգացմանը և միաժամանակ օգնում են նրանց ձայնի հոսքի ճիշտ ձևավորմանը, տեխնիկայի զարգացմանը։
Ամփոփելով ութ պատվիրանները, վերջին երկուսում՝ իններորդում և տասներորդում Կոմիտասն անցնում է կատարման տեխնիկային, ինչով, իսկապես ասած, և ավարտվում է երգչի ձայնադրման ուսուցումը։
Իններորդ պատվիրանն ասում է՝
9․ «Այս բոլոր աշխատանքից հետո փորձել աստիճանաբար ուժեղացնել և աստիճանաբար պակասեցնել ձայնը crescedo և decrescendo և ընդհատումներով երգել (staccato)։ Իսկ տասներորդը՝
10․«Մի ձայնանիշ առնել իբրև հիմնավոր և շուտ անցնել մի ուրիշ ելևէջի՝ ավելի բարձր կամ ավելի ցածր, և շունչի մեջը լեցնելով, ուժեղացնել մեկ նոտայեն մինչև մյուսը»։
Երգչական ունակությունները ամրապնդելու հիմնական աշխատանքը ավարտելով, Կոմիտասն իր իններորդ և տասներորդ պատվիրաններում անցնում է ձայնի հոսքը կազմակերպելու աշխատանքի վերջին փուլին՝ հնչյունի տեխնիկայի ավտոմատ տիրապետմանը, ձայնի ուժգնության ավելացման և պակասեցմանը, մեկ հնչյունից արագ մյուսին անցնելուն, երգչի ամբողջ ձայնածավալում դեպի վեր և դեպի վար թռիչքաձև շարժումներին, այսինքն այն խնդիրներին, որոնք ժամանակակից մանկավարժությունը ձևակերպում է այսպես՝ «Ձայնային ապարատը ենթարկել երգչի առաջ դրվող այն բոլոր պահանջներին, որոնք անհրաժեշտ են գեղարվեստական-կատարողական խնդիրներ լուծելու համար»։
Դժվար է չհիանալ մեծ Կոմիտասով, որը ի զորու էր այնքան իմաստուն կերպով խորամուխ լինել նաև երգեցողական արհեստի նրբին առանձնահատկություններին, երգչական ամեն մի կանոնի ճիշտ հիմնավորումը տալ և սեփական եզրահանգումներ անել, ու դրանք կուռ հաջորդականությամբ շարադրել իր «Տասն պատվիրաններ երգչին» աշխատանքում։ Այդ պատվիրանները համընկնում են Սովետական Միության մեջ աշխատող, ձայնի մասին ժամանակակից գիտության փորձով հարուստ, առաջատար վոկալիստ-մանկավարժների ասույթներին։
Մենք համոզված ենք, որ վոկալիստ մանկավարժները և խմբավարները, եթե խորանան Կոմիտասի պատվիրաններում շարադրված նյութի իմաստի մեջ և դրանք օգտագործեն իրենց մանկավարժական աշխատանքում, երիտասարդ երգիչներ և խմբավարներ դաստիարակելու գործում մեթոդական մեծ օգնություն կստանան։
Նպատակը՝ պահպանել և փոխանցել այս ահռելի ժառանգությունը հաջորդ սերունդներին։