Կոմիտասն առաջին հայ գիտնական երաժշտագետն էր,որին բախտ վիճակվեց կատարել հետևյալ աշխատանքները.
ա/ Հավաքել ու ներդաշնակել հայ ժողովրդական և հոգևոր եղանակները,
բ/Գիտականորեն լուսաբանել ժողովրդական և հոգևոր երգերը,նրանց ռիթմը,չափը,ամանակը
գ/Զեկուցումներ կարդալ նույն խնդիրների շուրջ
դ/Կազմակերպել երգեցիկ խմբեր,դպրոցներում պարտադիր դարձնել նոտագրության ավանդումը,
ե/Բարձր արվեստով կատարել հոգևոր և ժողովրդական երգեր
զ/Կազմել երաժշտական դասագրքեր,
է/Գրել և հրատարակել հոդվածներ երաժշտական խնդիրների շուրջ՝շեշտը դնելով հայ երաժշտական արվեստի վրա:
Ահա ինչպիսի անգնահատելի աշխատանք է կատարել Կոմիտասը մեր երաժշտության անդաստանում:Երաժշտական բազմակողմանի պատրաստականություն ունեցող արվեստագտեը մեզ է ներկայանում որպես մեծատաղանդ ստեղծագործող և խորագիտակ բանասեր-գիտնական:Նա առաջին երաժշտագետն էր,որ գիտական զննության լույսի տակ դրեց հայ ժողովրդական ու հոգևոր եղանակները:Նա էր,որ առաջին անգամ հետևողականորեն և մասնագետ-գիտնականի խորաթափանցությամբ նվիրվեց տեսական նշանակություն ունեցող խնդիրների ուսումնասիրմանը,խնդիրներ,որոնք լուսաբանման կարոտ էին մնացել և նոր հայեցակետերից էին բացում հայրենի երաժտության ազգային յուրակերպությունը,նրա բուն էությունը բնորոշող ոճային հատկանիշներ:
Մինչ Կոմիտասը ոչ մի հայ երաժշտագետ նման հսկայածավալ աշխատանք չի կատարել:Ձեռնարկելով պատմականորեն չափազանց պատասխանատու և արժեքավոր գործ՝Կոմիտասն այդ ոլորտում նախորդողը չուներ:Պարզ է,որ նա ամեն ինչ պետք է սկսեր սկզբից:Ձեռնարկելով հայկական ժողովրդական և հոգևոր երգերի ուսումնասիրությունը՝ նա մի կողմից զինված էր հռչակավոր երաժշտագետ-տեսաբանների մոտ ստացած խոր գիտելիքներով,մյուս կողմից ՝քաջ գիտեր արևելյան և հատկապես հայկական երաժշտությունը:
Որն է հայրենի երաժշտությունը,հայկական խազերը,հայ երաժշտության մետրոռիթմը,ոճային առանձնահատկությունները,հայ ժողովրդական ու հոգևոր երաժշտության ներքին կապն ու փոխհարաբերությունը,հայ գեղջուկի երգի ու պարի ուրույն հատկանիշները-ահա այն հանգուցային խնդիրները,որոնց պարզաբանմանը նվիրեց Կոմիտասն իր գիտությունը,իր երաժշտական բազմակողմանի հմտությունը:
Կոմիտասի տեսական ուսումնասիրությունները տարբեր ժամանակներում տպված են հայկական, գերմանական և ֆրանսիական հանդեսներում: Այդ ուսումնասի-
րություններից բացի արվեստագետն ունեցել է տեսական չհրատարակված աշխատություններ, որոնք, դժբախտաբար, չեն պահպանվել: Ժամանակակիցները հաստատում են, որ, իրոք, Կոմիտասի բավական հարուստ երաժշտական-տեսական ժառանգության մի մասը անդարձ, ՙՙկորել ՚՚ է: Ամենայն հավանականությամբ որոշ աշխատություններ արվեստագետի արխիվից անհետացել են նրա հիվանդության հենց առաջին շրջանում / 1916 թ. սկսած/: Մարգարիտ Բաբայանը կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանին հասցեագրված մի նամակում հիշատակում է. ՙՙ 1914 թ. հունիսին Փարիզում կայացավ միջազգային երաժշտական ընկերության հանրագումարը, որտեղ Կոմիտասն ահագին հաջողություն ունեցավ գիտական մարզի մեջ՝ իր երկու դասախոսություններով, մեկը՝ ժողովրդական երգերին, իսկ երկրորդը՝ հին խազերին նվիրված, և գեղարվեստական բաժնին մեջ՝ կազմակերպելով Փարիզի հայ եկեղեցին մեջ հոգևոր նվագահանդես հայկական եկեղեցական երեժշտության: Բնագրերը միասին թարգմանած էինք ֆրանսերենի խազերի ուսումնասիրությունը, զոր Կոմիտասը ներկայացրեց համագումարին: Ներկա գտնվող գերմանացի գիտնականները ընկերության անդամները, բոլոր այս նշանավոր նյութերը տարան իրենց հետ Գերմանիա: Մի ամսից պատերազմը ծագեց և այլևս անհնարին եղավ գտնել Կոմիտասի աշխատությունները: Պատերազմից հետո կրկնակի դիմած եմ Գերմանիա, բայց ոչ ոք այլևս չգիտեր, թե ինչ եղան այդ թանկագին ձեռատետրերը: Կոմիտասը Էջմիածնից Նիկողայոս Տիգրանյանին հետևյալ տեղեկություններն է տալիս իր մի նամակում.
