Իր գործունեության սկզբից մինչև ստեղծագործական լիակատար հասուն շրջանը Կոմիտասի երաժշտության համար որպես նյութ է ծառայել ժողովրդական երգը։ Հայկական բազմաժանր ժողովրդական երգի մշակումը հանդիսացել է նրա ստեղծագործական աշխատանքի հիմնական մասը և դրան է նվիրել նա իր փայլուն տաղանդն ու անսպառ եռանդը, իր բոլոր ունակությունները։ Կոմիտասին որպես կոմպոզիտոր արժեքավորելիս նախ և առաջ պետք է նկատի ունենալ երաժշտական այդ «ատաղձը», որը հանդիսացել է նրա ներշնչման հիմնական աղբյուրը, որտեղից առատորեն նյութեր քաղելով, կերտել է գեղարվեստական բարձր արժեք ներկայացնող իր ստեղծագործությունները։
Կոմիտասի տարբեր ժամանակներում հավաքած և գրի առած «Ազգագրական ժողովածու» խորագիրն ունեցող ժողովրդական երգարվեստի իսկական հանրագիտարանը քննության առնելիս, առանց երկմտանքի, կարելի է գալ մի եզրակացության. Ժողովածուի մեջ Կոմիտասն այդ երգերը զետեղել է խստագույն ընտրությամբ՝ հաշվի առնելով իր հետագա ստեղծագործական նպատակադրումը։ Սխալված չենք լինի,եթե նրա «Ազգագրական ժողովածուի» մեջ զետեղված երգերը համեմատելու լինենք բնանկարչի կողմից տարբեր ժամանակներ կատարված այնպիսի էսքիզների և կամ էտյուդների հետ, որոնք ունեն հետաքրքիր կոմպոզիցիոն կառուցվածք, որոշակի բովանդակություն, բարեկազմ ձև և ներգործում են դիտողի վրա։ Կարելի է ասել Կոմիտասի գրի առած գողտրիկ ժողովրդական երգերը առանց ներդաշնակման էլ որոշակի գեղարվեստական արժեք ներկայացնող և ամենուրեք կատարվող ստեղծագործություններ են, սակայն դրանցից շատերը, երբ անցել են Կոմիտասի ստեղծագործ գրչի տակով, միանգամայն նոր որակ են ձեռք բերել, հանդես եկել արդեն որպես պրոֆեսիոնալ ինքնատիպ գունավորում ստացած, արտահայտչական միջոցներով հարստացված և բովանդակությամբ հագեցած, խորիմաստ և հուզական կերպարներ դրսևորող երաշժտական բարձրարժեք ստեղծագործույթուն, որն իր մեջ որպես հիմք պարունակում է այսպես կոչված ազգագրական տարբերակի նախնական եզրագծերը կամ մայր եղանակը։ Այսպիսի մեկնաբանությունը Կոմիտասին ներկայացնում է, բառի ամենալայն իմաստով, որպես՝ ստեղծագործող կոմպոզիտորի, ով կանգնում է իր կոչման բարձրության վրա և իրավացի կերպով դառնում է մեր աղգային երաժշտության առաջին կլասիկ կոմպոզիտորը, որի ժառանգությունը զարդարում է մեր երաժշտական կուլտուրայի գանձարանը։
Կոմիտասի խմբերգերի թիվը հասնում է մոտ 78-ի, որոնցից մի մասը դեռևս անտիպ է, որոնց պետք է ավելացնել 40-ից ավելի մեներգերը դաշնամուրի ընկերակցությամբ, դաշնամուրային 6 պարերը, «Պատարագ»-ը և հոգևոր այլ երգեր, «Անուշ» օպերայի երգային հատվածները (առանց նվագակցության), ուսումնական բնույթի վոկալ, դաշնամուրային և նվագախմբային, մեծ մասամբ միանիատյուր գործերը, «Քաղաքավարության վնասներ» (ըստ Հակոբ Պարոնյանի) երաժշտական պատկերների կլավիրը, չմոռանանք նաև «Վարդան» և «Սասմա ծռեր» օպերաների համար կատարած առանձին նշումները, որոնք, դժբախտաբար, ամբողջական ստեղծագործության որպես հատվածներ էլ չեն կարող դիտվել։ Այդ թեմաներով օպերա ստեղծելը նրա մոտ մնացել է սոսկ որպես նախնական մտահղացում։
Կոմիտասի ժառանգության մեջ շատ քիչ են այնպիսի ստեղծագործությունները, որոնց մեջ չեն օգտագործվել բուն ժողովրդական մեղեդիներ։ Հավհ. Թումանյանի խոսքերով ստեղծված, անգամ ինքնուրույն մեղեդի ունեցող գողտրիկ «Կաքավի երգի» մեջ իսկ անխուսափելիորեն զգացվում են ժողովրդական ստեղծադործության մելոդիկ կազմությունը, բնորոշ ինտոնացիոն, ռիթմիական և կառուցվածքային առանձնահատկությունները։
«Կաքավի երգն» իր կերպարային-գաղափարական բովանդակությամբ էլ էապես չի տարբերվում բուն ժողովրդական ստեղծագործությունից։ Բայց դրան հակառակ, ժողովրդական «Անտունին» և «Սիփանա քաջերը» («Լո, լո»), որոնց մեջ չափազանց խոր է դրսևորվել կոմպոզիտորի անհատական ստեղծագործական միջամտությունը, մնացել են դարձյալ, որպես՝ ժողովրդական երգեր՝ հանարվելով սոսկ մշակումներ։ Ուրեմն, երկու դեպքում էլ Կոմիտասն անդավաճան է իր ստեղծագործական սկզբունքներին և դրանից պարզ երևում է, թե նա օրգանապես որքան հարազատ ու մերված է իր փայփայած ժողովրդական ստեղծագործությանը։
Դրանում է Կոմիտաս-կոմպոզիտորի մեծությունը։ Իր ստեղծագործության բազմաթիվ թելերով և իր ողջ էությամբ նա այնքան հարազատ ու ամուր է զոդված, միախառնված հայ ժողովրդի՝ մասնավորապես հայ գեղջուկի դարավոր երաժշտական կուլտուրային, որ դժվար է սահմանազատել ժողովրդական երաժշտությունը Կոմիտասի սեփական ստեղծագործությունից ևհակառակը։ Ահա հենց այդ իմաստով էլ ժողովրդական երգերի կոմիտասյան գեղարվեստական մշակումները պետք է քննության առնել ոչ միայն որպես հայ ժողովրդական երաժշտության էսթետիկական խոր սկզբունքները մարմնավորող և նրա գաղափարական-կերպարային, լեզվական ու ոճական կարևորագույն արժանիքները իմաստավորող, այլև որպես Կոմիտասի ստեղծագործական ինքնատիպ անհատականությունը հաստատող կարևոր գործոն։
Կոմիտասի ինքնատիպ ստեղծագործական էությունը զբաղեցրել է ոչ միայն հայ, այլև ուրիշ ազգությունների պատկանող կոմպոզիտորներին և երաժշտական գործիչներին։ Ֆրանսիական նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին, հիանալով Կոմիտասի արվեստի թովիչ գեղեցկությամբ ու խոր բովանդակությամբ, հայտարարել է. «Եթե Կոմիտասը գրեր միայն «Անտունին», այդ էլ բավական կլիներ նրան խոշոր արվեստագետ համարելու»։ Դեբյուսին միայն խոսքով չի բավարարվել, նա բարձրացնելով Կոմիտասին, համայնացրել է նրա ստեղծագործությունը որպես հայտնություն, որպես երևույթ, որի նշանակությունը միայն անցողիկ հետաքրրքրություն չէ ։Դեբյուսին գտնում է, որ Կոմիտասը հայտնություն է, երաժշտական աշխարհում ուշագրավ երևույթ: Այս գնահատականը, անշուշտ, ճշմարիտ է, սակայն ճիշտ է նաև այն, որ Կոմիտասը «Անտունու» հետ միասին թողել է վոկալ արվեստի դասական բազմաթիվ այլ նմուշներ, որոնք այսօր էլ կարող են էսթետիկական մեծ հաճույք ու հիացմունք պատճառել նրանց, ովքեր հետաքրքրվում են հայկական ազգային երաժշտությամբ։ Հայ ժողովրդական նարվեստի վեհությունը մարմնավորող և միաժամանակ Կոմիտասի երաժշտական ցայտուն դեմքը որոշող ստեղծագործությունների թվին են պատկանում նաև «Գարուն ա», «Ծիրանի ծառ», »Չինար ես», «Քելեր, ցոլեր», «Հով արեք», «Կուժն առա», «Մոկաց Միրզա», «Կռունկ», «Կանչե կռունկ» և տասնյակ լիրիկական և էպիկական բնույթի մեներգեր, ինչպես նաև՝ «Առավոտուն բարի լուս», «Կալի երգը», «Լուսնակն անուշ», «Երկրագործի երգը», «Սոնա յար», «Անձրևն եկավ» և բազմաթիվ այլ հոյակապ խմբական ստեղծագործություններ։
Հայ ժողովրդական այս երգերը հանրահայտ են, և ավելորդ է ասել, թե իրենց մեղեդիներով և կերպարային բովանդակությամբ որքան գեղեցիկ են դրանք, որքան խոր ու կատարյալ։ Կոմիտասը՝ հայ ժողովրդական ստեղծագործության այդ լավագույն գիտակը, կարողացել է նկատել, հայտնաբերել, ստեղծագործական մշակման նյութ դարձնել ոչ միայն անվերջանալի գեղեցիկ, հմայիչ մեղեդիներ, որոնք պերճախոս կերպով վկայում են հայ շինականի երաժշտական – ստեղծագարծության շնորհքի մեծության մասին, այլև ըստ բովանդակության ընտրել է ժողովրդական այնպիսի ստեղծագործություններ, որոնցում ժողովրդի կյանքը և նրա հոգեկան աշխարհը դրսևորված են բազմակողմանի ու լրիվ կերպով։
Կոմիտասի ժառանգությունը, ներառյալ նաև նրա հիասքանչ դաշնամուրային պարերը վկայում են նրա ստեղծագործական ընդգծված անհատականությունը, նրա ինքնատիպ կոմպոզիտորական դիմանկարն իր ողջ գրավչությամբ, որը պայմանավորված է, ոչ միայն ժողովրդական երաժշտության իմացությամբ, այլև այն համարձակ նորարարությամբ, որ Կոմիտասը հանդես բերեց երաժշտական- արտահայտչական միջոցների ընտրության և գործադրման ասպարեզում։ «Ժողովրդից սովորելով ձայնի առոգանությունը,- գրում է մի առիթով Կոմիտասը,-ձեռնարկեցի եկեղեցական և ժողովրդական մի քանի պարզ եղանակներ բազմաձայնի վերածել, յուրաքանչյուր ձայնի համար գործածելով միայն ազգային ոճ, ազգային ձև և ազգային տաղաչափություն։
Կոմիտասյան երգարվեստի լավագույն նմուշները հաստատում են հայկական ժողովրդական երգի ներդաշնակման գործում նրա կատարած աշխատանքի իսկական ստեղծագործական բնույթն ու էությունը։ Նրա ներդաշնակումը նոր իմաստավորում է տալիս ժողովրդական երգին՝ ստեղծելով նոր որակ, մի նոր բովանդակություն. Այդպիսին են նրա մշակած գրեթե բոլոր երգերը։
Կոմիտասի համար հայ երաժշտությունը համամարդկային երաժշտական կուլտուրայի մի բաղկացուցիչ մասն է իր ազգային ինքնատիպ առանձնահատկություններով, հետևաբար այդ արվեստը պետք է հասկացվի, ընկալվի բոլոր ունկնդիրների կողմից՝ անկախ նրանց ազգային պատկանելիությունից։ Կոմիտասը դա իրականացրեց իր խորաթափանց մշակումներով, և դա էր պատճառը, որ օտարերկրացիները լսելով նրա հոգեզմայլ երգերը, հավասարապես հուզվում են, զգացվում, հոգու ամբողջ էությամբ կլանվում կոմիտասյան վարպետությամբ ներկայացված հայկական մեղեդիների թովիչ գեղեցկությունով և սրտի բուռն զգացումով ակամա բացականչում՝ «Այս ինչ երաժշտություն էր, որ ամբողջ էությունս տակն ու վրա արավ. Երբեք չպիտի մոռանամ նրան»։
Վերլուծելով Կոմիտասի ստեղծագործությունները՝ դրանք պատկերացում են տալիս նրա տաղանդի ու կոմպոզիտորական դիմանկարի մասին։
«Կալի երգը» իր մելոդիկ գրավչությամբ, գաղափարական ու գեղարվեստական հագեցվածությամբ, մշակման բացառիկ վարպետությամբ և մասնավորապես իր կոմպոզիցիոն կառուցվածքով մի անբողջական ու ընդարձակ պատկեր է, նրա թեմատիկ մշակումը, ձայնատարման իմաստավորված ինքնատիպությունը, ձևի կատարելությունը և աևտահայտչականության բացառիկ խորությունը՝ նրան և նրա ստեղծողին իրավամբ դասում են մեր երաժշտական կլասիկայի առաջին շարքերը։
«Կալի երգը» պարզ հասկացողությամբ մեկ երգ չէ, դա միմյանց լրացնող չորս-հինգ առանձին ժողովրդական երգերի գեղարվեստական օրգանական համակցություն է՝ կատարված Կոմիտասի ձեռքով, և հազիվ թե սովորական ունկնդիրը կարողանա նկատել կոմպոզիտորի ստեղծագործական այդ «գաղտնիքը»։
«Կալի երգը» քարից հաց քամող հայ աշխատավոր գյուղացու երաժշտական կերպարի վառ դրսևորումն է, հայ աշխատավոր գյուղացու, հայ ժողովրդի պատմական ապրելակերպի յուրատեսակ գեղարվեստական ընդհանրացումը։ Քառաձայն խառը խմբի համար գրված այդ ստեղծգործությունն առաջին անգամ կատարվել է Էջմիածնում, որից հետո Թբիլիսիում ՝ 1905 թ. կազմակերպված հեղինակային համերգում՝ արական խմբի կազմով։ Այդ համերգին սոպրանոյի մասը երգել են դիսկանտները (տղաների բարձր ձայները), իսկ ալտերի մասը՝ տղաների ցածր ձայները։
«Գութանի երգը» քառաձայն խմբերգ է, գյուղական կյանքի երաժշտական պատկեր դրսևորող, աշխատանքի թեմային նվիրված ստեղծագործություններից մեկը, առաջին անգամ Էջմիածնից դուրս կատարվել է Թիֆլիսում տված նրա համերգում՝ 1905 թ.։
«Գութանի երգը» ընդամենը ութ տակտի սահմաններում ծավալվող, արտահայտիչ մեղեդի ունեցող ստեղծագործություն է, որտեղ հիանալի կերպով օգտագործված են երգչախմբի կատարողական հնարավորությունները։ Խմբերգի խրոխտ, առնական բնույթը և «լիաթոք» հնչողությունը գլխավորապես պայմանավորված են նրանով, որ ըստ էության մինոր մեղեդին Կոմիտասը մաժոր ներդաշնակում է տալիս և ավարտելիս էլ մեղեդին վերջնականապես հաստատումէ մաժոր լադում, այս միջոցով երգի գաղափարական բովանդակությունն ավելի խորացվում է։
Հայտնի է, որ լիրիկական ժանրի երգերը զգալի տեղ են գրավում Կոմիտասի խմբական ու մեներգային ստեղծագործությունների մեջ։ Հայ ժողովրդական լիրիկական երգերի անսպառ գանձարանից առատորեն նյութեր քաղելով՝ մեծանուն կոմպոզիտորը հսկայական ժառանգություն է թողել մեզ նաև այդ ժանրի ստեղծագործություններից։ Լիրիկական ժանրի երգերի օրնկներից է «Գարուն ա» վեցձայն խմբերգը, որ առաջին անգամ կատարվել է Թիֆլիսում տված նրա հեղինակային համերգում՝ 1905 թ.։
«Գարուն ա» խմբերգն իր տրամադրությամբ առանձնանում է Կոմիտասի մյուս սիրային-լիրիկական երգերից։ Դա դրամատիկական բարձր լարվածություն պարունակող ստեղծագործություն է, ուր լիրիկական կերպարի զարգացումը մարդկային խորագույն ապրումներ և հույզեր դրսևորելով հասնում է ողբերգական հնչողության։
«Գարուն ա» երգը մշակված է նաև մեներգի համար։ Եթե դաշնամուրի ընկերակցությամբ մեներգի մեջ կոմպոզիտորը խուսափել է լադա-տոնայնական լայնացումից, ապա խմբական մշակման մեջ նա ժողովրդական մեղեդիի երկրորդ նախադասության զարգացումից ելնելով, ներդաշնակցությունը դուրս է բերում հիմնական լադից՝ ժամանակավորապես նրան տալով մաժոր գունավորում։
Կոմիտասի գրչին են պատկանում պայծառ լիրիկական բազմաթիվ մեներգերու խմբերգեր, որոնք սերտորեն կապված են հայրենի բնության կերպարների հետ և դրանք հանդես են գալիս՝ որպես իրար հետ միահյուսված ամբողջություն։ Բնությունն ու հայ շինականը Կոմիտասի ստեղծագործական էության մեջ անբաժանելի հասկացողություն են. «Շինականը բնության գրկում, բնությունը շինականի սրտում»,-գրում է Կոմիտասը.«Գեղջուկը բնության հարազատ զավակն է, ուստի նա ճաշակել է բնության բոլոր գեղեցկություններն իր բովանդակ հոգով ու սրտով»։ Բնության և հայ գեղջուկի այդ միասնությունը յուրատեսակ հնչյունային կերպարների միջոցով լայնորեն անդրադարձված է պոլիֆոնիկ ոճով գրված «Լուսնակն անուշ» երգում, որը մարմնավորում է հայրենի բանշխարհի գեղեցիկ ու անբռնազբոս մի հրաշակերտ տեսարան։
«Լուսնակն անուշ» խմբերգը Կոմիտասի ստեղծագործական փայլուն տաղանդն հսատող գործերից է, առաջին անգամ կատարվել է Թիֆլիսում տված նրա հեղինակային համերգում՝ 1905 թ.։ Ընդամենը երեք տակտից բաղկացած այդ երգը զարմանք և հիացմունք է պատճառում ունկնդրին՝ տրամադրության ամբողջականությամբ։ Սա վարպետորեն գծագրված յուրատեսակ երաժշտական պեյզաժ է՝ գիշերային անվրդով բնությունը գովերգող մի քնքուշ մեղեդի, որի ծորուն հնչյունները միախառնվելով խմբի տարբեր ձայներից ստեղծված սահուն հնչյունապատկերներին։ Բոլոր ձայներն ինքնուրույն են, հստակ գծագրված, ընդհանուր առմամբ «Լուսնակն անուշ» խմբերգը նույնպես Կոմիտասի պոլիֆոնիկ վարպետության բարձրագույն դրսևորումներից մեկն է։
Կոմիտասի ծիսական-կենցաղային ժանրի ստեղծագործություներից է «Առավոտուն բարի լույս» խմբերգը, որի նախնական տարբերակը «Ազգագրական ժողովածու»-ում «Լորիկ» վերնագիրն է կրում։
«Առավոտուն բարի լույսը» հայկական ժողովրդական երգարվեստի ինքնաբուխ, իմպրովիզացիոն բնույթի փայլուն նմուշներից մեկն է, որն աչքի է ընկնում նաև իր մեծ ծավալով։ Կենսականորեն հյութեղ, ժողովրդական ուրախ տոնախմբության՝ հարսանիքի գունագեղությունը դրսևորող այդ երգն արդեն իր բնական վիճակում ունի բազմաձայնության որոշակի տարրեր։ Մեղեդիի լադային կառուցվածքը բավական հարուստ է։ Կոմպոզիտորն այդ օգտագործելով անընդհատ զարգացում է տվել իր բարձրարվեստ ստեղծագործությանը։ Ընդհանուր առմամբ դա հոյակապ պատկեր է, որտեղ իր գեղարվեստական լիարժեք մարմնավորումն է ստացել ժողովրդական կենցաղի գեղեցկությունը։
Ժողովրդական պարերգերից է ծնունդ առել նաև, իր ավարտվածությամբ, խմբերգային փայլուն մշակվածությամբ ու հոյակապ հնչեղությամբ առանձնապես ուշադրության արժանի, տղայի ու աղջկա մեներգերով համեմված ութ ձայնի համար գրված «Սոնա յար» ձայնային խմբերգը։ Այս խմբերգում մայր մեղեդին՝ իր ձայնից ձայն անցումներով և խմբի ուղեկցող ձայներն իրենց վառ հնչողությմաբ ստեղծում են տոնական հանդիսավորությամբ համակված երաժշտական մի դյութիչ պատկեր։ Առկա է նաև երաժշտական գործիքների յուրօրինակ նմանողություն, որի շնորհիվ «Սոնա յար»-ը հանդիսավոր քայլերգի բնույթ է ստանում։
«Սոնա յար» ժողովրդական պարերգի փոքրիկ թեման հարստացվել, նոր և հագեցված բովանդակություն է ստացել Կոմիտասի ստեղծագործական վառ երևակայության և գեղարվեստական խոր ներշնչման շնորհիվ։
Թերևս «Սոնա յար»-ի այդ ցնծագին, ուրախ բնույթը կոմպոզիցիոն կուռ կառուցվածքն է, որ հրապուրել է Ալ. Սպենդարյանին, որն իր «Ալմաստ» օպերայում ժողովրդի ու Թաթուլի հանդիպման տեսարանում նույն երգի թեման օգտագործել է որպես հաղթանակի, ցնծության և ժողովրդական ուժի հզորության թեմա, որը հնչում է օպերայի երկրորդ գործողության մեջ։ Զգալով նրա արվեստի ռեալիստական մեծ ուժը, հմայքն ու գեղեցկությունը, Ալ. Սպենդարյանը մի առիթով իր հիացմունքն է արտահայտել՝ Կոմիտասին դասելով իր ուսուցիչների դասին։
Կոմիտասի երգային ժառանգության մեջ ոչ պակաս կարևոր տեղ են գրավում սոցիալական թեմատիկայով երգերը, որոնցում դրսևորված են աշխատավոր ժողովրդի տնտեսական ծանր վիճակը, օտարության մեջ տառապող հայ պանդուխտի հայրենիքի կարոտը։ Սովորաբար դրամատիկական բնույթի այս երգերը գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում։
«Անտունին» մեր երաժշտական գրականության այդ ժանրի ամենափայլուն, հոգեբանական խորությամբ առանձնապես աչքի ընկնող ստեղծագործությունն է, որի վրա հստակ կերպով դրոշմված է Կոմիտասի ստեղծագործական վառ անհատականությունը։
«Անտունին» մեր ժողովրդի կողմից ստեղծված, բայց Կոմիտասի ձեռքով զարգացված և բարձր կատարելության հասցված մոնումենտալ մի գործ է, որի մեջ պատկերված է հայ աշխատավոր գյուղացու, անօթևան, անտուն օտարականի հարազատ օջախի ավերմունքը, թշվառությունը, համաժողովրդական վշտի ու ցասման նրա բուռն զգացումը։
«Անտունի» երգում դրված կերպարը հիշեցնում է ամբողջ հայ աշխատավոր ժողովրդի պատմական բախտն ու ճակատագիրը, դա տառապած հայ ժողովրդի հավաքական կերպարն է իր ահավոր ողբերգությամբ, որն, ի վերջո, ստեղծագործության մեջ ստանում է բողոքի ու ցասման արտահայտություն, դա հենց ինքը Կոմիտասն է՝ ներկայացված մեծ կոմպոզիտորի ստեղծագործության կենսական ճշմարտացիությամբ։
«Անտունի» երգի տեքստը իրենից ներկայացնում է ժողովրդական բանահյուսության մի փայլուն նմուշ, որտեղ աչքի է ընկնում ոչ միայն բովանդակության խորությունը, այլև բանաստեղծության պատկերավորությունն ու հարստությունը։ Դա մի հանճարեղ կերտվածք է, որ առանց երաժշտության էլ խորապես ներգործում է իր կերպարի բացառիկ հուզականությամբ ու ճշմարտացիությամբ։
«Անտունի» երգի նվագակցությունը Կոմիտասի ստեղծագործական ամենացայտուն հնարամտություններից մեկն է և դա դարեր շարունակ գրավել է հետազոտողների ուշադրությունը։ Երգը իր գաղափարական և գեղարվեստական բարձր արժանիքներով հայ երաժշտական կուլտուրայի գանձարանի ամենաարժեքավոր ու փայլուն զարդերից մեկն է։
Միայն «Անտունի»-ով չի սահմանափակվում Կոմիտասի երգերի այս ժանրը։ Համաժողովրդական վշտի, պանդխտության, հայրենիքից զրկված հայ մարդու խոհերն ու տրամադրություններն իրենց վառ արտահայտությունն են գտել նաև Կոմիտասի այլ երգերի մեջ, դրանցից՝ «Անտունի»-ից հետո, պետք է հիշատակել «Կռունկը», որ աշխարհի բոլոր մասերում ապրող հայերի սիրած սրտագին երգերից մեկն է և, որպես՝ թևավոև թռչուն կտրել ու անցել է ծովեր, մայրցամաքներ, բույն դրել ամեն տեղ, ուր ապրում են լոկ մի քանի հայ, ու այդ ստեղծագործությունը դեռ շատ հայ սրտեր պիտի հուզի։
«Կռունկ» երգն իր մելոդիկ հուզականությամբ ու գրավչությամբ նույնքան սիրելի է նաև օտարների համար։ Այրող ցավով են տոգորված պանդուխտի խոսքերը «Կռունկի» մեջ, որտեղ կռունկին դիմելով տարագիր հայը պատմում է իր տառապանքները։ Նույն տրամադրությունն արտահայտող սրտառուչ ստեղծագործությունների թվին են պատկանում նաև «Կանչե կռունկ» երգը, որի հայրենակարոտ, ողբերգական բովանդակությունը դրսևորում է օտարության մեջ ընկած, հայրենի «արնոտ սարերը» թախծոտ մարդկանց հոգեկան տրամադրությունը, նրանց կարոտագին խոհերն ու զգացմունքները։
«Կանչե կռունկ» երգում հայրենիքի սիրո թեման արդեն միահյուսվում է լիրիկականին։ Բնորոշ է, որ սիրած աղջկանից հեռանալու ցավն առանձին սրությամբ ու դրամատիզմով է հնչում պանդուխտի գարնանային երգերում։
Կոմիտասի ստեղծագործական ժառանգության անգնահատելի արժեքների շարքին է պատկանում նաև «Ծիրանի ծառ»-ը, որի մեջ որոշակի կերպով հնչում են սոցիալական մոտիվները։
Այս երգում ևս երևում է ժողովրդական նյութի ընտրության հարցում կոմպոզիտորի նուրբ ճաշակը, դրա հետ միասին՝ ընտրված «ատաղձին» համապատասխան ձև ու բովանդակություն տալու մեջ նրա ներգործոն միջամտությունը։
«Ծիրանի ծառ»-ը իր ծավալով բավական ընդարձակ է՝ բաղկացած հայ ժողովրդական երեք երգերի միացումից՝ «Ծիրանի ծառ», «Հատվեք, ետ տվեք», «Հով, հով, հովն ընկավ»։ Լադային տեսակետից բավական հարուստ, կազմությամբ բարդ ու հետաքրքրական մի ստեղծագործություն է դա, որի մեջ նույնպես ակներև են կոմիտասյան մշակման յուրօրինակ սկզբունքներ։
Կոմիտասի ստեղծագործական դիմանկարի ամբողջականության տեսակետից էական են «Ծիրանի ծառ»-ի թե’ մեներգային, թե’ խմբերգային մշակումները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն արժեքը մեր երաժշտական գրականության մեջ։
Կոմիտասի գրչին պատկանող էպիկական-հերոսական բնույթի վոկալ ստեղծագործությունների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում «Սիփանա քաջեր» խմբերգային ծավալուն կոմպոզիցիան՝ իր ձևի կառուցվածքով և մշակման սկզբունքով։
Իր բովանդակությամբ ու արտահայտչական միջոցներով չափազանց հետաքրքիր այդ ստեղծագործության մեջ Կոմիտասը դուրս է գալիս ժողովրդական երգի սահմաններից և կերտում հայրենասիրական ոգով տոգորված երաժշտական ընդարձակ պատկեր։ Վարպետորեն օգտագործելով հայկական ժողովրդական քաղաքատիպ երգերի բնորոշ ինտոնացիաները, գեղարվեստական բարձր կատարելության հասցված այդ օրինակով Կոմիտասը ժամանակին ցույց է տվել, որ միանգամայն հնարավոր է դուրս գալ ժողովրդական երգի քառյակային երգի կառուցվածքի շրջանակներից և ժողովրդական թեմաների ամբողջականությունը պահպանելով, նրանց զարգացնելով, ստեղծել ավելի մեծ, լայնաշունչ գործեր։ Միաժամանակ «Սիփանա քաջեր»-ում Կոմիտասը զարգացնում է մեր ժողովրդական երաժշտության հերոսական մոտիվները։
Էպիկական թեմայով ստեղծված երգերի թվին է պատկանում նշանավոր «Մոկաց Միրզա»-ն։
«Մոկաց Միրզա»-ն իր տեսակի մեջ, որպես՝ մեր մոնոդիկ երգի կլասիկ օրինակ, բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում։ Հայտնի է, որ հայ ժողովրդական բանահյուսության մեջ զգալի տեղ է գրավում բազմահարուստ էպոսն իր զանազան ճյուղավորումներով։ Չնայած դրան, դժբախտաբար, մեր երաժշտական ֆոլկլորում էպիկական բնույթի ստեղծագործության նմուշները շատ քիչ են պահպանվել, դրանց լավագույն օրինակն է, ահա, «Մոկաց Միրզա»-ն, որը որպես ժողովրդական-էպիկական ստեղծագործության փայլուն նմուշ մեզ հասել է Կոմիտասի հոյակապ կատարման ձայնագրությամբ, որը մեծ խմանքով նոտաների է վերածել երաժշտագետ Մուշեղ Աղայանը՝ ամենայն ուշադրությամբ պահպանելով Կոմիտասի կատարման նրբերանգները։ Դա ներգործոն մեծ ուժով օժտված մեղեդի է։ Այդ երգի կոմիտասյան մշակումը ավարտված վիճակում դժբախտաբար մեզ չի հասել։
Կոմիտասը օպերայի արվեստի բնագավառում ստեղծագործական լուրջ պրպտումներ է կատարել, մտահղացումներ է ունեցել, որոնք իր դժբախտ ճակատագրի և բազմաթիվ այլ պատճառներով լիովին չեն իրականացել։ Հայտնաբերված Կոմիտասի օպերային ստեղծագործությունների հատվածները, սևագիր նշումները և այլ փաստաթղթեր վկայում են, որ նա ոչ միայն մտադրված է եղել աղգային օպերա ստեղծելու, այլև որոշակի քայլեր է արել այդ ուղղությամբ։
«Անուշ» օպերա
Հրապարակի վրա եղած նամակների, Կոմիտասի պահպանված ձեռագրերի ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ըստ էության այդ օպերայից որօես ամբողջական հատվածներ շատ քիչ բան է հասել մեզ։ Այդ նյութերը վկայում են, որ Կոմիտասը դեռևս 1904 թ-ից, իրեն հատուկ ստեղծագործական մեծագույն ոգևորությամբ, ձեռնամուխ է եղել Հավհ. Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա օպերա գրելու աշխատանքին։
Ինչպես շատ հայ երաժիշտների, այնպես էլ՝ Կոմիտասին առաջին իսկ ընթերցումից խորապես հուզել ու հրապուրել է այդ ստեղծագործությունը, բնականաբար, նա չէր կարող անտարբեր անցնել հայ գյուղական կյանքը պատկերող այդ հոյակապ պոեմի կողքով։ Այդ թեմայով օպերա ստեղծելու միտքը Կոմիտասին զբաղեցրել է մի քանի տարի շարունակ։
Առաջին հիշատակությունն այն մասին, որ Կոմիտասը մտադիր է «Անուշ» օպերա գրելու, մենք հանդիպում ենք իշխանուհի Մարիամ Թումանայանին ուղարկած Կոմիտասի 1904 թ-ի հունվարի 22-ի նամակում, որում երևում է, որ նա հաճույքով է կարդացել Հավհ. Թումանյանի հմայիչ «Անուշ»-ը. Նա որոշ դիտողություններ է անում օպերայի լիբրետոյի նախագծի մասին և խնդրում այդ ամենը իրազեկ դարձնել պոետին։ Իր ցանկությունները հայտնելուց հետո, Կոմիտասը միաժամանակ խնդրում է, որքան հնարավոր է շուտ պատրաստել լիբրետոն, որպեսզի նա երաժշտության ծրագիրը մշակի։
Հետաքրքրական է նաև անվանի գրող Դերենիկ Դեմիրճյանի վկայությունը։- «Մի տարի անց, գնալով Էջմիածին, այցելեցի Կոմիտասին։ Հնադարյան խուցի մեջ, կիսամութ սենյակում դրած էր նրա ֆիզհարմոնը։ Նա ցույց տվեց իր ուսումնասիրությունները հայկական հին ձայնանիշների մասին, իր նյութերն ու գյուտերը։ Հիշում եմ նրա հատվածները «Անուշ» օպերայից, որի վրա աշխատում էր։ Նա երգեց Սարոյի և Անուշի հանդիպումը՝ «Ասում են ուռին»-ը։ Արիաներն օրգանապես ծնունդ էին ժողովրդական երգի և զարմանալի պարզ իրենց գեղեցկության մեջ։ Ինձ հետաքրքրում էր ժողովրդական դիալոգը և ռեչիտատիվը»։
Այսինքն, դեռևս՝ 1905 թ. արդեն որոշ հատվածներ ու արիաներ Կոմիտասի «Անուշ» օպերայից գոյություն են ունեցել։ Դերենիկ Դեմիրճյանի այն տպավորությունը, որ «Անուշ» օպերայի «արիաները օրգանապես ծնունդ էին ժողովրդական երգերի և զարմանալի պարզ իրենց գեղեցկության մեջ», իրոք հաստատվում է պահպանված մեղեդիների խորապես ժողովրդական բնույթով։ Այդ է վկայում նաև 1905 թ. մարտի 3-Մարիամ Թումանյանի նամակն ուղղված Կոմիտասին, որտեղ նա խնդրում է կոմպոզիտորին՝ Թիֆլիս գալիս իր հետ վերցնել «Անուշ» օպերայի արդեն պատրաստ հատվածները. «Ես շատ ուրախ եմ,-գրում է նա-որ հնարավորություն կունենամ Ձեզ հետ ծանոթանալու և խոսելու «Անուշ» օպերայի մասին։ Եթե կարելի է, Ձեզ հետ բերեցեք ձայնագրած կտորները, ասում են, շատ հաջող են դեւրս եկել»։
«Անուշ» օպերայի ստեղծման ընթացքի մասին մեր տեղեկությունները լրացնում է նաև Կոմիտասի նամակն՝ ուղղված Հովհ. Թումանյանին։ 1908 թ. մայիսի 24-ին Էջմիածնից գրած Կոմիտասի նամակում կարդում ենք.«Ախպեր, վաղուց է սկսել եմ և բավական բան գրել քո Անուշից, բայց դեռ պակասավոր բաներ շատ կան, որպեսզի մի ամբողջություն դառնա։ Այս գիրս առնելուն պես գրիչդ կառնես և ինձ մի դրական բան կգրես։ Այս ամառվա արձակուրդներին պետք է զբաղվեմ առավելապես «Անուշ»-ով։ Գրիր, թե երբ կարող ես մի քանի օրով ինձ մոտ հյուր գալ և այստեղ միասին վերջացնենք, և հանգիստ շարունակեմ, ամեն անգամ երբ տրամադրությունս տեղն է, ձեռքերս թուլանում են, որովհետև երգին հարմարեցրած չեն, դեռ բաներ ու պակասներ էլ կան»։ Այդ նամակը գրելուց մոտավորապես 15 ճր հետո՝ հունիսի 8-ին, դարձյալ Հովհ. Թումանյանին ուղարկած նամակում Կոմիտասը գրում է, որ ինքը որոշել է ամառն անցկացնել Էջմիածնում, բակց «Անուշ»-ի լիբրետոն լրացնելու նպատակով բանաստեղծի հետ միասին աշխատելու համար պատրաստ է մի տաս օրով մեկնել Դիլիջան, իսկ 1909 թ. փետրվարի 14-ին Մարիամ Թումանյանին ուղարկած նամակում Կոմիտասն իր աշխատությամբ ոգեշնչված, գրում է, որ «Անուշ»-ը հաջողությամբ առաջ է գնում, գրել է մի քանի նոր հատվածներ։ Սակայն նա վշտացած, նույնիսկ շփոթված է Հովհ. Թումանյանի բանտարկությամբ, այնուհետև Կոմիտասն այդ նույն նամակում դառնագին գանգատվում է, որ «…էլի կիսատ մնաց «Անուշ»-ի երգական խմբագրությունը», սակայն հետագա ստեղծագործական տարիները այնպես դասավորվեցին, որ ոչ միայն «Անուշ»-ի երգական խմբագրությունը կիսատ մնաց, այլև օպերայի պատրաստի հատվածները ցրիվ եկան աշխարհով մեկ և միայն հետագա տարիների ընթացքում, կոմպոզիտորի այլ ձեռագիր-նյութերի հետ ի մի հավաքվեցին Հայաստանում։
Ինչպես նշում է երաժշտագետ Գ. Տիգրանովը, Կոմիտասը խորապես գիտակցում էր օպերային արվեստի գեղարվեստական-հասարակական խոշոր դերն ու նշանակությունը՝ պարզ պատկերացնելով ժողովրդայնությունն օպերային արվեստի մեջ, և այդ տեսակետից միանգամայն տրամաբանական և հասկանալի է դառնում Կոմիտասի ստեղծագործական մերձեցումը ռուսական օպերային կլասիկների էսթետիկական սկզբունքներին։
Տեղեկություններ կան, որ Կոմիտասն աշխատել է նաև ուրիշ օպերաների վրա։ Մեզ են հասել հեղինակի «Քաղաքավարության վնասները»՝ ըստ Հ.Պարոնյանի, կոմիկական օպերայի էսքիզները։ Պահպանվել են երկու պատկեր՝ «Կոշկակարի մոտ», «Պանդոկում» և երրորդ պատկերի սկիզբը։ Մեզ հասած էսքիզները հնարավորության չեն տալիս դատելու, թե ավարտման ինչ աստիճանի է հասցրել Կոմիտասն այդ օպերան։ Բայց ինչպես վկայում է Հ. Աճառյանը, Էջմիածնում, կոմպոզիտորի բարեկամների նեղ շրջանակներում, սիրողների ջանքերով երկու պատկեր է բեմադրվել այդ օպերայից, գլխավոր դերը կատարել է ինքը՝ կոմպոզիտորը, ներկա գտնվողներին զարմացնելով իր երգիծական շնորհքով։ Աճառյանը հիշատակում է նաև, որ ներկայացումը հարոցել է հոգևորականության այրույթը։
Հայտնի է, որ Կոմիտասը մտադիր է եղել գրելու օպերա նաև «Սասմա ծռեր» էպոսի նյութով։ Աբեղյանը վկայում է, որ Կոմիտասը նույնիսկ արդեն սկսել էր իր աշխատանքը այդ օպերայից։
Կոմիտասի հայրենասիրական «Վարդան» օպերայի մանրամասն պլանից բացի պահպավնել են նաև մի քանի էսքիզ, մեծ մասամբ ասերգեր՝ ռեչիտատիվներ։
Բոլոր օպերաները մնացին անավարտ։
Կոմիտասի գործունեությունն ընթանում էր շատ ծանր պայմաններում. Չկային ազգային օպերայի սրադիցիաներ, պրոֆեսիոնալ երաժշտական թատրոններ, երաժշտական կոլեկտիվներ, դրան էլ ավելացնենք հոգևորականության հալածանքները, ինչպես նաև այն, որ Կոմիտասը, ստեղծագործականից բացի, իր ժամանակի մի զգալի մասը հատկացնում էր երաժշտական-հասարակական լարված գործունեությանը, ապա պարզ կլինի, թե որքան քիչ էին նրա սքանչելի մտահղացումների և մղումների իրականացման հնարավորությունները։ Դա է վկայում այն, որ 1909 թ. իր սենյակում դաշնամուր տեսնելով՝ Կոմիտասն իր բարեկամներին հայտնում է այդ ուրախալի փաստը՝ դա մի իսկական տոն համարելով։ «Աչքերիս չեմ հավատում, որ վերջապես ես էլ մարդահաշիվ եմ դառնում, հարմարություն ունեմ աշխատելու, էլի աշխատելու»։
Ցավալի է, որ նյութական ծանր պայմանները կոմպոզիտորին հասցրին այնտեղ, որ նա մեծ զրկանքների գնով կարողացավ հրատարակել իր ստեղծագործությունների մի փոքրիկ մասը միայն։ Կոմիտասը մեկ անգամ չէ, որ գրել է իր հետազոտությունների ծավալը սեղմելու, կրճատելու անհրաժեշտության մասին, որպեսզի կարողանա իր համեստ միջոցների ներածին սահմանում լույս աշխարհ հանել արդեն արվածը։ Նա ստիպված էր շարունակ սպասել նյութական աջակցության։
Կոմիտասի անսպասելի հեռանալը Էջմիածնից, Առաջին Համաշխարհային պատերազմը, աքսորը, հիվանդությունը պատճառներ են, որոնց հետևանքով մենք այսօր հնարավորություն չունենք լրիվ պատկերացում կազմելու կոմպոզիտորի ձեռագիր ժառանգության ծավալի մասին։ Չնայած այդ ամենին, կոմպոզիտորի մեզ հասած ստեղծագործությունները հայ երաժշտական կուլտուրայի մի ամբողջ դարաշրջան են ներկայացնում, որովհետև նրանց մեջ Կոմիտասը դնում է հայ ազգային երաժշտական դպրոցի հիմքերը, մեր երաժշտությունը տանելով բազմաձայնության զարգացման ճանապարհով»։