Կոմիտասը՝ հայ հոգևոր երաժշտության մեջ

«Քառյակների դրությամբ են հորինված և մեր թե՛ ժողովրդական, թե՛ եկեղեցական եղանակները, որոնք քույր-եղբայր են եւ նույն կազմությունն ունին։ Քառյակների դրության չենթարկվողներն օտարամուտ են։Մեր երաժշտությունն էլ յուր ամբողջ ազգային ոգովն և ոճով նույնքան արևելյան է, որքան պարսիկ-արաբացին. բայց ո՛չ պարսիկ-արաբականը մերն է, և ո՛չ էլ մերը նորա մի մասն է. այլ խնդիր է, թե նոցա ազդեցությանն է ենթարկվել. ճիշտ այնպես, որպես մեր լեզուն հնդ-եվրոպականի մի ճյուղն է, այսպես են և պարսկերենը, քրդերենը, գերմաներենը, և այլն, բայց մեր լեզուն ո՛չ գերմաներեն, ո՛չ քրդերեն եւ ո՛չ էլ պարսկերեն է։
Երաժշտության և լեզվի շեշտադրության օրենքները սերտ կապ ունին։ Երկուսի շեշտերն անբաժան ընթանալով մի անքակտելի ներդաշնակություն պետք է ներկայացնեն. հակառակ դեպքում լեզվի և եղանակի դաշնակը հիմն ի վեր խանգարվում է,որովհետև, ուր լեզուն է շեշտվում, երաժշտությունն անշեշտ է, և ընդհակառակն՝ այսպես քաշ է գալիս եղանակը»։

Կոմիտաս

Հայկական հոգևոր երաժշտությունը՝ թեև ծագումնաբանորեն բխել է հայ ժողովրդական երաժշտական մտածողությունից և արդեն դրա շնորհիվ առանձնանում է ազգային վառ բնորոշությամբ, գործնականում հինգերորդ և հետագա դարերի արհեստավարժ հեղինակների՝ մասնագետ երգահանների ստեղծագործությունն է ։ Այն հիմնականում հանդիսացել է արարողական երժշտություն։ Նրա բազմաթիվ ու բազմազան կանոնական տեսակները գոյացել են պաշտամունքայն պահանջներից, անդրադարձել հայ քրիստոնեական եկեղեցու ժամերգության պատմական զարգացմանը և միջնադարում դրա ծաղկմանը։ Հնուց անտի հայոց եկեղեցական եղանակները տարածվել են ժողովրդի կենցաղում, առաջ են եկել կանոնական, պարականոն և կամ պարզապես ինքնավարժ հորինողների խոսքերով նորանոր ժողովրդական-հոգևոր երգեր։ Իրենց հերթին բուն ժողովրդական մեղեդիները կամ դրանց առանձին դարձվածքները առատորեն ներթափանցել են արարողական երաժշտության մեջ, խորացրել ու բազմազանել եկեղեցականի ու ժողովրդականի փոխադարձ կապերը, ցայտունացրել հայ հոգևոր երաժշտությանը բնորոշ ժողովրդական երանգը։ Հայկական հոգևոր երաժշտությունը՝ ժողովրդականի նման մոնոդիական արվեստ է՝ հիմնված սոսկ մեղեդիական, բայց ոչ ակորդային-ներդաշնակային մտածողության վրա։ Մինչև նորագույն ժամանակները հայ հոգևոր երաժշտությունը շարունակել է մնալ միաձայն՝ սոսկ ծանրահոս մեղեդիներումուղեկցվելով պարզ կամ կրկնակի ձայնառությամբ։ Անցյալ դարի 70-ական թթ. սկսած բուն բազմաձայնության ներդրումով նր ակիրառական նշանակությունն աստիճանաբար ընդարձակվել է, տարածվել եկեղեցական արարողությունից դուրս՝ հետագայում դարձել նաև համերգային կատարման նյութ։ Հայ եկեղեցական երաժշտության միջնադարյան բազմաթիվ տեսակներից կամ սեռերից բազմաձայն-կոմպոզիտորական արվեստում հատկապես մեծ նշանակություն է ստացել ՊԱՏԱՐԱԳԸ։ Հայտնի է, որ խազային նոտագրությունը գործածությունից դուրս գալուց հետո, դարերի ընթացքում հայ եկեղեցական եղանակները սերուդներին փոխանցվել է բանավոր հաղորդմամբ։ Տարբեր վայրերի եկեղեցիներում առաջացել են նույն եղանակների տարբերակներ, դրանց մեղեդիական մեկնաբանության տարբեր ոճեր, իսկ գաղթավայրերում երգեցողության մեջ ներխուժել են նաև օտար տարրեր։ Հիմնականում պոլսահայերի մոտ եկեղեցական երգեցողությունը կանգնած է եղել ազգային յուրահատկությունն աղճատելու վտանգի առաջ։ Կոմիտասը, հանդես գալով հայ եկեղեցական երաժշտության ազգային ինքնատիպության զորեղ պաշտպանի դերում, նախ բյուրեղացրեց այդ երաժշտության անարատ կատարման ոճը։ Միաժամանակ փնտրում և խնամքով հավաքում էր հոգևոր եղանակների առավել վավերական՝ էջմիածնական տարբերակները. Ն. Թաշճյանի գրառած և 1870-ական թթ. Էջմիածնում տպագրված եղանակները անհրաժեշտության դեպքում մաքրում էր անհարկի մեղեդիական պալարներից։ Իր խմբագրած մեղեդիների, հատկապես՝ պատարագի մեղեդիների բազմաձայն մշակման մեջ, նա ձգտում էր բազմաձայնման ոճը համարժեք դարձնել բուն եղանակների ազգային բնորոշությանը և ընդհանրապես բազմաձայն-խմբերգային հնչողությանը հաղորդել ազգային ոճական ամբողջականություն։ Ձգտելով ազգային-ոճական ամբողջականության՝ Կոմիտասը փաստորեն իրականացնում էր նաև ստեղծագործական անհատականություն մշակելու խնդիր, քանի որ այդ տեսակետից Կոմիտասի մոտեցումը իր ստեղծագործությանը ժամանակի ընթացքում փոփոխվում, կատարելագործվում էր, երևան էին գալիս նույն խմբերգերի կամ ամբողջական բազմաձայն Պատարագի տարբերակներ։ Տարբերակներ գոյանում էին նաև այն պատճառով, որ ծրագրվող ստեղծագործությունները հատկացվում էին կատարողական տարբեր միջոցների։ Մեծ արժեք է ներկայացնում Կոմիտասի արական երգչախմբի կատարման համար գրված Պատարագը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Պատարագի արական-խմբերգային տարբերակ ունենալու Կոմիտասի գաղափարը ծագել է անհրաժեշտաբար. 1907 թ. Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսի մահվան կապակցությամբ Էջմիածնի Մայր Աթոռում ձեռնարկվող հոգեհանգստի արարողության երաժշտական «սպասարկումը» պետք է իրականացներ արտասահմանից նոր Էջմիածին վերադարձած Կոմիտաս վարդապետը։ Մ. Բաբայանին գրել է նա,-« Թեպետ ես Պատարագն ունիմ ամբողջական գրած, բայց խառը խմբի համար է, այժմ Ճեմարանում փոքր աշակերտներ չկան, գործը պետք է սկսել մեծ աշակերտների միջոցով, սակայն պետք էր նոր Պատարագ գրել արական խմբի համար…Ամբողջ մեկ շաբաթ, օրական 14 ժամ զբաղվելով (6 ժամ տանը, 8 ժամ ճեմարանում ձայն առ ձայն պարապում ու սովորեցնում), գլուխ հանեցի գործը…»։ «Արարատ» հանդսեսի՝ Խրիմյանին նվիրված հոկտեմբերժնոյեմբեր հավելվածում գրված է.- «Կյուրակի, նոյեմբերի 4-ի Պատարագին եկեղեցին լցված էր խուռն բազմություն, Կամիտասի նոր պատրաստած խումբը յուր ներդաշնակ երգեցողությամբ օրվա տխուր հանդիսավորությունը դարձնում էր ավելի վսեմ ու սրբազան»։ Ցավոք, 1907 թ-ին գրված արական երգչախմբի Պատարագը՝ որպես ամբողջություն, չի պահպանվել. 1908 թ. Էջմիածնում տեղի էր ունենում կաթողիկոսական ընտրություններ, օծման արարողությանը երգում էին «երգիչ Բ. Ամիրջանը և Հայր Կոմիտասն իր խմբով, որ պատրաստել էր շատ շտապ՝ մի քանի օրում», դրանից հետո Կոմիտասն անընդհատ վատ տրամադրության մեջ է եղել։ Երկու դիմում է գրել կաթողիկոս Իզմիրլյանին, երկրերդ գիմումից հետո՝ 1910 թ. մայիսի 10-ին, անպատասխան մնալուց հետո, նա գրերթ անմիջապես հեռացել է Էջմիածնից, 1910 թվականին Կոմիտասը հաստատվում է Կ.Պոլսում ՝ խուսափելով Էջմիածնի ծայրահեղ պահպանողական հոգևորականների վատ վերաբերմունքից և հայկական երաժշտությունը ներկայացնում ավելի լայն լսարանի: 1910 թ-ի ամռանը՝ Կ.Պոլիս գալուց հետո, նա ստեղծագործական այլ՝ նոր մտահղացումներ ունեցավ։ Կ.Պոլսում նրա ձեռքի տակ կար խառը՝ 300 հոգանոց երգչախումբ։ Նա, որ նաև առաջնակարգ խմբավար էր, չէր կաչող զերծ մնալ այդպիսի երգչախմբով հայկական Պատարագի երգերը ևս հնչեցնելու գայթակղիչ գաղափարից և Կ.Պոլսում կայացած նրա 1910-1911 թթ. համերգների բոլոր հայտագրերում Պատարագի բոլոր երգերը նշված են երկսեռ խմբի կատարման համար և 1912 թ. դեկտեմբերին, երբ նա նոր, ավելի խիստ ընտրություն էր կատարել իր «Գուսան» երգչախմբում և Մ. Բաբայանին գրում էր, թե՝«Այս տարի սովորեցնում եմ Հարսանիքի երգերը գլխավորապես, մի քանի խմբերգեր Վագներեն և Վերդիեն և իմ մեծ ու ընդարձակ Պատարագը, որ հույս ունիմ այս Զատկին երգել տալու, որից անցել են մինչև «Սուրբ, սուրբ»-ը և շատ հաջող է առաջ գնում», և միայն 1914 թ. իր բարեկամներից մեկին գրած նամակից հետևյալ քաղվածքը՝«Խմբիս համերգներու չկրցա տակավին սկսիլ՝ աշակերտներուս զինվորագրության պատճառով, սակայն և այնպես՝ շաբթուս նոր խումբ կազմակերպելու նախապատրաստություն սկսա։ Հույս ունիմ Զատկական տոներին հասցնել մեր հնագույն եղանակներով ներշնչված Սուրբ Պատարագի արարողությունները՝ զորս պիտի ուսուցանեմ նոր խմբիս»- սա վերաբերում է արական երգչախմբին և դրան հատկացված Պատարագին. Մի փոքրակազմ խումբ, որ նա ստեղծեց Կ.Պոլսի Ղալաթիո թաղի եկեղեցու դպիրներից ու իր մի քանի աշակերտներից։ Պետք էասել, որ «Գուսան» երգչախմբում ի սկզբանե կային բարձրորակ արական ձայներ։ Կոմիտասի սաներից Միհրան Թումաճյանը, որ նույնպես երգել է այդ խմբում, երբ խոսք էր բացվում «Գուսանի» տենորներից ու բասերից մի քանիսի մասին, չէր կարողանում զերծ մնալ ծայրագույն հիացմունքը եռանդուն շարժուձևով արտահայտելու իր սովորական եղանակից՝«Նշանավո՜ր բան էր…»։ Կոմիտասի գրած Պատարագը այսօր կատարվում է ինչպես եկեղեցիներում, այնպես էլ՝ բեմերում: Նրա Պատարագի որոշ հատվածներ, ինչպես նաև ամբողջական Պատարագը կատարվում են աշխարհի տարբեր բեմերում: Չնայած Կոմիտասը ստեղծել է իր Պատարագի ավելի քան 10 տարբերակ, սակայն դրանցից երկուն են լայնորեն ընդունելի: Մեկն ավելի երկար, եկեղեցական տարբերակն է՝ ամբողջական ծեսերով և մասնակիցների տեքստերով, որը տևում է գրեթե երկու ժամ: Այդ տարբերակը ժամանակ առ ժամանակ կատարվում է եկեղեցիներում: Մյուսը՝ 70-80 րոպե տևողությամբ համերգային տարբերակն է (կախված է այն բանից, թե դրանցից ինչքան է կրճատվում քահանայի և սարկավագի մասերը): Պատարագի այս համերգային տարբերակը կատարվում է համերգասրահներում, ինչպես նաև լավ ակուստիկայով եկեղեցիներում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին 1910, 10 մայիսի, Ս. Էջմիածին

Նորին Վեհափառութեան
Սրբազնագոյն Հայրապետի Ամենայն Հայոց
Տ. Տ. Մատթէոսի Բ

Վեհափառ Տէր,
Հայ եկեղեցական երաժշտութիւնն անցեալ ԺԹ եւ մանաւանդ Ի դարում դէպի անկումն է դիմում: Ի միջի այլ հզօր պատճառների, դէպի անկումն է դիմում, զի եկեղեցիներում առաւելապէս ուշք են դարձնում լոկ Ս. Պատարագի եւ այն աղաւաղուած երգեցողութեան, որ հիմն ի վեր կորցրել է իր պարզ ու վսեմ, անպաճոյճ ու մանկական միամտութեամբ համեմուած, անմեղ ու հաւատով ներկուած եղանակները եւ տեղի տուել խառնաշփոթ, անյարիր, անպատշաճ, մուրացածոյ եւ մեղկիչ երգեցողութեան: Մեր նախնեաց արեւի պէս ջերմ, օդի պէս ջինջ ու ջրի պէս կայտառ շարականները բոլորովին երկրորդական, նոյնիսկ, յետին տեղն են անցել, մոռացութեան մատնուել, որով մեր հոգեւոր երաժշտութեան զարկերակն է կտրուել: Արդ, շարականագէտներն օր աւուր նուազում են, շարականներն անարգութեամբ նսեմանում են եւ փոխարէնն աճում են թերուս ու տգէտ, անփորձ ու անշնորհք դպիրներ ու դպրապետներ, որոնք նախքան զտեսութիւնն երաժիշտք են եւ որոնց անսանձ ու շահատակ կամայականութեանն է յանձնուած հայ ժողովրդի հոգեւոր եւ պատասխանատու դաստիարակութեան գեղարուեստականը: Չեմ խօսում հոգեւոր երաժշտութեան վեհ ու կրթիչ դերի մասին, այլ ամենաէական ուրուագծերով ստորեւ շեշտում եմ, թէ ինչպէս կարելի է վառել, ազգային հոգեւոր երաժշտութեան վերակենդանութեան միջոցաւ, հայ-քրիստոնէի սառած սիրտը եւ վերստին բորբոքել ջերմեռանդութեան թագնուած հուրը:
Ա. Բանալ հայ հոգեւոր երաժշտարան, վարժապետ, երգիչ, դպիր, դպրապետ, երաժիշտ ու առհասարակ հոգեւոր պաշտօնէութիւն զինել. կորստից փրկել մեր նախնի երաժշտութեան բեկորները, զարգացնել ազգային գեղարուեստ եւ մեր երաժշտական ճոխ գրականութիւնը ծանօթացնել օտարներին՝ ուսումնասիրութիւններ անելով եւ համերգներ տալով:
Բ. Հաստատել Մայր Աթոռի տպարանում երաժշտական տպագրական բաժանմունք եւ հրատարակել, մի ձեռնհաս քննիչ մարմնի հսկողութեամբ, հոգեւոր երգեցողութեան ամենատեսակ գրքեր ու տետրեր:
Գ. Ընդհանուր հայ եկեղեցիներում պարտադիր անել միօրինակ հոգեւոր երգեցողութիւն:
Դ. Հայ եկեղեցիներում հանապազօրեայ դպրաց դաս սահմանել:
Ե. Դպիրներին ընդունել խիստ ընտրութեամբ. իսկ դպրապետներից պահանջել անթերի պատրաստութիւն եկեղեցական գիտելիքների, երաժշտութեան եւ հաստատել պաշտօնի մէջ մերձաւոր հոգեւոր բարձր իշխանութեան միջոցաւ եւ յանձնել նորա յատուկ հսկողութեանն ու խնամքին:
Զ. Հայ դպրոցներում հաստատել կանոնաւոր եւ ծրագրուած երգեցողութիւն եւ տարրական երաժշտութիւն՝ վկայուած ուսուցիչների ձեռքով:
Անդրանիկ օրինակ տուող պիտի հանդիսանայ մայր Աթոռը, որ պարտաւոր է, այժմէն իսկ, մշտական եւ օրինակելի դպրաց դասի հիմը դնելու այսպէս.
ա. Բազմաձայն երգեցողութեան համար, Մայր Աթոռի անուան ու դիրքին վայել, դպրաց դասն ունենալու է առնուազն քառասուն ընտիր երգիչ.
բ. Միաձայն երգեցողութեան համար՝ քսան եւ չորս:
գ. Խումբը պէտք է անկախ լինի Ճեմարանի աշակերտութիւնից, որի ձայնեղ սաներից կարելի է օգտուել տօներին՝ երգեցողութեան հանդիսաւորութիւն տալու նպատակաւ:
Ես պատրաստ եմ, որպէս ցայսօր, իմ բոլոր ջանքերս ու ճիգս նուիրել մի այսպիսի սուրբ գործին. սուրբ գործին, որ ինձ ոգեւորել է դեռ տղայ տիոցս. Սուրբ գործին, որ ինձ քաշել ու կապել է Մայր Աթոռին. սուրբ գործին, որ ինձ ուղիղ քսան տարի յոյս է ներշնչել եւ սակայն սուրբ գործին, որ ինձ արծաթ յուսով օրօրել, տոգորել ու մեծցրել է՝ առանց իրականանալու: Եւ արդ, ինձ մնացել է նոյն յուսով այրուել, ծերանալ ու հեռանալ անցաւոր կեանքից, որպէս մի ազազում հասկ, որ հողմահար ու ծարաւ կորանում ու չորանում է:
Վեհափառ Տէր,
Ոտս դրել եմ կեանքիս երկրորդ շեմքին, բայց դարձեալ նոյն աննկուն յուսով: Թէպէտ պատանի աշխոյժս լրջացաւ, երիտասարդ թափս նրբացաւ, սակայն եւ այնպէս, այրական եռանդս, մշտաշող յուսով, դեռ նոր է եփ ու եռ գալիս:

Երկտողս մատուցանելով Վեհափառութեանդ՝ անսպառ յուսով մնամ
Ձերդ Ս. Օծութեան խոնարհ ծառայ եւ միաբան Մայր Աթոռ
Սուրբ Էջմիածնի Կոմիտաս Վարդապետ

Scroll Up