ՙՙ Սիրելի Նիկողայոս Տիգրանյան, Սիրականը Թիֆլիսից դառնալուն պես հիշեցրեց խոստումս, որ իմ աշխատությունները քեզ ուղարկեմ: Չկարծես թե մոռացել էի, այլ սպասում էի արտատպության, ուստի այսքան ուշացավ , անցյալ օրը մեկն ստացա, մյուսը՝ ոչ. այլևս չհամբերելով՝ հենց ժողովածուի միջից պոկեցի և ուղարկում եմ քեզ այս երկուսը. Երկրորդը մի փոքր քաղվածք է այն մեծ աշխատության, որ եկող տարի լույս կտեսնի. Իմ ուզածի պես չեղավ տպվածը, ուստի մի քանի մանր- մունր սխալներ են սպրդել, որ ինքդ էլ կարող ես նկատել վերջապես ավելին չէի կարող սպասել մի գերմանացուց, որ հայոց լեզուն չի իմանում ևմեր պարերի մասին հասկացողություն անգամ չունի: Ես պատկերներ էլ տպել էի տվել, որպեսզի վերջը զետեղված երգերի օրինակներն ավելի դյուրըմբռնելի լինեն օտարների համար, ինչ – որ է, այդպես է եղել: Իմ նպատակն էր միայն մի թեթև ակնարկ ձգել տալ օտարներին մեր եղանակների նկատմամբ, որոնց որոժշտական կազմությունն ու տաղաչափությունը դեռ շատ բան կարող է ուսուցանել նոցա: Իմ ընտրած օրինակները մասամբ զուտ ժողովրդական, մասամբ էլ աշուղական ձևով կազմած և ապա ժողովրդականացած են: Ինչ երկարաց-նեմ, դու ինքդ էլ ես շատ լավ իմանում այդ: Մյուս աշխատություններս դեռ լույս չեն տեսել. Նոքա էլ կստանաս ժամանակին՚՚: Այժմ պատրաստ է տպագրության և կտպվի Փարիզում ՙՙՀայոց եկեղեցական ութն ձայնեղականները, նոցա դարձվածքները և ստեղները: Իսկ մեր երեժշտական ընկերության ժողովածուների մեջ լույս պետք է տեսնեն հայոց ժողովրդական երգեցողությունը, արտասանությունը, տաղաչափությունը. և պարզ են, թե ժողովրդական եղանակների հիմքը որտեղից է: Նոր մշակում եմ հայոց ժողովրդական հին և արդի դյուցազներգությունը և եկեղեցական խազերի պատմությունը՚՚:
Կոմիտասի սույն նամակում չի հիշատակված տարեթիվը, սակայն պետք է ենթադրել, որ նամակը գրված պետք է լինի 1902 թ: Հարկ է նշել, որ Կոմիտասի կողմից ակնարկված հոդվածները լույս չեն տեսել, դրանք անհետացել են և մեր երաժշտական մշակույթի տեսական մարզի գանձարանը անգնահատելի արժեքներից:
Նշեցինք, որ Կոմիտասը մեր ժողովրդական և եկեղեցական երգերի հմուտ գիտակն ու գիտականորեն խելամիտ ուսումասիրողն է եղել: Այդ աշխատանքի սկիզբը պետք է համարել 1894 թ: Նրա առաջին տեսական ուսումնասիրությունը՝ ՙՙՀայոց եկեզեցական եղանակները ՚՚ լույս տեսավ այդ թվականին: Մինչև Կոմիտասը և անգամ նրա երաժշտական գործունեության շրջանում երբեմն այնպիսի տեսակետ էր հայտնվում, որ իբր հայերս չունենք ինքնուրույն երաժտություն, որ մեր երգերն անգույն են, և ազդեցությունների ենթարկված: Գիտական և երաժշտական հիմքից զուրկ այս տեսակետը վերջնականապես ջախջախվեց 1914 թ, երբ Կոմիտասը, Փարիզի համաշխարհային երաժշտական կոնգրեսին կարդաց իր ծանրակշիռ զեկուցումները հայ երաժշտության մասին: Կոմիտասն իր ուսումնասիրությունների մեջ բազմաթիվ գիտական փաստերով ապացուցում է, որ չնայած մեր երաժշտութունը իր բնույթով արևելյան է , սակայն ինչպես բոլոր արևելյան ժողովուրդները, այնպես էլ մեր ժողովուրդն ունի իր ազգային ինքնատիպ երաժտությունը:
ՙՙ Մեր երաժշտությունն էլ,- գրում է Կոմիտասը,- յուր ամբողջ ազգային ովովն և ոճով նույնքան արևելյան է, որքան պարսիկ – արաբականը, բայց ոչ էլ մերը նրա մի մասն է: Ճիշտ այնպես, որպես մեր լեզուն հնդեվրոպականի մի ճյուղն է, այնպես են և պարսկերենը, քրդերենը, գերմաներենը և այլն, բայց մեր լեզուն ոչ՛ գերմաներեն, ոչ՛ քրդերեն,և ոչ էլ պարսկերեն է: Մեր և մյուս արևելյան եղանակների զանազանությունն այն է, որ նոքա քառյակի տարածությունը մեծացնում ենք մի պարզ քառյակ և նորա պարունակած ձայնամիջոցներն ենք փոխում կիսաձայնական գրությամբ. Պարսիկ, տաճիկ և արաբ երեժշտության մեջ գործում են նույնիսկ անգործնական ու անմիտ 1/3, 1/4 ձայներ անգամ: Չափական դրությունն էլ այլ է մերի մեջ՚՚:
Սակայն Կոմիտասը չբավարարվեց միմիայն հիշյալ թյուր տեսակետի ժխտումով: Նրա աշխատանքի ծանրության կենտրոնը դարձավ մեր ժողովրդական և հոգևոր երգերի ուսումնասիրությունը: Սա բոլորովին նոր, բարդ ու դժվարին աշխատանք էր Կոմիտասն իր առջև դրված բոլոր հանգուցային տեսական խնդիրները ուսումնասիրել է տարիներ շարունակ և նրա բոլոր պրպտումների միջոցով անցնում է գիտնականի խոհուն ու պայծառ միտքը: Կոմիտասի տեսական ուսումնասիրությունները, այս բնագավառում նրա վերլուծական դիտարկումները խոշոր ներդրում են մեր երաժշտագիտական մտքի զարգացման մեջ: Հայրենի երաժշտության տեսական խնդիրների շարքում Կոմիտասին հատկապես է զբաղեցրել հայկական խազագիտութ-յունը: Այս տեսակետից Կոմիտասը հավաստի հարուստ տեղեկություններ է տվել համաշխարհային այն երաժիշտ գիտնականներին, որոնք զբաղվել են ընդհանրապես խազագրությամբ:
Ստեղծագործող և տեսաբան- գիտնական Կոմիտասի անունը հայ պրոֆեսիոնալ երաժշտության պատմության ամենապայծառ էջն է, մեծագույն գագաթը: Կոմիտասի բեղմնավոր գործունեությամբ հայ պրոֆեսիոնալ երաժշտությունն ու երաժշտական միտքը բնակոխեցին զարգացման նոր փուլ: Հայ երաժշտական մշակութային նախանձախնդիր ամեն մի կոմպոզիտորի համար Կոմիտասի ստեղծագործությունը մի իսկական դպրոցն է, իսկ երաժշտագետի համար՝ ուղեցույց, որովհետև կոմիտասյան տեսական ժառանգությունը ճշգրիտ ուղենիշներ է գծում ազգայիչն երաժշտական արվեստի հետագա խոր ուսումնասիրման համար: Դա այն առատ և կենարար երաժշտական ակունքն է , որից միշտ էլ կարելի կլինի հարուստ նյութ քաղել:
Իբրև արվեստագետ՝ Կոմիտասը մշտապես սնվում էր ժողովրդական մելոսի կենարար հյութերով: Նա մեծ հավատք ուներ առ ժողովուրդն ու նրա ստեղծագործութ-յունը: Իր ոզջ էությամբ, ստեղծագործական հղացումներով նա ամուր կապված էր հայ գեղջկական վճիտ արվեստին: Ժողովրդական երգի ամեն մի ձայն, յուրաքանչյուր հնչյուն արձագանքում էր նրա հոգում:Կոմիտասը հայ շինականի հետ էր, մասնակից էր նրա վշտին և ուրախություններին, նրա նիստուկացին: Կոմիտասը՝ ստեղծագործող ժողովրդի զավակը, երբեք խույս չտվեց իրականությունից. նրա ստեղծագործական ուժը հենց այդ իրականությունն էր: Նա հատուկ նշանակություն էր տալիս ստեղծագործության գեղարվեստական ավարտվածությանը, ձևի կատարելությանը: Ըստ Կոմիտասի՝ ձևն ու բովանդակությունը ժողովրարդական արվեստում անբաժանելի են: Նա իր իմաստալից խոսքով, կենդանի գործով, իր ստեղծագործական հղացումներով խարազանում էր բոլոր նրանց, ովքեր դավանում էին ՙՙարվեստն արվեստի համար՚՚ սկզբունքը: Կոմիտասի՝ հայ մեծ դասականի երկերը խորապես բովանդակալից են, լի կյանքով, ջերմությամբ և հուզականությամբ: Նա երկնել է խորախոր ապրումներով և արվեստագետի նուրբ ճաշակով: Նրա երաժշտությունը շատ բան է ասում մարդկանց հուզելու արտասովոր ուժ ունի. Ահա որտեղ պետք է որոնել Կոմիտասի արվեստի արտակարգ ժողովրդականությունը:
Կոմիտասի մշակված թախծալի երգերում անգամ կա կենսուրախ և լավատես մի շերտ: Կարելի է տխրել, խոր ապրումներ ունենալ, բայց երբեք չհուսահատվել: Կոմիտասն իբրև արվեստագետ լավատես է այնպես, ինչպես իր ժողովուրդը, որի ստեղծագործությունը նա մշակել է ՝ այն դարձնելով համաշխարհային երաժշտության զարդերից մեկը: Կոմիտասի երաժշտությունն ունկնդրին շլացնում է արտահայտիչ մեղեդայնությամբ, երևակայության հարստությամբ: Ժողովրդական մեղեդիները խոլական ջրվեժի նման թափվում են ունկնդրի ներաշխարհը: Պարզ ու անպաճույճ են մեղեդիները, սակայն որքան գրավիչ թարմություն կա կոմիտասյան խմբերգերում ու մեներգերում: Հայ խոշորագույն երաժիշտը միայն քնարերգու չէ, միայն ինտիմ տրամադրությունները նրան չեն բավարարում: Նրա երաժշտական բնութագրումներն աչքի են ընկնում խտացված և ընդհանրացված գույներով, մարդկային տարբեր ապրումների խորունկ դրսևորումներով:
Կոմիտասի երաժշտական լեզուն պարզ է ու անմիջական, սակայն խորապես մարդկային: Բացառիկ աշխատունակությամբ օժտված բազմաշնորհ գեղարվեստագետը իր ստեղծագործական լայն թևերը տարածեց հայերենի երաժշտական մշակույթի բոլոր բնագավառների վրա: Կոմիտասն իր ժողովրդի պանծալի զավակներից մեկն է և հազարավոր թելերով կապված է հայ մշակույթին: Նա մեր երաժշտության մեջ կանգնած է Արարատի նման բարձր ու վսեմ: