Կոմիտասի անվան պանթեոն

ԿՈՄԻՏԱՍ


Ես տարիներու աշխատանքով շինել եմ իմ ուղեգիծը, ուրկե ընթացել եմ մինչեւ ցարդ եւ պիտի ընթանամ ասկե ետք ալ, որքան ատեն որ ուժ կա երակներուս մեջ, ո՛չ մեկ խոչընդոտ չի կրնար կասեցնել զիս իմ առաքելությանց մեջ, որուն նվիրականությանը համոզված եմ ես բոլոր սրտով:
ԿՈՄԻՏԱՍ (Ազատամարտ, 13 հուլիսի 1914) Ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին Քյոթահիայում (Թուրքիա): 1881 թ. որբացած պատանուն բերել են Էջմիածին եւ ուսման տվել Գեւորգյան ճեմարանում, ուր գեղեցիկ ձայնի եւ երաժշտական փայլուն ունակությունների համար հատուկ ուշադրության է արժանացել: Վաղ հասակում հիմնովին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգեւոր երաժշտությունը, սկսել է ժողովրդական երգեր հավաքել եւ ինքնուրույն ստեղծագործելու փորձեր կատարել:
Ավարտելով ճեմարանը՝ 1893 թ. նշանակվել է երաժշտության ուսուցիչ եւ Մայր տաճարում խմբավար: 1895 թ. ստացել է վարդապետական աստիճան եւ կոչվել Կոմիտաս: 1896-1899 թթ. ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում (հովանավոր՝ Ա. Մանթաշյան) եւ համալսարանում, մշակել ձայնը, սովորել նվագել դաշնամուր եւ երգեհոն: Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից է, որի հավաքներում ներկայացրել է զեկուցումներ, ժողովրդական երգերի մշակումներ:
1899-ից Էջմիածնում շարունակել է գիտական ստեղծագործական եւ մանկավարժական աշխատանքը: Ճեմարանի խմբով համերգներ է տվել Էջմիածնում, Երեւանում, Թբիլիսիում, Բաքվում:
1910 թ. տեղափոխվել է Կ. Պոլիս, կազմել երաժշտախումբ, համերգներ տվել Եգիպտոսում եւ այլուր: 1915 թ. ապրիլի 2-ին եւ 3-ին բացառիկ համերգներ է տվել Ստամբուլի «Թուրք օջախ» մշակութային կենտրոնում, հրավերով դասախոսություններ է կարդացել, մեներգել է եւ իր երգչախմբով կատարել իր իսկ ստեղծագործությունները:
Նույն 1915 թ. ապրիլի 24-ին թուրքական կառավարության կազմակերպած հայկական կոտորածն ընդհատեց Կոմիտասի բեղմնավոր գործունեությունը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բանաստեղծ Ծնվել է 1864 թ. ապրիլի 14-ին Վաղարշապատում: Սովորել է Լազարյան ճեմարանում: 1888 թ. ավարտել է Մոսկվայի պետհամալսարանի լեզվագրական ֆակուլտետը: Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում երկար տարիներ դասավանդել է ռուսաց լեզու եւ գրականություն, հունարեն:
1887 թ. լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Հ. Հովհաննիսյանը ստեղծեց արեւելահայ բանաստեղծական նոր դպրոց, որի հետեւորդները դարձան Հ. Թումանյանը, Ա. Իսահակյանը եւ ուրիշներ: Հովհաննիսյանի պոեզիան սնվում է ժողովրդական ակունքներից: Հայրենիքն ու բնությունը նրա ստեղծագործության հիմնական թեմաներն են: Հ. Հովհաննիսյանը կատարել է նաեւ թարգմանություններ ռուս եւ եվրոպացի բանաստեղծների գործերից: Նա բյուրեղային պարզության հասցրեց հայ նոր պոեզիան, հարստացրեց հայ գրական լեզուն:
1948-ից ծննդավայրում գործում է Հ. Հովհաննիսյանի տուն-թանգարանը:
1918 թ. Վահան Տերյանը հայ փախստականներին օգնելու նպատակով մեկնում է Հյուսիսային Կովկասի Եսենտուկի քաղաք, ուր հանդիպում է իր ընտանիքով Բաքվից գաղթած Հ. Հովհաննիսյանին: Ջերմ, բարեկամական ու սրտառուչ էր հայ բանաստեղծների հանդիպումը: Հ. Հովհաննիսյանի դուստրը՝ Աննան, իր հուշերում գրում է. «Օրերից մի օր թերթում կարդացինք. «Օգոստոսին Պյատիգորսկ ժամանեց բանաստեղծ Վահան Տերյանը»: Մենք հուզված էինք եւ թախանձում էինք հայրիկին հատուկ նամակ գրել նրան եւ հրավիրել Եսենտուկի:
— Կգա՜, կգա՜, ինքը կգա,- ժպտալով պատասխանում էր հայրիկը:
Մի անգամ առավոտյան այգուց տուն վազեցին իմ եղբայրները եւ դեռ փողոցից բղավեցին. «Տերյանը եկա՜վ»: Մենք հանդիպեցինք այգում: Հայրիկը եւ նա այնպե՜ս պինդ համբուրվեցին…, որ քիչ մնաց առվակն ընկնեին…»:
…Տերյանի մոտ կար մի հատուկ գումար, որով նա մտադիր էր բարելավել արվեստի եւ գրականության գործիչների նյութականը:
Մի անգամ նա հայրիկին տվեց Վիպպերի պատմության հատորներից մեկը՝ խնդրելով թարգմանել հայերեն.
— Սա մեր Մոսկվայի պատվերն է Ձեզ:
…Տերյանն արտակարգ քնքշությամբ էր վերաբերվում հայրիկին: Խոսակցության ժամանակ հաճախ շոյում էր նրա ձեռքերը, երբեմն էլ հայրիկի նստած րոպեներին թիկունքի կողմից հուշիկ մոտենալով համբուրում էր նրա գլուխը: Շատ էր քաշվում հայրիկից, երբ նրա ներկայությամբ խոսք էր լինում իր՝ Տերյանի «սրտի գործերի» մասին:
— Ասես գիմնազիստ լինեմ Իվան Նիկիտիչի առջեւ,- ամոթխածությամբ փորձում էր արդարանալ նա:
Հայրիկը «դու»-ով էր խոսում Տերյանի հետ եւ սոսկ անունով կանչում…» (Վահան Տերյանը ժամանակակիցների հուշերում, կազմ. Վ. Պարտիզունի, Երեւան, 1964, էջ 467): Ստեփան Զորյանի հուշերից
(հատվածներ) «…Այդ օրերին նա վշտացած էր մի շարք բաներից եւ, ի միջի այլոց, պատմեց, թե ինչպես է Հյուսիսային Կովկասից ընտանիքով, երեխաներով եկել Բաթումի եւ թե ինչպիսի անհույս վիճակ է ստեղծվել Բաթումիում. տոմս չկա, գնացքներում տեղ չկա, ոչ էլ մի փոքրիկ հույս, թե կլինի մոտ օրերս: Փորձում է շատ միջոցներ. իզո՜ւր: Եվ որովհետեւ չի լինում նաեւ օթեւան եւ օրերով ապրելու միջոց, նա, ի վերջո, ստիպված դիմում է ռուս կայարանապետին ու պատմում նրան իր ծանր դրությունը, թե ահա մեծ ընտանիքով եկել է Հյուսիսային Կովկասից, ուզում է գնալ Հայաստան՝ հնարավորություն չկա:
— Դուք ո՞վ եք,- հարցնում է կայարանապետը:
— Ես հայ բանաստեղծ Հովհաննիսյանն եմ:
Այստեղ կատարվում է մի զարմանալի բան. կայարանապետը գլխարկը վերցնում է, ոտքի կանգնում եւ գլուխ խոնարհում Հովհաննիսյանի առաջ.
— Շատ ուրախ եմ, որ ձեզ ճանաչեցի: «կՏֆջՌÿ ԸՐՎպվՌՌ» գրքում կարդացել եմ ձեր բանաստեղծությունները: Շատ ուրախ եմ:
Եվ կայարանապետն անձամբ գնում, տոմսեր է բերում բանաստեղծի ամբողջ ընտանիքի համար, ապա անձամբ գնացք է նստեցնում ու հարգանքով ճանապարհ դնում: Նույնը կատարվում է Թիֆլիսում՝ գնացքափոխության ժամանակ:
Գալիս են սրտով երազած հայրենիք: Ինչպե՞ս են ընդունում Հայաստանում:
Իջնում են Էջմիածին կայարանում, իրերը բարձում են մի սայլի, երեխաներին տեղավորում վրան ու ճանապարհ ընկնում դեպի Վաղարշապատ: Հազիվ մի հարյուր քայլ են անում՝ պահակները կանգնեցնում են: «Ո՞ւր, անցաթուղթ ունե՞ք»: Հովհաննիսյանն առաջ է գնում եւ բացատրում, որ ինքը բանաստեղծ Հովհաննիսյանն է, գնում է հայրենի քաղաքը: «Բանաստեղծ-բան չեմ իմանում, անցաթուղթ տվեք»… (Սովետական գրականություն, 1957, թիվ 4):
«Հովհ. Հովաննիսյանը կյանքի վերջին տարիներին թողեց իր պաշտոնը օրենքներ մշակող հանձնաժողովում, եւ ձմեռները կարդում էր, երբեմն թարգմանում կամ խմբագրում մի բան, իսկ ամառները զբաղվում խաղողի իր այգով, որը նվիրել էր կառավարությունը, հարգելով նրա տարիների աշխատանքը:
Ամեն օր, մանավանդ հանգստի օրերին մեծ թվով մարդիկ էին հավաքվում նրա այգում: Ծանոթներ, բարեկամներ գնում էին նրա այգին «տեսնելու», ըստ երեւույթին՝ պատիվ տալու իրենց այցելությամբ: Եվ Հովհաննիսյանը, ի բնե կիրթ ու քաղաքավարի, անում էր ի՛նչ պահանջում է հյուրասիրության ընդունված կարգը: Պոետը չէր կորցնում իր հոգու աշխույժը, հյուրերին զբաղեցնում էր նաեւ զրույցով. համով պատմություններ էր անում հին ու նոր բաներից, երբեմն ոգեւորվելով:
Թվում էր՝ նորից կարող են հնչել նրա քնարի լռած լարերը:
Բոլոր հյուրերի մեջ Հովհաննիսյանի ամենացանկալին Իսահակյանն էր, որ այցելում էր նրան միշտ հարգանքով, կանոնավորապես՝ շաբաթը մի անգամ: Վաղեմի ուսուցիչն ու աշակերտը արդեն հանդիպում էին որպես պարզ ընկերներ: Ավելին, որպես հարազատներ:
— Ա՜, Ավետիք, լավ արիր եկար: Արի, տիկինը քեզ համար լավ բան է պահել:
Խոսում էին անմիջական, մտերմաբար: Իսահակյանը քաղաքից միշտ նոր լուրեր էր բերում ուսուցչին, եւ նրանք նստում էին սաղարթախիտ թթենու ստվերում ու զրուցում այնքան երկար, որ տիկին Զարուհին բարկանում էր կատակով.
— Հերի՛ք է: Եկե՛ք, ճաշը սառա՜վ:
Ճաշում էին եւ դարձյալ զրուցում: Երբ Իսահակյանը պատրաստվում էր արդեն քաղաք դառնալու՝ Հովհաննիսյանը հիշեցնում էր.
— Ավետիք, շուտ-շուտ արի, մենակ եմ:
Բայց մի օր էլ, ուրախ մի զրույցից հետո, նրա սիրտը դադարեց, եւ նրա վերջին երազը նույնպես չիրականացավ: Մահը թույլ չտվեց, որ ավարտի սկսած՝ «Իլիականի» թարգմանությունը:
Նա մեռավ իր այգում, տերեւաթափվող ծառերով շրջապատված, հին Հրազդանի ափին, իր սիրած ու երգած Արագածի հովերի տակ» (Ս.Զորյան, Երկերի ժողովածու, հ. 11, Եր., 1964, էջ 88): Հ. Հովհաննիսյանը վախճանվեց 1929 թ. սեպտեմբերի 29-ին: Մահվան առիթով եղան մի շարք հրապարակումներ: «Հովհաննիսյանը հանդիսանում է խոշորագույն վարպետ բանաստեղծության ձեւի, լեզվի, պատկերավորության խնդիրներում: Խոշոր է նրա ազդեցությունն իր հետնորդների վրա այդ սահմաններում… Նա առաջինն է, որ հայ ժողովրդական մոտիվները մեծ վարպետությամբ դարձնում է քնարական կատարելագործման նյութ… Հ. Հովհաննիսյանը նույնպես մնում է մեծ վարպետ իր սիրային լիրիկայի մեջ, որն իր ձեւի ներդաշնակությամբ արժեքավոր ժառանգություն է… Իբրեւ մեծ վարպետ նրա տաղանդը փայլում է թարգմանությունների մեջ, որոնք նա կատարել է այնպիսի հարազատությամբ ու հաջողությամբ, որ ընթերցողը չի կարող տարբերել իսկական վարպետորեն գրված ինքնուրույն ստեղծագործություններից…» (Ս. Հախումյան, Խորհրդային Հայաստան, 2 հոկտեմբերի 1929): Հովհաննես Հովհաննիսյանի թաղումը Հոկտեմբերի 2-ին ժ. 12.00-ից դահլիճը բաց էր հասարակության վերջին հրաժեշտի համար: Նվագում էր կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը: Դագաղի մոտ պատվո պահակ կանգնեցին գրականության եւ արվեստի գործիչներ, կառավարության ներկայացուցիչներ: Շիրվանզադեն հակիրճ խոսքով բնորոշեց Հովհաննիսյանին իբրեւ ընկերոջ եւ մարդու: Մռավյանը Լուսժողկոմատի անունից հայտնեց ցավակցություն:
Խոսք ասացին Աշոտ Աթանեսյանը (Հայ գրական ընկերության անունից), Գ. Լեւոնյանը (Գիտության ու արվեստի ինստիտուտի կողմից): Այնուհետեւ Երզնկյանը, Մռավյանը, Շիրվանզադեն, Ա. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը եւ ուրիշներ իրենց ուսերի վրա դուրս բերեցին դագաղը եւ ժողովրդի ուղեկցությամբ տարան գերեզմանատուն:
Հուղարկավորությունը կատարվեց ժամը 14-ին հին գերեզմանատանը: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ


Ծնվել է 1914 թ. ապրիլի 27-ին Ալեքսանդրապոլում (Գյումրի): Հայրը սպանվել է 1920 թ. թուրքական ջարդերի ժամանակ: Մինչեւ չափահաս դառնալն ապաստանել է որբանոցում: Սովորել է Լենինականի դպրոցներում: 1941 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
1935 թ. լույս է տեսել Շիրազի «Գարնանամուտ» վերնագրված առաջին ժողովածուն: Այնուհետեւ հրատարակվել են նրա «Սիամանթո եւ Խջեզարե» վիպերգը, «Երգ Հայաստանի», «Լիրիկա», «Հուշարձան մայրիկիս» եւ այլ ժողովածուներ, «Բիբլիական» պոեմը:
Շիրազի գրչին են պատկանում տարբեր սերունդների կողմից սիրված եւ գնահատված բազմաթիվ ստեղծագործություններ:
1972 թ. Շիրազը «Համամարդկային» խորագրով ժողովածուի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով:
Շիրազին իբրեւ բանաստեղծի եւ իր ժողովրդի ներկայով ու անցյալով ապրող բացառիկ հայի գնահատել են ե՛ւ հայ, ե՛ւ օտար մեծեր:
«Կլասիկ կրակներով լիքն է Հ. Շիրազի պոեզիան: Ոչ միայն Հայաստանի, այլեւ Սովետական Միության ամենատաղանդավոր, հիանալի պոետներից մեկն է նա»,- գրել է Նիկոլայ Տիխոնովը:
«Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է»:
Ա. Իսահակյան
«Շիրազ մեծ տաղանդ մըն է: Անիկա մի մեծ, մեծ անուն ունի, եւ մենք շատ կգնահատենք անոր գոյությունը… Շիրազ թանկագին հոգի մըն է, ես շատ կցանկանամ լուրեր առնիլ նրա գրություններից, լսել դրանք: Անի տաղանդ է, եւ մենք պետք է հպարտ զգանք եւ մեծ պատիվ համարինք նրա հետ ծանոթ լինելը»:
Վիլյամ Սարոյան
(Ավանգարդ, 16 մարտի 1984)
«…Մոկաց Միրզա» անունով պոեմ էի գրել (պատմում է Շիրազը — Ա.Խ.): Գիտես, չէ՞, ժողովրդական մի հրաշալի, խորհրդավոր երգ էլ կա՝ «Հազար ափսոս Մոկաց Միրզեն»: Խամ տղա էի, փոխանակ պոեմս մեքենագրել տայի, ձեռագիր հանձնեցի «Գրական սերունդ» ամսագրին: Չտպեցին, բայց ետ էլ չտվին, իբր կորցրել են: Իսահակյանը եւ Ալազանը երբ իմացան պոեմի բովանդակությունը, կշտամբեցին ինձ: Ալազանն ասաց. «Ինչո՞ւ ինձ ցույց չտվիր… ինչ գնով էլ լինի, գնա ետ վերցրու ձեռագիրը»: Ես տագնապի մեջ ընկա, կռահելով ոչ բարին: Մի քանի անգամ արշավեցի խմբագրություն, պահանջելով պոեմիս ձեռագիրը: Վերջը բանը հասավ դիվանբաշուն, ծեծկռտվեցինք: Գրողների մեծադահլիճ ժողովում խիստ հարձակվեցին վրաս, մինչդեռ ես ճչում էի՝ պոեմս, պոեմս տվեք… Եվ նույնիսկ արտասանեցի, որ իբր գութի բերեմ.

Հազար ափսոս Մոկաց Միրզեն,
Հազար ափսոս Էլ-Աղասին,
Էլ ետ չի գա հայոց բազեն,
Էլ հույս չկա մեծ Մասիսին…
Վարպետը նախ թեքվեց իր կողքին, նախագահությունում նստած Գրիգոր Հարությունյանին, ասելով՝ մեծ ապագայի, բնատուր պոետ է, ապա դարձավ դեպի դահլիճը, բարի աչքերով նայելով թրջվող աչքերիս, կշտամբեց. «Ինչպե՞ս կարող է բանաստեղծը ձեռք բարձրացնել մարդու վրա: Նա ոչ թե գիշատիչ արծվի է նմանվելու, այլ սերը ղունղունացող աղավնու…»: Սիրտս սասանեց, մանավանդ, երբ Վարպետի բերանից լսվեց «գիշատիչ» բառը, եւ հետեւյալ տողերը գրեցի դահլիճում, Սիրասի ձեռքով հանձնելով Վարպետին.

Հայր իմ, քեզանից չէի սպասում,
Բայց քեզ հավիտյան կյանք եմ երազում:
Վարպետը կարդաց, տխրեց թե ինչ, ծոցից հանեց թղթի մի կտոր, կռացավ վրան, գրեց եւ նույն՝ այս անգամ արդեն կարծես ապշած Սիրասի ձեռքով թուղթն հասավ ինձ»:
— Այդ պատառիկն էլ եմ տեսել թանգարանում: Ահա պատճենը (ասաց Հովնաթանը — Ա.Խ.).
«Սիրելի Շիրազ.
Հին խոսք է, որ դաբաղը (կաշեգործը) սիրած կաշին շատ է գետնեգետին տալիս: Դու մեծ տաղանդ ես, բայց պիտի բյուրեղանաս, որ անմահ բաներ թողնես: Պիտի խտացնես, պիտի շատ կարդաս, եւ կդառնաս մեր պոեզիայի հրաշալի ապագան:
Ավ. Իս., 39 թ. ապրիլի 19»:
— Այո, այնուամենայնիվ, գիշատիչների գաղտնի կտուցից աղավնուս ազատեց արծիվը (թող ըսեն, որ համեստ էլ է Շիրազը), բայց մխում է սիրտս տակավին Արազի այն ափին իր բոստանը կորցրած հորս ծխամորճի պես: Կորավ ու կորավ «Մոկաց Միրզես»:
Հազար ափսոս իմ Սիփանա
Էլ-Աղասին հայոց Վանա…»
(Հարություն Հովնաթան, Զրույցներ, Վարեց Հարություն Հովնաթանը, ցանեց Հովհաննես Շիրազը, Ե., 1992, էջ 36-37):
Հավանաբար, ընթերցողը գուշակեց, որ պոեմը նվիրված էր Աղասի Խանջյանին: Մնում է զարմանալ երիտասարդ Շիրազի ցուցաբերած անօրինակ խիզախությամբ, եւ այն էլ այդ սահմռկելի տարիներին…

ՇԻՐԱԶԸ «ԿՇՌՈՒՄ Է ՄԱՇՏՈՑԻՆ» Երբ խոսք էր լինում մեծերի մասին, առանձնացնում էր միշտ Մաշտոցին: Մի անգամ էլ հերթով ներկայացնում է պատին փակցված մեծերին:
— Բա Մաշտո՞ցը,- հարցնում են:
— Էդ բոլորին դնես կշեռքի մի թաթին, իսկ մյուսին Մաշտոցին, էլի նժար նժարի չի գա, Մաշտոցինը ծանր կլինի…
Դերասան Ազատ Գասպարյանը թե` Շիրազ, քեզ էլ որ դրած լինենք…
— Ո՛չ, ո՛չ, ես կշեռքը բռնողն եմ,- հումորի ծուղակից հանճարեղորեն իրեն դուրս բերեց հանճարեղը:
(Նույն տեղում) Հովհանես Շիրազը վախճանվեց 1984 թ. մարտի 14-ին, ծանր հիվանդությունից հետո: Կազմվեց թաղման կառավարական հանձնաժողով՝ Ֆ. Սարգսյան (նախագահ), Լ. Ներսիսյան, Մ. Մուրադյան, Ս. Ավետիսյան, Գ. Առաքելյան, Վ. Պետրոսյան, Է. Գաբրիելյան, Հ. Վարդանյան, Հ. Հարությունյան կազմով:

Մահվան առիթով եղան բազմաթիվ հրապարակումներ եւ ստացվեցին ցավակցական հեռագրեր. «…Նա բնության կատարյալ գլուխգործոցն էր՝ իր արարումներով, իր խոսքերով, իր պահանջի երբեք չհանդարտվող ճշմարտությամբ: Կայծակի հանկարծակիություն ունեցող նրա պատկերավոր միտքն ուներ արվեստի կատարյալ շքեղություն… Նա հուժկու էր եւ միաժամանակ քնքուշ… Աշխարհով մեկ ցրիվ եկած տարաբախտ հայերի հույսի վառ լույսն էր նա… եւ սպասում էր հայակազմ այն երամին, որ պիտի վերադառնար իր հայրենիքը…»:
Լյուդվիգ Դուրյան
(Ավանգարդ, 16 մարտի 1984)
«Մեծ, անհատուցելի կորուստ է Հովհաննես Շիրազի մահը: Մի բանաստեղծ, որի պոեզիան արդեն քանի տասնամյակ ժողովրդի նվիրական սեփականությունն է դարձել… Երջանիկ է այն ժողովուրդը, որ ունի նման մեծ, նվիրյալ զավակ, որի անունն արտասանում են հպարտությամբ, սիրով ու ակնածանքով…»:
Ա. Ասրյան
(Ավանգարդ, 16 մարտի 1984)

Հովհաննես Շիրազի թաղումը Մարտի 17-ին սգո հանդերձանքի մեջ էր Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի սրահը: Այստեղ դրված էր մեծատաղանդ բանաստեղծ Հովհաննես Շիրազի դագաղը: Ալ բարձիկի վրա Շիրազի ստացած շքանշանները, մեդալները եւ այլ պարգեւներն էին: Սրահ բերվեցին ծաղկեպսակներ Հայաստանի կառավարությունից, ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրությունից, Երեւանի քաղաքապետարանից, Հրատպետկոմից, Հայաստանի գրողների միության վարչությունից, Լենինականի եւ այլ քաղաքների, ստեղծագործական միություններից, հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվներից: Հրաժեշտի վերջին պահերին պատվո պահակ կանգնեցին Կ. Դեմիրճյանը, Բ. Սարկիսովը, Ֆ. Սարգսյանը եւ ուրիշներ:
«Անուշ» օպերայի վերջերգի հուզաթաթավ հնչյունների ներքո Շիրազի դագաղը դուրս բերվեց շենքից: Հուղարկավորների թափորը դանդաղաքայլ ուղղություն վերցրեց դեպի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն:
Պանթեոնում բազմամարդ սգո հավաքը բացեց Ֆ. Սարգսյանը: «Գալով հեթանոս դարերի հեռուներից… նա նոր ակոս բացեց մեր քնարերգության տարեգրության մեջ… Շիրազի լուսեղեն պոեզիան մեղմ է, ինչպես Մանթաշից եկող հովերը եւ հուժկու, ինչպես Ալագյազի ամպրոպները»,- ասաց Ֆ. Սարգսյանը:
Հրաժեշտի խոսք ասացին նաեւ Կ. Դալլաքյանը, Վարդգես Պետրոսյանը, Օլեգ Շեստինսկին, Մորիս Փոցխիշվիլին, վաստակավոր ուսուցչուհի Վ. Գեւորգյանը, Ադրբեջանի գրողների պատվիրակության անունից Նուսրեթ Քեսեմենլին:
Հրապարակվեցին Շիրազի մահվան կապակցությամբ ստացված ցավակցական հեռագրեր:
Ֆ. Սարգսյանը սգո արարողությունը հայտարարեց փակված: Հայաստանի Կոմկուսի, կառավարության ղեկավարները, կառավարական հանձնաժողովի անդամները Շիրազի դագաղը մոտեցրին գերեզմանին: Երգչախումբը կատարում էր Մ. Եկմալյանի «Ով հայոց աշխարհ»-ը, որի հնչյունների ներքո Հայաստանի ժողովրդական մեծ բանաստեղծի աճյունը հանձնվեց մայր հողին:
«…Այն, ինչ եղավ Շիրազի թաղմանը, չեմ տեսել ոչ մի այլ գրողի հուղարկավորության ժամանակ: Որ ասում են համաժողովրդական սուգ, սա էր:
…Հոծ բազմություն էր գալիս… եթե առավոտվանից մինչեւ իրիկուն թատրոնի դռները բաց լինեին հրաժեշտի համար, միեւնույն է, բոլորը չէին կարողանա մուտք գործել:
…Սրտառուչ էր հայրենակիցների մասնակցությունը: Նախ՝ ոչ ոք չի կարող ասել, թե Լենինականից քանի մարդ էր եկել: Շատ, չափազա՛նց շատ: Գուցե քաղաքի կեսից ավելին: Հետո բեռնատար մեքենայով Գյումրվա հող էին բերել, որ Երեւանի հողին խառնեն: Իսկ յոթանասունհինգ գյումրեցի երիտասարդ ուխտ էին արել ոտքով ճանապարհ ընկնել եւ հասնել բանաստեղծի թաղմանը…
Թաղմանը՝ դագաղը գերեզմանատուն էր հասել, իսկ հուղարկավորների թափորի վերջին շարքերը դեռ օպերայի մոտերքն էին» (Ռ. Զարյան, Մայրամուտից առաջ: Ինքնապատում, Եր., 1990, էջ 343): Արարատի գագաթից բերված մասունքներ Շիրազի շիրիմին

Կուզեի նստել մի քարի վրա
Եվ անվերջ նայել իմ Արարատին,
…………………………………
Մինչ շիրիմ դառնա քարն էլ ինձ վրա
Եվ մամռած նայե իմ Արարատին:
Հ. Շիրազ
1991 թ. հոկտեմբերի 15-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում կազմակերպվեց Շիրազի շիրիմին Արարատից բերված հողի «հանձնման» արարողությունը: Բացման խոսք ասաց Հայաստանի սպորտկոմիտեի ներկայացուցիչը: Բանաստեղծի որդին՝ քանդակագործ Արա Շիրազը, երախտիքի խոսք ասաց հայ լեռնագնացներին եւ միջոցառման կազմակերպիչներին` իր հոր համար այնքան նվիրական ու սրբազան սարից բերված հողը նրա շիրմահողին խառնելու համար: Արարողությանը ներկա չորս լեռնագնացների անունից Հայկ Տոնոյանը մասնավորապես նշեց. «Շիրազն այն հայ արժանավորն է, ում շիրիմին պակասում էր հողը Արարատից»:
2000 թ. օգոստոսի 30-ին Ա. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ դեպի Արարատի գագաթ միջազգային վերելքին մասնակցած սիրող լեռնագնաց Սերգեյ Կայֆաջյանի հետ հանդիպման երեկո:
— Այս ջուրը Արարատի գագաթի հավերժական սառույցներից է ստացվել,- ցույց տալով սրվակը՝ ներկաներին ասաց նա:
— Ես մի խնդրանք ունեմ,- միջամտեց Լեւոն Շանթի անվան դպրոցի աշակերտուհի Եվա Ներսիսյանը,- այդ ջրից մի քանի կաթիլ շաղ տալ Շիրազի շիրիմին:
«Պարզապես աշակերտուհու նույնատիպ առաջարկը եւ՛ անակնկալ էր, ե՛ւ արդեն պարտավորեցնող: Բերված ջուրը Բալահովիտի մատուռում օրհնեց Տեր Հակոբը եւ այնտեղ պահվեց մոտ մեկ տարի, մինչեւ Կայֆաջյանի հաջորդ այցը Հայաստան:
2001 թ. սեպտեմբերի առաջին օրերին էր: Պանթեոն գնացինք Ս. Կայֆաջյանի, Ս. Գասպարյանի եւ իմ 12-ամյա դստեր հետ: Պահը հուզիչ էր… Պատահաբար Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում էր Իրանում բնակվող մեր հայրենակիցների մի խումբ… Նրանք նույնպես շատ էին ոգեւորված այդ արարողությանը ներկա լինելու առիթով»,- պատմեց «Գոլոս Արմենիի» թերթի մարզական լրագրող Աշոտ Լեւոնյանը:

ՀԱԿՈԲ   ՄԱՆԱՆԴՅԱՆ

Ծնվել է 1873 թ. նոյեմբերի 10-ին Ախալցխայում: 1883-1893 թթ. սովորել է Թիֆլիսի առաջին դասական գիմնազիայում, իսկ 1893-1897 թթ. Վիեննայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում: Մանանդյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն եւ ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1896 թ. էքստեռն կարգով ավարտել է Պետերբուրգի համալսարանի արեւելյան լեզուների ֆակուլտետը եւ ստացել հայ-պարսկական բանասիրության թեկնածուի առաջին կարգի դիպլոմ, իսկ 1909 թ.՝ Դորպատի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դիպլոմ: Դասավանդել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում (1900-1905 թթ.), Թիֆլիսի առաջին եւ երկրորդ արական գիմնազիաներում, Ներսիսյան դպրոցում, Բաքվի ժողովրդական համալսարանում (1911-1913 թթ.):
Մանանդյանը Երեւանի համալսարանի հիմնադիրներից է, եղել է նրա առաջին ռեկտորը (1921 թ.), արեւելագիտության, ապա պատմագրական ֆակուլտետների դեկան (1921-1923 թթ.), հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ (1921-1925 թթ.), նույն ամբիոնի պրոֆեսոր (1925-1931 թթ.):
1931-ից Մանանդյանն ընդհատել է դասախոսական աշխատանքը եւ զբաղվել միայն գիտահետազոտական գործունեությամբ: Նա թողել է հայերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներով ավելի քան 100 աշխատություն՝ նվիրված հայ ժողովրդի հին եւ միջնադարյան պատմության ու բանասիրության, տեսության եւ այլ հարցերի: 1928 թ. Վիեննայում հրատարակվել է Մանանդյանի «Հունաբան դպրոցը եւ նրա զարգացման շրջանները» ընդհանրացնող մենագրությունը:
Հայ պատմագրության մեջ առանձնանում է 1941 թ. ռուսերեն լույս տեսած նրա «Մեսրոպ Մաշտոցը եւ հայ ժողովրդի պայքարը մշակութային ինքնուրույնության համար» կոթողային աշխատությունը, ուր նա բացահայտել է հայ գրերի վերականգնման հետ կապված մի շարք առեղծվածներ:
Մեծ գիտնականը համոզիչ փաստարկներով ապացուցեց Տիգրան Բ-ի մասին հռոմեական սկզբնաղբյուրներում պահպանված վկայությունների միակողմանի, «գունազարդված» բնույթը, վեր հանեց նաեւ հռոմեական նվաճողների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մինչ այդ չլուսաբանված դրվագները: Մանանդյանը ցույց տվեց, որ Տիգրան Բ-ն ոչ թե Միհրդատ VI Եվպատորի կամակատարն էր, այլ ինքնուրույն քաղաքականություն վարող խոշոր գործիչ:

Հուշեր Հակոբ Մանանդյանի մասին «…Երկու եղբայրներ էին Մանանդյանները: Անօրինակ ջերմ սիրով կապված իրար հետ, մանավանդ կրտսերը՝ Արսենը: Ուստի գրել Հակոբի մասին, բաժանել նրան անբաժան Արսենից մեղք գործած կլինեի նրանց հիշատակի առաջ… Արթուն պահակի նման Արսենը հետեւում եւ հսկում էր Հակոբին, չլինի թե… Հակոբի ոտքը քարի առնե:
Բնավորությամբ մեղմ, բարեհամբույր մարդ էր Հ.Մանանդյանը: Հագի զգեստներն էլ միշտ կոճկված էին լինում մինչեւ վերջին կոճակը:
…Մի առանձին համակրանք էին ցուցաբերում եղբայր Մանանդյանները հայրենակիցների՝ ախալցխացիների նկատմամբ: Իրենց նիստուկացի մեջ պահպանել էին շատ բան հայրենի քաղաքից: Չնայած տասնյակ տարիներ առաջ հեռացել էին այնտեղից, բայց առոգանության, խոսակցության մեջ, հրապարակային դասախոսությունների ժամանակ անգամ մի քանի բառով «մատնում էին» իրենց որտեղացի լինելը: Լուկուլլոսի մասին խոսելիս ակադեմիկոսը միշտ ասում էր՝ իքը՝ Հուկուլոսը:
-Ճիպտան լավ ըսիր,-ասում էր հաճախ նաեւ Արսենը,-երբ մերոնցից մեկը խոսքը ասում էր տեղին:
…Երբ Հակոբ Մանանդյանն ընտրվեց միութենական ակադեմիայի իսկական անդամ… Արսենը, որին կատակով Մանանդյանների տան «կոմենդանտ» էին անվանում, խիստ ձեւով հսկում էր:
— Եղբայրս պարապում է, ժամանակը թանկ է,-այդպես էր պատասխանում նա դիմավորողներին: Ինքը՝ Արսենը, որ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիմնադիրներից մեկն էր եւ աչքի ընկնող մասնագետ դասախոս, թողեց ինստիտուտը… եղբորը եւ քրոջը ծառայելու պատրաստակամությամբ:
…1948 թ. Մոսկվայից Երեւան էր եկել թատերագետ Գեւորգ Գոյանը, ուզում էր հանդիպել Հակոբ Մանանդյանի հետ՝ օգտակար խորհուրդներ ստանալու համար: …Լսելով որ Մանանդյանները իմ հայրենակիցներն են եւ լավ են վերաբերվում մեզ, մի անգամ խնդրեց բարեխոսել, համոզել Արսենին, որ թույլ տա այցելել ակադեմիկոսին:
…Արսենը ձեռնափայտը պտտեցնելով ժպտաց եւ ասաց.
— Մեկ ժամից ավելի չզբաղեցնե, եղբայրս հոգնած է:
Այդ ասելուն պես գրպանից հանեց «Սարկիսով» տիպի ժամացույցը, նայեց եւ գնաց մյուս սենյակը:
…Բավական ժամանակ էր արդեն անցել… Մեկ էլ ներսի սենյակից լսվեց Արսենի արհեստական հազի ձայնը… Ես նայեցի ներսի սենյակի կողմը: Արսենը դռան մոտ կանգնած էր արդեն եւ հեռվից ցույց էր տալիս ինձ ժամացույցը… Ակադեմիկոսը անձանձիր շարունակում էր պատասխանել, մեկ էլ կատարվեց այն, ինչ սպասում էի… Երբ վեր կացանք շնորհակալություն հայտնելու եւ հրաժեշտ տալու, Արսենը սրտնեղված մոտեցավ ինձ եւ կամացուկ ասաց.
— Չանկյան (ծնոտը) եղած մարդ է, որ թողնեի հարցերին վերջ չէր լինի:
Մի ուրիշ անգամ ուզում էի իմանալ ակադեմիկոսի կարծիքը Սյունյաց իշխան Վասակի մասին: Մի քանի օրից եղա Մանանդյանի մոտ: Շատ լավ ընդունելություն գտա ո՛չ միայն Հակոբ Համազասպովիչի ու Արսենի, այլեւ նրանց քրոջ՝ Աստղիկի կողմից: Հյուրասիրվեցի վերջինիս պատրաստած Ախալցխայի բերակով եւ գաթայով: Մեր զրույցին մասնակցեց Արսենը, որը սովորաբար, երբ Հակոբի մոտ մարդ էր գալիս, թողնում գնում էր մյուս սենյակը…
Երբ վեր կացա գնալու, ակադեմիկոսը հարցրեց.
— Ինչո՞ւ եք շտապում, մնացեք մի քիչ էլ կզրուցենք:
— Չէ, վախենում եմ ընկեր Արսենը հանկարծ գրպանից հանի «Սարկիսովը» (ժամացույցը):
Արսենը մի քիչ կարմրեց, եւ բոլորս էլ սրտանց ծիծաղեցինք:
…Ինձ բախտ վիճակվեց լսել Մանանդյանի հրապարակային մեկ դասախոսություն եւս Մեսրոպ Մաշտոցի մասին… Եղբոր վերարկուն թեւը գցած Արսենի հետ տեղ բռնեցինք առաջին շարքում: Մանանդյանը թեեւ կարդում էր գրածը, բայց հաճախ կտրվում էր բնագրից կենդանի խոսքի ուժ հաղորդելու նպատակով… կարդում էր հռետորական խոսքի մեծ արվեստով, ոգեւորված… ազգային հպարտության մեծ զգացումով ու ջերմ շնչով…
Զեկուցմանը ներկա էր եւ Ավետիք Իսահակյանը ու լսում էր շատ ուշադիր:
Անցան տարիներ: Հակոբ Մանանդյանի մահից հետո, ավելի հաճախ էի տեսնում որբացած, թեւաթափ եղած Արսենին: Հիմա նրա մտահոգության միակ առարկան էին դարձել եղբոր ձեռագիր մնացած մեծ ու փոքր գործերի տպագրության հոգսերը: Եվ ավելի պետք է ասել, որ նրան հաջողվեց բավական բան հրատարակել:
Հիրավի սիրող եղբայրներ էին Մանանդյանները: Այդպիսին էլ մնացին նրանք մոտիկից ճանաչողների հուշերում» (Հովհաննես Ղանալանյան, Հուշ-դիմանկարներ, Ե., 1987, էջ 4-16):
Հակոբ Մանանդյանը վախճանվեց 1952 թ. փետրվարի 4-ին:
Կազմվեց թաղման կառավարական հանձնաժողով հետեւյալ կազմով` Ս. Միքայելյան (նախագահ), Մ. Ներսիսյան, Գ. Պետրոսյան, Վ. Գյուլանյան, Ա. Հովհաննիսյան, Վ. Սեկոյան:
Հանձնաժողովը որոշեց` թաղումը կատարել փետրվարի 6-ին, ժամը 15-ին, Պետհամալսարանի բակում (Աբովյան փողոց), մեծ գիտնականին վերջին հրաժեշտ տալու համար դագաղը դնել Գիտությունների ակադեմիայի դահլիճում:
Հ. Մանանդյանի հիշատակը հավերժացնելու համար Հայաստանի Մինիստրների սովետը սահմանեց նրա անվան երեք թոշակ:
Մահվան առիթով ցավակցություն հրապարակեցին Հայաստանի Կոմկուսի Կենտկոմը եւ ՀԽՍՀ Մինիստրների սովետը, Գիտությունների ակադեմիայի նախագահությունը, Պատմության ինստիտուտը, Պետհամալսարանի գիտական խորհուրդը եւ այլ կազմակերպություններ ու անհատներ:

Հ. Մանանդյանի մահվան առիթով մամուլում եղան մի շարք հրապարակումներ: «Չնայած ծերությանը, Հ. Մանանդյանը շարունակում էր անխոնջ կերպով աշխատել Հայաստանի հին եւ միջնադարյան պատմության վերաբերյալ բազմահատոր աշխատությունն ավարտելու վրա, որի երկու հատորը նա արդեն պատրաստել էր տպագրության…»,- ասվում էր մահախոսականում, որն ստորագրել էին` Վ. Համբարձումյանը, Հ. Աճառյանը, Ծ. Աղայանը, Հ. Բունիաթյանը, Ս. Երեմյանը, Ա. Իոսիֆյանը, Ա. Իսահակյանը, Ա. Ղարիբյանը, Ա. Մելիքսեթբեկը, Ա. Շահինյանը, Բ. Պիոտրովսկին, Վ. Ռշտունին, Հ. Օրբելին եւ ուրիշներ (Սովետական ուսանողություն, 5 փետրվարի 1952):
«…Լինելով մեծ էրուդիցիայի տեր՝ տաղանդավոր գիտնականը կարողանում էր թափանցել մեր ժողովրդի պատմության կնճռոտ հարցերի մեջ ու տալ նրանց լուծումը գիտական համոզվածությամբ ու բարեխղճությամբ:
Նրա անխոնջ աշխատասիրությունը, գիտության մեջ հանդես բերած կրքոտությունն ու խստապահանջությունը կարող է օրինակ ծառայել հայագիտության բնագավառում աշխատող պատմաբանների մի ողջ սերնդի»,- ասվում էր մահախոսականում, որն ստորագրել էին Մ. Աբեղյանը, Հ. Ժամկոչյանը, Լ. Ղարիբջանյանը, Ա. Մելիքյանը, Ս. Ներսիսյանը, Գ. Պետրոսյանը, Ս. Պողոսյանը, Վ. Ռշտունին, Հ. Ութմազյանը եւ ուրիշներ (Սովետական ուսանողություն, 8 փետրվարի 1952):
Հակոբ Մանանդյանի աճյունը վերաթաղվեց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում 2001 թվականի հունիսի 13-ին: Մեկ ամիս անց տեղափոխվեցին նաեւ նրա տապանաքարն ու կիսանդրին:

ՀԱՄՈ  ՍԱՀՅԱՆ


Հ. Սահյան Ծնվել է 1914 թ. ապրիլի 14-ին Լոր գյուղում (Սիսիանի շրջան): 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մինչեւ ռազմաճակատ մեկնելն աշխատել է Սիսիանի շրջանային թերթում, թղթակցել Բաքվում լույս տեսնող «Խորհրդային գրող» ամսագրին, 1945-1951 թթ.՝ «Ավանգարդ» թերթին, 1954-1965 թթ.՝ «Ոզնի» հանդեսին: 1967 թ. եղել է «Գրական թերթի» խմբագիր: Սահյանը ստեղծագործել է դեռեւս 30-ական թվականներից, սակայն համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ: Հ. Սահյանի հանրահայտ ստեղծագործություններն են «Որոտանի եզերքին», «Առագաստ» (1947 թ.), «Սլացքի մեջ» (1950 թ.), «Ծիածանը տափաստանի մեջ» (1953 թ.), «Բարձունքի վրա» (1955 թ.), «Նաիրյան դալար բարդի» (1958 թ.), «Հայաստանը երգերի մեջ» (1962 թ.) ժողովածուները, որոնք ընդլայնեցին Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումները: «Մայրամուտից առաջ» (1946 թ.), «Քարափների երգը» (1968 թ.), «Տարիներ» (1970 թ.) ժողովածուները նոր սկիզբ են նրա ստեղծագործության մեջ, որտեղ Սահյանը հանդես է գալիս որպես գեղագետ-փիլիսոփա՝ դրսեւորելով իր կապը հոգեւոր արմատների հետ: Նրա «Սեզամ բացվիր» (1972 թ.), «Իրիկնահաց» (1977 թ.), «Կանաչ, կարմիր աշուն» (1980 թ.) ժողովածուները սիրվել ու գնահատվել են տարբեր սերունդների կողմից: Սահյանը կատարել է թարգմանություններ ռուս բանաստեղծների ստեղծագործություններից:

Համո Սահյանի վերջին օրերը
(Հովհաննես Այվազյանի հուշերից) «…Համո Սահյանը պառկած է՝ դեմքը պատի կողմը…
Հիվանդասենյակում են Համո Սահյանի կինը՝ Սվետլանան, քույրերը, երկու դեռահաս աղջիկ զարմուհիները, տարիների մտերիմներ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն ու իր կինը՝ Օդենան:
…Շնչարգելություն: Այրոցքը խեղդում է: Թույլ ձեռքը գնում է կրծքավանդակի աջ կողմին ու կծկվում ցավից: …Թթվածինն օգնեց: Աչքերը բացեց: Ներկաները քաջալերում էին ինձ, որ խոսեմ:
— Գիրքը համարյա վերջացրի, Վարպետ: …Երկուշաբթի կհանձնեմ հրատարակչություն:
— Հա՞,-ուրախացավ:
— «Նաիրիի» ղեկավարությունը խոստացել է շատ արագ՝ մի երկու ամսում հրատարակել Ձեր «Հատընտիրը»:
— Շատ շնորհակալ եմ,-թույլ ժպտաց: Երկու մատը վեր պարզեց ու իջեցրեց:
— Լավ նշելու ենք,-ասացի:
— Ինձ երկու օր է մնացել,- նորից վեր պարզեց զույգ մատը:
…Րոպեն մեկ, թվում է վայրկյանը մեկ՝ այրոցք: Դեմքն անընդհատ ծամածռվում է շնչափողի ցավերից…
— Չի անցնում էս այրոցքը… Սպանում է… Երկու անգամ ուժեղ դեղ սրսկեցին… Չօգնեց…
Ու վերադառնում է մեր զրույցի շարունակությանը.
— Սվետան էլ մյուս գիրքը կարդաց, վերջացրեց… Տեսա՞ր չէ, հենց էստեղ հիվանդանոցում սրբագրեց… Մերուժանը եկավ տարավ… Տեր-Գուլանյան…
Համո Սահյանը որոշել էր վերնագիրը «Վերջին լեռնանցք» դնել: Հետո իր նախավերջին օրը փոխել էր, դարձրել «Ինձ բացակա չդնեք»:
— Մանսուրյանն ավարտեց թումանյանական շարքը,-ասացի,-չորս երգ Քուչակից, չորս երգ՝ Թումանյանից, չորս երգ՝ Տերյանից, չորս երգ՝ Սահյանի՛ց:
— Հը՛մ,- ակնարկս հասկանալու նշան տվեց:
— Լավն են, չէ՞, երգերը,-հարցրեց Համո Սահյանը,- ափսոս չեմ լսել:
…Սկսեց թվարկել՝ «Արագիլ», «Ուլունք», «Ճնճղուկներ», «Կանաչ ախպեր»…
— Տիգրանն ու՞ր է, ինչու՞ չեկավ… Ասա՝ կարոտում եմ իրեն… Ասա պաշտում եմ իրեն…
Տիգրան Մանսուրյանին չէր տեսել ընդամենը մեկ շաբաթ: Նախորդ ուրբաթ միասին էինք եղել հիվանդանոցում:
— Գրքիս վերնագիրը՝ «Քարե պատարագ»,- երկու բառն էլ շեշտեց հատ-հատ:
Վերջին օրերը վերնագրի վրա էր տանջվում ու ամենալավը չէր գտնում… Ահա: Վերջին ժամերին: «Քարե պատարագ»:
Մինչեւ վերջին պահը միտքը՝ պարզ: Մինչեւ վերջին պահը՝ բանաստեղծ: Մինչեւ վերջին պահը ստեղծագործության մեջ: Մինչեւ վերջին պահը՝ անտրտունջ:
…Կողքի պատշգամբից Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության հնչյունները լսեցինք… Սվետան միացրեց ռադիոն: Մանսուրյանի հնչյունները ողողեցին Համո Սահյանին:
Ժամը 20.30-ն էր: Ներս եկավ Համո Սահյանի ավագ որդին՝ Նաիրին: Ներքին տառապանքը թաքցրած, ասաց.
— Հայրիկը քնել է, հանգիստ թողեք, թող քնի: Սենյակից դուրս եկեք բոլորդ:
Վերջին անգամ ձեռքս դրի Համո Սահյանի ոտքին՝ տպավորությունս նույնն էր՝ սառչում է: Վերջին հրաժեշտի հպումն էր: Վերցրեցի Սվետայի տված՝ Համո Սահյանի վերջին տուփ ծխախոտը՝ որպես հիշատակ:
…Իմ գնալուց հետո շնչել էր եւս երեք ժամ 10 րոպե առանց գիտակցությունը կորցնելու: Բայց այլեւս չէր խոսել…»:
(Համո Սահյան, Գրչի, խոսքի, խղճի կշիռը,
Ե., 2003, էջ 251-259) Համո Սահյանը վախճանվեց 1993 թ. հուլիսի 17-ին:
Ճանաչված գրողի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվեց կառավարական հանձնաժողով հետեւյալ կազմով՝ Հ. Բագրատյան (նախագահ), Գ. Ավագյան, Ա. Բաբլոյան, Վ. Դավթյան, Գ. Էմին, Հ. Թամրազյան, Ս. Խանզադյան, Ա. Խաչատըրյան, Վ. Խաչատրյան, Ս. Կապուտիկյան, Հ. Հակոբյան, Հ. Հով-հաննիսյան, Ա. Ղազարյան, Ռ. Ղազարյան, Հ. Մաթեւոսյան, Մ. Մարգարյան, Ֆ. Մելոյան, Ա. Սահակյան, Ս. Սահակյան:
Հանձնաժողովը տեղեկացրեց, որ վերջին հրաժեշտի համար աճյունը դրվելու է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի շենքում: Թաղումը տեղի է ունենալու հուլիսի 21-ին ժամը 14-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Մամուլում հրապարակվեցին Հ. Սահյանին նվիրված բազմաթիվ մահախոսականներ եւ հոդվածներ: «…Ժողովրդական բարձր ու գունագեղ մտածողության տեր անհատ էր Համո Սահյանը, ամենուր սիրված ու փնտրված, իր երգերի պես անպաճույճ ու խոր… Նրա ճշմարիտ պոեզիան, որ հնչեցնում է մեծ ժամանակի ղողանջը, ստեղծել է իր լեզուն ու իր աշխարհը եւ դրանք նույնքան վավերական ու կենսական գոյություններ են, որքան Հայաստան աշխարհն ու հայ ժողովուրդը»,-ասվում է կառավարության հրապարակած մահախոսականում, որն ստորագրել էին ՀՀ Նախագահը, ՀՀ Գերագույն խորհուրդը, ՀՀ կառավարությունը, Հայաստանի գրողների միությունը:
(Հայաստանի Հանրապետություն, 21 հուլիսի1993)
«Աստվածային մի մարդ ընդմիշտ հեռացավ: Աշխարհի խիղճն իր մեջ ամբարած: Աստվածային մի սիրտ ընդմիշտ դադարեց… որ իմաստուն մանուկ էր, հարազատ եղբայր, մեր բնաշխարհի պես պարզ ու գեղեցիկ եւ խորախորհուրդ, մեր հող ու ջրի, ծաղկաբույր զեփյուռի պես հոգեհարազատ… մեր մեծերի համաստեղության երկնակամարում մի աստղ էլ բռնեց հավիտենականության ճամփան…»:
Գոհար Գասպարյան
«Նա գնաց տանելով բանաստեղծի ներշնչանքը, մտածողի իր փորձը, կյանքի իմացությունը, որ այնքան անհրաժեշտ է այսօրվա Հայաստանին թիավարելու համար»:
Աղասի Այվազյան
«Հ. Սահյանի բանաստեղծությունների խորհուրդն անկորուստ ունկնդիրներին հաղորդելը բարձրաձայն ընթերցմամբ հնարավոր չէ պարզապես… Դրանք պիտի մրմնջալ մոլեռանդ հավատացյալ քրմուհու նման, որը «ծալված ծնկներով» աղոթքի է իջել Հայաստան-Տիրամոր նկարի առաջ…»:
Վարդուհի Վարդերեսյան
(Հայաստանի Հանրապետություն, 21 հուլիսի 1993)

Համո Սահյանի թաղումը Հուլիսի 21-ին հանրապետության հասարակությունը վերջին հրաժեշտը տվեց հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանին:
Հանգուցյալի դագաղը դրված էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի ճեմասրահում: Այնտեղ էին Հայաստանի գրականության, արվեստի, գիտության նշանավոր գործիչներ:
Սահյանի դագաղի մոտ պատվո պահակ կանգնեցին ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Բ. Արարքցյանը, վարչապետ Հ. Բագրատյանը: Ժամը 14-ին սգո թափորը շարժվեց դեպի Կոմիտասի անվան զբոսայգի, որտեղ կայացավ սգո հավաք: Խոսք ասացին Հայաստանի գրողների միության նախագահ Վահագն Դավթյանը, արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Սիսիանի շրջխորհրդի նախագահ Սամվել Սահակյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հակոբ Մովսեսը հրապարակեց ստացված ցավակցական հեռագրերը՝ Վրաստանի ԳԽ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեից, Մոսկվայի, Ռուսաստանի, Վրաստանի գրողների միություններից, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանից, Համո Սահյանի ծննդավայր Լոր գյուղի բնակիչներից:
Սգո մեղեդիների հնչյունների ներքո մեծ բանաստեղծի աճյունը հանձնվեց հողին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԲԵԼՅԱՆ

Ծնվել է 1865 թ. հոկտեմբերի 10-ին Շամախիում: 1872 թ. երկրաշարժից հետո ընտանիքով տեղափոխվել է Բաքու: Բեմական գործունեությունը սկսել է 1882 թ. Բաքվում, Ա. Գոնչարովի ռուսական թատերախմբում:
1886 թ. ընդունվել է Թիֆլիսի հայոց դրամատիկական ակումբի խումբը, դիմախաղի, ձայնի առոգանության դասեր առել Պ. Ադամյանից: 1891 թ. հիմնել է Թիֆլիսի «Հայոց դերասանական ընկերություն» թատերախումբը, իսկ 1908 թ. Ա. Արմենյանի հետ՝ Աբելյան-Արմենյան թատերախումբը: 1912 թ. գլխավորել է հայ թատրոնի հյուրախաղերը Մոսկվայում եւ Պետերբուրգում: Տեղի հայկական խմբերի հետ նա ներկայացումներ է տվել Կ. Պոլսում, Կահիրեում, Բեռլինում («Օթելլո» հայերեն), եվրոպական այլ քաղաքներում եւ Ամերիկայում: 1925 թ. Հայաստանի կառավարության հրավերով Աբելյանը վերադարձել է Երեւան, ընդունվել Առաջին պետթատրոն (այժմ՝ Սունդուկյանի անվան): Եղել է Շիրվանզադեի կերպարների չգերազանցված մարմնավորողը: Լավագույն դերակատարումներից են նաեւ Պեպո, Պաղտասար, Աբիսողոմ աղա, Քաջ Նազար եւ այլն: 1925 թ. «Նամուս» կինոնկարում խաղացել է Բարխուդարի դերը:
1932 թ. Աբելյանին շնորհվել է ՀԽՍՀ Աշխատանքի հերոսի կոչում: Վանաձորի (Կիրովական) դրամատիկական թատրոնը կոչվում է նրա անունով: …Իր հայտարարությանց վրա խոշոր տառերով գրված էր.
«Ոչ ոքի տոմսակ չուղարկվիր»:
Մինչ այդ Պոլիս այդ տեսակ բան չէր տեսեր…
Բայց ներկայացումն անցեր էր այնչա՜փ հոյակապ, Աբելյանն այնպես գերազանցեր էր ինքզինքը, որ երկրորդ արարի միջնարարին Գրիգոր Զոհրապն օթյակեն բեմ ցատկելով ճառ մը ըսեր էր՝ պախարակելով պոլսահայ առաջնակարգ հասարակությունը, որ չէր եկած տեսնելու այս առաջնակարգ խումբը, որ կը մրցեր փարիզյան ամենեն նշանավոր խումբերուն հետ…» (Ե. Թոլայան, Հ. Աբելյանը Պոլսում, Խորհրդային արվեստ, 1936, N 13-14):

«…23 մարտի 1919 թ.
Գրական-երաժշտական երեկո էր Թիֆլիսի Արտիստական թատրոնի համերգային դահլիճում Թումանյանի եւ Աբելյանի պատվին: Երեկոյից հետո կայացավ ճաշկերույթ, ուր Հովհ. Թումանյանն իր բաժակաճառում ասաց հետեւյալը. «Ես խմում եմ մի մարդու կենացը, որ մեր գրականությանը նվիրել է մի բանաստեղծ եւ փրկել է հայ թատրոնը մի անշնորհք դերասանից:
Բանն այն է, որ ես ուզում էի դերասան դառնալ: Գնացի թատրոն, էս կողմ ընկա, էն կողմ ընկա, մի կերպ երկու խոսքանոց մի դեր տվեցին ինձ: Ներկայացումից հետո ուրախ-ուրախ գնացի Հովհաննեսի մոտ ու հարցրի.
— Պարոն Աբելյան, ո՞նց խաղացի:
— Դու ի՞նչ էիր խաղում,- հարցրեց Աբելյանը:
— Այսինչ դերը,- պատասխանեցի ես:
— Հա, էդ դո՞ւ էիր,- ասաց Հովհաննեսը եւ սկսեց մտածել:
Իսկ իմ սիրտը բաբախում էր, անհամբեր սպասում էի պատասխանի.
— Գիտե՞ս ինչ, ա՜յ տղա, մե՜ղք ես, գնա մի ուրիշ գործով պարապիր, քեզանից դերասան դուրս չի գա» (Թումանյանը ժամանակակիցների հուշերում, Հ. Աբելյան, Մինն իմ հուշերից՝ Հովհ. Թումանյանի կյանքից Երեւան, 1969, էջ 761-762):

Հովհաննես Աբելյանի կյանքի վերջին օրերը
(Բ. Հարությունյանի «Հովհաննես Աբելյան» գրքից) 1936 թ. հունիսի 5-8-ը տեղի ունեցան Աբելյանի վերջին ելույթները Թիֆլիսում Արուս Ոսկանյանի եւ Հայ դրամայի դերասանների հետ: Հունիսի 10-22-ին մասնակցեց Բաքվի Հայկական թատրոնի հյուրախաղերին Կիրովաբադում:
Հունիսի 26-ին Թիֆլիսից գնացքով մեկնեց Երեւան: Հունիսի 28-ին Երեւանի օպերային թատրոնում դիտեց Գերտելի «Չարաճճի» բալետը, ուր մասնակցում էր իր թոռնիկը՝ Ջիլդան: Հունիսի 29-ին Աբելյանը եղավ Երեւանի առաջին պետթատրոնում եւ «Արքա Լիր» բեմադրության աշխատանքները սկսելու կապակցությամբ զրույց ունեցավ բեմադրիչ Արմեն Գուլակյանի հետ: Հունիսի 30-ին հիվանդ Աբելյանը առավոտյան տեղափոխվեց Երեւանի տրոպիկական հիվանդությունների ինստիտուտ: Օրվա վերջին նրա վիճակը ծանրացավ: «Մահամերձ Աբելյանը դժվարությամբ էր շնչում, հանկարծ բացեց աչքերը եւ հարցրեց.«Ջիլդուշան այս երեկո մասնակցու՞մ է»: Դուստրը դրական պատասխան տվեց: Աբելյանը կիսաշունչ հրահանգեց. «Գնաց Ջիլդուշան»: Նա իր կյանքի վերջին ժամերին անգամ ուզում էր, որ թոռնիկն էլ լինի պարտաճանաչ, ճշտապահ՝ իր նման»,- վերհիշում է Մկրտիչ Ջանանը:
1936 թ. հուլիսի 1-ին առավոտյան ժամը յոթն անց քսանհինգին Աբելյանը վախճանվեց: Մահվան պահին ներկա էին կինը, դուստրը, Մկրտիչ Ջանանը, Վաղարշ Վաղարշյանը, Վավիկ Վարդանյանը:

Բժշկական հանձնաժողովի եզրակացություն «Աբելյանը տառապել է անոթների ընդհանուր խիստ արտահայտված կարծրությամբ, սրտի մկանի ուժեղ կազմափոխությամբ, թոքերի էնֆիզեմայով:
Այս հիվանդություններին համակցել է թոքերի բորբոքումը, որն իր հերթին առաջացրել է սրտի կաթված» (Պրոֆ. Ե. Բեկ-Հովսեփյան, Գ. Ղեւոնդյան, Լ. Հովհաննիսյան, Գ. Սաղյան, Ա. Հով-սեփյան):
Հովհաննես Աբելյանի թաղման համար կազմվեց հանձնաժողով` Ա. Եղիազարյան (նախագահ), Դ. Սիմոնյան, Հ. Պողոսյան, Գ. Ավետիսյան:
Հովհ. Աբելյանի մահվան առիթով ցավակցություն հրապարակեցին ՀԽՍՀ Կենտգործկոմը, ՀԽՍՀ առաջին պետթատրոնը, Երեւանի տիկնիկային թատրոնը, Հայ դրամկոմի վարչությունը, Հայպետհրատը, Պատանի հանդիսատեսի թատրոնի վարչությունն ու կոլեկտիվը, ՀԽՍՀ պետօպերայի տնօրինությունը, Կերպարվեստագետների միությունը, Վրաստանի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի արվեստի վարչությունները, Ադրբեջանի գրողների միությունը, Վ. Փափազյանը Մոսկվայից, կոմպոզիտոր Մայիլյանը, գրող Հ.Հակոբյանը, նվագավար Ա. Մելիք-Փաշայանը:

Մամուլում հրապարակվեցին Աբելյանին նվիրված բազմաթիվ մահախոսականներ եւ հոդվածներ: «Ժողովուրդների սիրուն եւ մեծարանքին արժանացած, դերասանական բազմաթիվ սերունդների փայփայանքով շրջապատված, հայ բեմի խոշորագույն վարպետն այլեւս չկա…Նա իր վսեմ ռեալիստական արվեստը հիսունհինգ տարիներ անդադար փայլեցրել է հայ բեմի վրա…»,- ասվում էր կառավարության մահախոսականում (Խորհրդային Հայաստան, 2 հուլիսի 1936):
«Մեր նոր սերունդը, որ կոչված է փոխարինելու հին վարպետներին, պետք է տեսներ ու սովորեր քեզանից, թե ինչպես են սիրում բեմը, ինչ երկյուղածությամբ ու պատկառանքով են մտնում այդ տաճարը, որի սյունն էիր դու» (Միքայել Մանվելյան, Խորհրդային Հայաստան, 3 հուլիսի 1936):
«Աբելյանն իր արվեստի վարպետության հետ միասին հիմք է դրել հայկական թատրոնի դերասանական արվեստի ռեալիստական դպրոցին, դրա հետ միասին ձեռնամուխ է եղել նաեւ հայկական դրամատուրգիայի զարգացմանն ու ջատագովման կարեւորագույն գործին» (Վ. Վաղարշյան, նույն տեղում):
«Ես չեմ հիշում մի ռեժիսոր, որ ցուցումներ տար Աբելյանին, որովհետեւ նա դրա կարիքը երբեք չի զգացել: Իսկ ինքն իր հերթին միշտ դրանից դժգոհել է, ասելով.
— Եղբայր, ինչո՞ւ չեք մի անգամ էլ ինձ ասում, թե բեմի վրա ես ի՞նչ դիրք բռնեմ: Մի՞թե ես սովորելու կարիք չունեմ:
Համեստ էր Աբելյանը, աշխատունակ, օժտված ստեղծագործական մեծ ուժով: Այդ էր պատճառը, որ մեր՝ արվեստագետներիս մեջ նա արդարացի կերպով բեմի արքա էր կոչվում» (Ալեքսանդր Տուգանով, Կոմունիստ, 3 հուլիսի, 1936):
«Քսանչորս ժամվա մեջ, սակայն, փլավ այդ վիթխարի կաղնին: Մեռավ այնպես, ինչպես որ ապրած էր ամբողջ կյանքում՝ հպարտ, առույգ, երջանիկ, առանց ոչ ոքի որեւէ տաղտուկ պատճառելու, առանց ոչ մեկի ձանձրացնելու, խելքը՝ գլխին, ժպիտը՝ շրթունքին, վարդը՝ կրծքին:
Տիտան մըն էր, որ անհայտացավ…» (Ե. Թոլայան, Խորհրդային արվեստ, 1936, թիվ 13-14, էջ 182):
«…Աբելյանը մինչեւ վերջին շունչը ստեղծագործող ուժ էր բեմի վրա …չմեռավ իրենից առաջ, մեռավ իր հետ եւ այն էլ ֆիզիկապես… Աբելյանը գնաց մահվան դեմ վահանի վրա, իբրեւ արի մարտնչող…» (Դ. Դեմիրճյան, Խորհրդային արվեստ, 1936, թիվ 13-14, էջ 180):

Հովհաննես Աբելյանի թաղումը Թիֆլիսից եւ Բաքվից Երեւան ժամանեցին Վրաստանի եւ Ադրբեջանի կառավարական պատվիրակությունները մասնակցելու Աբելյանի թաղմանը:
Հուլիսի 3-ին ժ. 18-ին Աբելյանի աճյունը տեղափոխվեց Կուլտուրայի տան դահլիճը: Հուլիսի 3-ին ժամը 19-22-ը եւ հուլիսի 4-ին ժամը 10-15-ը ժողովուրդը հրաժեշտ էր տալիս սիրելի դերասանի աճյունին:
Հուլիսի 4-ին ժամը 10-15-ը դագաղի մոտ պատվո պահակ կանգնեցին արվեստի եւ մշակույթի գործիչներ, աշխատավորներ, ՀԿԿ եւ կառավարության ղեկավարներ Ա. Խանջյանը, Ա. Գուլոյանը, Ս. Մարտիկյանը:
Հուլիսի 4-ին ժամը 16-ին տեղի ունեցավ սգո հավաք: Բացման խոսք ասաց Դ. Սիմոնյանը: Ապա ելույթ ունեցան Ակակի Խորավան (Թբիլիսիից), Միրզա Աղա Ալիեւը (Բաքվից), Գ. Առուստամյանը (Բաքվի պատվիրակության ղեկավար), Ազատ Վշտունին:
Հուղարկավորների թափորը դագաղը դուրս բերեց Կուլտուրայի տնից եւ Լենինի անվան հրապարակով շարժվեց դեպի Հայ Կուլտուրայի գործիչների պանթեոն: Երեւանի առաջին պետ. թատրոնի մոտ թաղման թափորը կանգ առավ:
Սեւով պատած շենքի պատշգամբից թատրոնի կոլեկտիվի անունից հրաժեշտի խոսք ասաց Արմեն Գուլակյանը.
«Այսօր քեզ մեր վերջին հրաժեշտն ենք տալիս քո միակ տան շեմքից, սիրելի՛ ուսուցիչ եւ դաստիարակ, այն տան շեմքից, որի մոտով դու անցար, կանգ առար եւ, առաջին անգամ քո կյանքում, ներս չմտար եւ, ցավոք սրտի, այլեւս էլ երբեք ներս չես մտնելու: Այսօր հայ թատրոնը, խորհրդային թատրոնը ընդմիշտ հրաժեշտ է տալիս այն մեծատաղանդ ստեղծագործին, որն իր կյանքի երկու երրորդը նվիրել է այսօրվա բեմարվեստի կառուցման գործին, իր մեծ տաղանդով միշտ էլ փայլ է տվել հայ բեմին եւ այսօր, իր մահով, լայն ճեղք է բացել հայ թատրոնի շենքի մեջ: Մենք երախտապարտ ենք քեզ, սիրելի՛ ուսուցիչ, այն մեծ ժառանգության համար, որ դու թողել ես հայ թատրոնին եւ հայ հասարակությանը քո անզուգական տաղանդով՝ թատրոնի պատմության էջերը զարդարելով կատարելության հասցրած բեմական կերպարներով: Դու, հայ բեմի մե՛ծ դերասան, քո կենսական խաղով հայ թատրոնի ռեալիստական ուղղության ամենապայծառ դեմքն ես հանդիսացել: Դու միշտ սիրելի ես եղել թե՛ հանդիսականի եւ թե՛ քո ընկերների կողմից, բայց առավել սիրվել եւ գնահատվել ես խորհրդային թատրոնում: Հայրն ես եղել, եւ այսօր սիրելի՛ ուսուցիչ, քո անակնկալ մահով վշտացրիր բոլորին: Դու դեռ շատ երկար ժամանակ պետք էիր հայ թատրոնին, որի վառ ջահն էիր: Քո ամբողջ կյանքում՝ թե՛ բեմում, թե՛ սեղանի շուրջ, թե՛ դրսում, թե՛ տանը դու քո տաղանդի, բնավորության, ժողովրդայնության շնորհիվ միշտ եղել ես բոլորի ուշադրության կենտրոնում: Դու ցնցել ես բոլորին քո անակնկալ մահով: Մեր հիշողության մեջ հավետ վառ կմնա ծաղիկը կրծքին, ժպիտը դեմքին, մեծ տաղանդը սրտում Հովհաննես Աբելյանի փայլուն կերպարանքը (ԳԱԹ, Ա.Գուլակյանի արխիվ, N 434):
Պանթեոնում կայացավ սգո հավաք: Հրաժեշտի խոսք ասացին թաղման հանձնաժողովի նախագահ Արտո Եղիազարյանը, Արա Սարգսյանը, Արտեմ Բեբոյանը, Լեւոն Երեմյանը, Վաղարշ Վաղարշյանը եւ այլք: Ընթերցվեցին Աբելյանի մահվան առիթով ստացված բազմաթիվ հեռագրեր:
Արեւելյան նվագախմբի տխուր հնչյունները դողում էին օդում: Դրոշակները խոնարհելով, դերասանի դագաղը դանդաղորեն իջեցվեց գերեզման:
Աբելյանը շատ անգամ էր «մեռել դանակը խրած կոկորդում, բայց դա Աբելյան «Օթելլոն» էր, որը պիտի վերակենդանանար վարագույրն իջեցնելուց հետո, սակայն այս անգամ նրա կյանքի վարագույրն այլեւս չբարձրացավ»:

…. Դերասանը խաղաց վերջին դերն իր,
Մեռավ եւ աշխարհում թողեց մի վառ անուն,
Ա~խ, երանի լիներ բեմի շորեր հագին
Ու մահանար` ինչպես բեմում էր մահանում:
(Գեղամ Սարյան, Խորհրդային Հայաստան, 5 հուլիսի 1936)

ՀՐԱՆՏ  ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ծնվել է 1935 թ. փետրվարի 12-ին Ահնիձոր գյուղում (Լոռի): 1962 թ. ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմա-լեզվագրական ֆակուլտետը, իսկ 1967-ին՝ Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները:
1961 թ. «Սովետական գրականություն» հանդեսում լույս տեսավ Մաթեւոսյանի «Ահնիձոր» ակնարկը, որը միանգամից մեծ ճանաչում բերեց հեղինակին: Հասարակության լայն շերտերը ողջունեցին երիտասարդ գրողին՝ գնահատելով նրա քաղաքացիական համարձակությունը, եւ հակառակը՝ մի խումբ ղեկավարներ Մաթեւոսյանի ակնարկը գնահատեցին որպես աններելի հանդգնություն եւ պատժեցին հեղինակին՝ ազատելով աշխատանքից եւ հեռացնելով մանկավարժական ինստիտուտից: Բարեբախտաբար, Գրողների միությունը, ի դեմս Հրանտ Մաթեւոսյանի, տեսավ խոստումնալից գրողի ու պաշտպանության տակ առավ նրան: Մեկը մյուսի հետեւից հրապարակ իջան Մաթեւոսյանի պատմվածքները, վիպակները՝ «Օգոստոս», «Ծառեր», «Սկիզբ», «Մեսրոպ», «Անձրեւած ամպեր», «Չեզոք գոտի», «Քո ցեղը»: Նրա կինոսցենարներով «Հայֆիլմը» նկարահանեց «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արեւը», «Օգոստոսը», «Տերը» կինոնկարները:
Հեռուստատեսությամբ բեմադրվեցին նրա ստեղծագործությունների հիման վրա գրված թատերախաղեր:
Հրանտ Մաթեւոսյանի երկերի հիման վրա բեմադրված «Մեծ աշխարհի մեր անկյունը» ներկայացման համար 1983-ին նրան շնորհվեց ՀԽՍՀ պետական մրցանակ: Իսկ 1984-ին նրա «Քո ցեղը» ժողովածուն արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի: 1995-2000 թթ. Հ. Մաթեւոսյանը ՀԳՄ նախագահն էր: Նրա երկերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով:
«…Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ-երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է…
Ասում եք սեր, ասում եք սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք,-դուք վախենում եք ատելուց: Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքերիդ, որովհետեւ վախենում եք բաց աչքով նայել…
Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն… տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ ձեզ թող զոռով կոտրեն»…
(Հատվածներ «Ծառերը» վիպակից, Հ.Մաթեւոսյան, Երկեր, երկու հատորով, հ. 2, Եր., 1985, էջ 242-243) Հրանտ Մաթեւոսյանը վախճանվեց 2002 թ. դեկտեմբերի 18-ին, երկարատեւ հիվանդությունից հետո:
Ստեղծվեց հայ նշանավոր գրողի հուղարկավորության կառավարական հանձնաժողով ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ:
Հանձնաժողովը ծանուցեց, որ Հ. Մաթեւոսյանի դագաղը դրվելու է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում, թաղումը տեղի է ունենալու դեկտեմբերի 21-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Մամուլում հրապարակվեցին Հ. Մաթեւոսյանին նվիրված բազմաթիվ մահախոսականներ եւ հոդվածներ. «…Մեր նոր գրականության մեծ երախտավորը կենդանության օրոք արդեն հասցրել էր գրական, եւ ոչ միայն գրական, մի քանի սերնդի ուսուցիչ եւ դասախոս լինել: Մեր հասարակությունը միշտ զգացել եւ զգալու է նրա ծանրակշիռ եւ հեղինակավոր խոսքի կարիքը…»:
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյան
«…Վաստակյալ մտավորական եւ հայրենասեր հայորդի Հրանտ Մաթեւոսյանը գրական իր վաստակով հավելեց փառքը մեր ժողովրդի՝ անթառամ հիշատակ թողնելով հայորդաց հոգիներում…»:
Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոս
«…Մենք մեր հոգու ծարավը միշտ ենք հագեցնելու նրա օազիսներում՝ հասանելի եւ զուլալ դարձնելով դարերով կուտակած ու որդեգրած հայության լինելու փիլիսոփայությունը»:
Սոս Սարգսյան
«…Դեռ գրելիք ուներ, դեռ ասելիք ուներ Հրանտն իր երկրին ու ժողովրդին, այն քչերից, այն շատ քչերից էր նա, ով ուներ այդ ամենակարեւորն ասելու իրավունքը…»:
Հենրիկ Բախչինյան
«…Թվում էր, թե Հրանտ Մաթեւոսյանը գրում է անընդհատ, ամեն քայլափոխի, խոսելիս ու լսելիս… Քչագիր էր այդ ամենով հանդերձ: Հավանաբար դժվար էր գրում, ինքնայրումով… Գրում էր տառապանքով, որովհետեւ գրում էր ցավի մասին, մարդու հոգին պեղելով, ժողովրդի հոգեբանությունն ախտորոշելով…»:
Դավիթ Սարգսյան
(Հայաստանի Հանրապետություն, 20 դեկտեմբերի 2002)
Ցավակցական հեռագրեր հղեցին Գրողների միության միջազգային համագործակցության գործադիր կոմիտեն, Կինեմատոգրաֆիստների միությունների կոնֆեդերացիան, «Լիտերատուրնայա գազետա» թերթի, «Դրուժբա նարոդով» ամսագրի խմբագրությունները, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը, «Թումանյան» հայրենակցական ընկերությունը, Սերգեյ Միխալկովը, Արսենի Լարիոնովը, Ռասուլ Համզատովը, Շավքաթ Նիզային, Ռինատ Մուհամադին, Դավիդ Կագուլտինովը, Չինգիզ Հուսեյնովը եւ շատ ու շատ ուրիշներ:

Հրանտ Մաթեւոսյանի թաղումը Դեկտեմբերի 20-ին նշանավոր գրողի դագաղը դրվեց Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու սրահում:
Կեսօրին հոգեհանգստյան պաշտոն կատարեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Մաթեւոսյանին վերջին հրաժեշտ տալու համար եկեղեցի այցելեցին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, որոնք իրենց վշտակցությունը հայտնեցին հանգուցյալի հարազատներին:
Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում թաղման հոգեհանգստյան պաշտոն կատարեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը՝ թեմի հոգեւոր դասի մասնակցությամբ:
Սգո հավաքը բացեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: «…Իր ներկայությամբ չափ ու չափանիշ էր մեզ համար, խոսքի ու գրականության բարձրագույն բնագիծ…»,-այսպես բնութագրեց նա Հ. Մաթեւոսյանին:
Իրենց ելույթներում Հրանտ Մաթեւոսյանի կյանքն ու գրականությունն ըստ արժանվույն գնահատեցին ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար, արձակագիր Ռոլանդ Շառոյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:
Հրապարակվեցին ցավակցական հեռագրեր:
Հանգուցյալի դագաղը հոգեւոր արարողակարգով եւ սգո մեղեդիների ուղեկցությամբ իջեցվեց գերեզման: Նրա շիրմաթումբը ծածկվեց թարմ ծաղիկներով:

ՀՐԱՉՅԱ   ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Ծնվել է 1923 թ. նոյեմբերի 14-ին, Լոռու մարզի Գյառգյառ գյուղում: 1940 թ. ավարտել է Երեւանի թատերական ուսումնարանը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1952-1953 թթ. վերապատրաստվել է ՄԳԹ-ում:
1935-1938 թթ. նա Լենինականի թատրոնի դերասան էր, իսկ 1938-1952 թթ.՝ Երեւանի ՊՀԹ դերասան եւ բեմադրիչ, 1960-1962 թթ.՝ տնօրեն (1958-1960 թթ. միաժամանակ Սունդուկյանի անվան թատրոնի բեմադրիչ), 1962-1965 թթ.՝ Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի գլխավոր բեմադրիչ: 1969-1988 թթ. Ղափլանյանը Երեւանի դրամատիկական թատրոնի եւ Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, տնօրենը եւ գլխավոր բեմադրիչը, 1965 թվականից՝ Հայկական թատերական ընկերության վարչության նախագահը: Ղափլանյանի նախաձեռնությամբ ընկերությանը կից կազմակերպվել է թատրոն-ստուդիա (1969-ից Երեւանի դրամատիկական թատրոն, 1990 թ. կոչվել է Ղափլանյանի անունով):
1975 թ. դասավանդել է ԵԳԹԻ-ում, 1986-ից՝ պրոֆեսոր էր, Երեւանի ՊՀԹ-ում խաղացել է շուրջ 60 դեր: Նրա առավել հանրահայտ բեմադրություններից են Շիլլերի «Սեր եւ խարդավանք», Շտոկի «Աստվածային կատակերգություն», Շեքսպիրի «Ռիչարդ III», «Օթելլո», «Կորիոլան»: Վերջինիս համար 1981 թ. նրան շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ: Ղափլանյանը թատերագրական գործեր է բեմադրել նաեւ Մոսկվայի եւ Բրատիսլավայի թատրոններում: Հեղինակն է «Իմ ընկերները» թատերախաղերի ժողովածուի եւ բազմաթիվ բեմավորումների:
«…1950-ին Ղափլանյանն ստացավ մի նամակ, որի մեջ ոմն Գեւորգ Ենգիբարյան հայտնում էր, թե ինքը, նրա հարազատ հայրն է եւ շատ է ուզում հանդիպել որդուն: Տարակուսանքը ցրեց մայրը, պատմելով, որ Հրաչյան ընդամենը մեկ տարեկան է եղել, երբ հարազատ հայրը հեռացել է տանից: Որ Մկրտիչ Ղափլանյանը նրա խորթ հայրն է եղել…
Հրաչյան Գեւորգ Ենգիբարյանին հանդիպեց 1950-ի խոր աշնանը: Ի դեմս Գեւորգ Ենգիբարյանի նա այդպես էլ հայր չգտավ, մնաց Մկրտիչ Ղափլանյանի որդին, բայց մոսկովյան այդ հանդիպման ժամանակ եղբայր գտավ՝ Լեոնիդ Ենգիբարյանին, որ սովորում էր Մոսկվայի միջնակարգ դպրոցներից մեկում: Լյոնյան եւ Հրաչյան սիրեցին իրար, կրտսեր եղբայրը ամուր կապվեց ավագին: Հրաչյա Ղափլանյանը դարձավ Լեոնիդ Ենգիբարյանի «գայթակղիչը»: Ավագ եղբոր աշխարհը՝ թատրոնն ու արվեստը, հետաքրքրեցին կրտսերին: Հրաչյան Լեոնիդին տանում էր մոսկովյան թատրոնների ներկայացումներին, համառորեն հրավիրում էր Երեւան՝ թատերական ինստիտուտում սովորելու: Լեոնիդը հրապուրվեց, ո՛չ, «հիվանդացավ» կրկեսով, եւ Հրաչյային այդպես էլ չհաջողվեց համոզել կրտսեր եղբորը, որ նա թատրոն մտնի» (Սաբիր Ռիզաեւ, «Հրաչյա Ղափլանյան» Ե., 1969, էջ 4): Հրաչյա Ղափլանյանը վախճանվեց 1988 թ. օգոստոսի 14-ին:
Թաղման կառավարական հանձնաժողովը՝ Ֆ. Սարգսյան (նախագահ), Ռ. Արզումանյան, Ս. Ավետիսյան, Է. Ավագյան, Հ. Վարդանյան, Է. Գաբրիելյան, Յ. Մելիք-Օհանջանյան, Ջ. Ստեփանյան, ծանուցեց, որ Հ. Ղափլանյանի դագաղը դրվելու է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի ճեմասրահում: Թաղումը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Մահվան առիթով ցավակցություն հրապարակեցին. Հայաստանի ԿԿ Կենտկոմը, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Մինիստրների խորհուրդը:

Մամուլում հրապարակվեցին Հ. Ղափլանյանին նվիրված բազմաթիվ մահախոսականներ եւ հոդվածներ. «…Նրա աշխատանքներն աչքի էին ընկնում մտահղացման ինքնատիպությամբ, նրբորեն մարդու ներաշխարհ թափանցելու հմտությամբ, բեմական մարմնավորման խորությամբ, …ժողովրդայնության վեհ գաղափարներով…»,- ասվում էր միութենական կառավարության հրապարակած մահախոսականում, որն ստորագրել էին` Ե. Լիգաչովը, Ա. Յակովլեւը, Պ. Դեմիչեւը, Ս. Հարությունյանը, Ա. Վոլսկին, Խ. Աբրահամյանը, Ի. Արխիպովան, Վ. Վարդերեսյանը, Հ. Ոսկանյանը, Մ. Ուլյանովը, Ե. Սիմոնովը, Տ. Խրեննիկովը եւ ուրիշներ:
(Սովետական Հայաստան, 17 օգոստոսի 1988)
«Անխոնջ մշակ էր Հրաչիկը, անհոգնում, անդադրում մրջյունի նման ու մրջյունի նման իրենից տասն անգամ ծանր բեռի տակ էր մտնում ու տանում, տանում… անհամար ծրագրեր, հախուռն եռանդ… Թատրոնում ծնված, թատրոնով ապրող, թատրոնաստեղծ…»:
Ս. Սարգսյան
«…Քո ստեղծագործությունները զարմացնում էին ու զայրացնում, հիացնում էին ու վրդովում, բայց երբեք անտարբեր չէին թողնում: Որովհետեւ դու ինքդ անտարբեր չէիր կյանքի նկատմամբ, թատրոնի, քո գործի, մեր ընդհանուր հոգսերի նկատմամբ… Հայաստանը մնաց առանց Ղափլանյանի…
…Ավարտվեց թատերական մի ողջ ժամանակաշրջան»:
Ա. Գրիգորյան
«Այն էներգիան, որ նա փոխանցել է իր գործընկերներին, հզոր ու վարակիչ լիցք ունի, եւ ես հավատում եմ, որ վաղվա մեր թատերական հաջողությունների հիմքում ընկած կլինեն նաեւ այն սերմերը, որ նա առատորեն շաղ է տվել կենդանության օրոք՝ ի սեր հայ թատրոնի, ի սեր հայ հանդիսատեսի…»:
Պ. Զեյթունցյան
(Սովետական Հայաստան, 16 օգոստոսի 1988)

Հրաչյա Ղափլանյանի թաղումը Հանգուցյալին վերջին հրաժեշտը տվեցին նրա արվեստակից ընկերները, հասարակայնության ներկայացուցիչներ: Պատվո պահակ կանգնեցին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կ. Լավրովը, Մ. Ուլյանովը, Մ. Զախարովը, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Յ. Երյոմինը, մյուս հանրապետությունների ներկայացուցիչներ, գրողներ, կոմպոզիտորներ, գիտնականներ, ուսանողներ, թաղման կառավարական հանձնաժողովի անդամները՝ Հայաստանի կոմկուսի եւ կառավարության ներկայացուցիչներ Ս. Հարությունյանը, Հ. Ոսկանյանը, Ռ. Արզումանյանը, Թ. Դիլանյանը, Կ. Ղամբարյանը:
Օգոստոսի 17-ին ժ. 16-ին հուղարկավորների թափորն օպերայի եւ բալետի շենքից ուղղություն վերցրեց դեպի Երեւանի դրամատիկական թատրոն, մի քանի րոպե հանգուցյալի դագաղը դրվեց շենքի մոտ, նրան վերջին հրաժեշտ տվեցին թատրոնի կոլեկտիվը եւ բազմաթիվ երկրպագուներ: Այնուհետեւ թափորը շարժվեց դեպի Կոմիտասի անվան զբոսայգի, որտեղ եւ կայացավ սգո հավաք: Այն բացեց թաղման կառավարական հանձնաժողովի նախագահ Ֆադեյ Սարգսյանը: «Հրաչյա Ղափլանյանի գործը մեր ժողովրդի, մեր մշակույթի բաց դուռն էր աշխարհի առաջ, մեր բարեկամների առաջ, մեծ արվեստի առաջ… Նա երբեք չգոհացավ ստեղծածով, ձեռք բերածով: Նա իր արվեստակից ընկերներին մղեց լրջմիտ խոհերի, կոչեց նոր, համարձակ որոնումների, ամենօրյա տքնաջան աշխատանքի՝ ինքը տալով դրա անբասիր օրինակը…»,- ասաց նա:
Այնուհետեւ հրաժեշտի խոսք ասացին Մ. Ուլյանովը, Վ. Վարդերեսյանը, Ն. Ջանբերիձեն, Մ. Զախարովը, Լ. Թուխիկյանը, Պ. Բարակչին:
Հրապարակվեցին մահվան առիթով ստացված բազմաթիվ ցավակցական հեռագրեր:
Սգո մեղեդիների ներքո Հրաչյա Ղափլանյանի աճյունը հանձնվեց հողին:

ՀՐԱՉՅԱ  ՆԵՐՍԻՍՅԱՆ

Ծնվել է 1895 թ. նոյեմբերի 12-ին Նիկոմեդիայում (այժմ՝ Իզմիթ, Թուրքիա): Սովորել է Կ. Պոլսի ֆրանսիական Սեն-Բարբ քոլեջում, ամերիկյան Ռոբերտ քոլեջում, հայկական Էսայան վարժարանում: Մինչեւ 1915 թ. մասնակցել է Է. Պենկլյանի ներկայացումներին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է թուրքական բանակում՝ իբրեւ թարգմանիչ:
Կ. Պոլսի «Հայ դրամատիկի» դերասան Օ. Սեւումյանին նա համարել է իր «առաջին եւ մեծ ուսուցիչը»: 1922 թ. Վ. Փափազյանի, Մ. Ջանանի եւ այլ դերասանների հետ ներգաղթել է Խորհրդային Հայաստան: 1923-ից խաղացել է Երեւանի առաջին թատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան) բեմում:
Ներսիսյանի վարպետությունը լիակատար բացահայտվեց 1930-ական թթ., երբ մարմնավորեց Օթելլոյի, Էլիզբարյանի կերպարները: 1941 թ. Սունդուկյանի անվան թատրոնի հետ հանդես է եկել Մոսկվայում եւ արժանացել տեղի թատերական քննադատության ամենաբարձր գնահատականին: Հետպատերազմյան տարիներին Հ. Ներսիսյանի լավագույն դերակատարումներից են Պրոտասովը (Լ. Տոլստոյի «Կենդանի դիակ», 1951), Լիրը (Շեքսպիրի «Լիր արքա», 1953), Պաղտասարը (Պարոնյանի «Պաղտասար աղբար», 1954), Մեք-Գրեգորը (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», 1961):
1925-ից նկարահանվել է կինոյում՝ Ռուստամ («Նամուս», 1925 թ.), Համբո («Գիքոր», 1934 թ.), Պեպո («Պեպո», 1935 թ.), Հակոբյան («Զանգեզուր», 1938 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ 1941 թ.), Դավիթ Բեկ («Դավիթ Բեկ», 1944 թ.). Էլիզբարյան («Պատվի համար», 1956 թ.), Ներսես աղբար («Տժվժիկ», 1961 թ.) եւ այլն: Կերտել է շուրջ 130 կերպար:
Հ. Ներսիսյանը բացառիկ սիրո եւ հարգանքի է արժանացել ժողովրդի կողմից շնորհիվ իր շռայլ տաղանդի ու վարպետության:

Հրաչյա Ներսիսյանի վերջին օրերը
(Ռուբեն Զարյանի հուշերից) «Անգլիա մեկնելուց մի օր առաջ գնացի Հրաչյային տեսության: Մի քանի ամիս է, ինչ հիվանդ էր: Երկար ժամանակ մոտը չէի եղել: Դեմքի գույնը, ինչպես եւ արտահայտությունը, հիվանդագին էին: Շնչում էր ծանր: Աչքերը խամրած էին: Ասես Ներսիսյանինը չէին: Թվում էր, թե անկողնում պառկածը Հրաչյան չէր: Ճնշող էր թվում այն հակասությունը, որ կար նրա արտաքինի թողած տպավորության եւ անկասկած հավատի միջեւ, թե միառժամանակ հետո ինքը, իսպառ ապաքինված, կրկին բեմ է բարձրանալու:
Լսել էր, որ ծրագրվում է Սունդուկյանի անվան թատրոնի արտասահմանյան շրջագայությունը դեպի արաբական երկրներ: Ասում էր, թե բավական է ինչքան պառկած մնաց, այս է, ուր որ է՝ ոտքի կկանգնի: Շատ բեմադրություններ արդեն խարխլել են: Պետք է փորձեր անել, կարգի բերել, մաքրել, հղկել:
… Ձայնը այնքան հավատով էր հնչում, որ ես եւ հետս եղած մյուս ընկերները մի պահ վարակվեցինք նրա լավատեսությամբ:
… Անգլիայից վերադառնալուց հետո, նոյեմբերի 5-ին Լեւոն Հախվերդյանի հետ գնացի այցելության:
Հակառակ արված նախազգուշացման, անմիջապես ճանաչեց մեզ, տվեց մեր անունները… այդ հանդիպմանը նրա միտքը եւ հիշողությունը գործում էին բավական հստակ… Շատ էր փոխվել… Ձայնի մեջ ոչ մի երանգ… Գանգատվեց, ասաց, թե այսօր ավելի, քան ուրիշ օրեր՝ օդի պակաս է զգում: Խնդրեց, որ դուռ ու լուսամուտ բանան:
Հետաքրքրվեց, թե Անգլիայում եղածս ժամանակ ինչ քաղաքներ եմ տեսել… արդյոք եղե՞լ եմ Ստրատֆորդում:
Ասացի, որ Շեքսպիրի ծնված տան լուսամուտի ապակու վրա բազմաթիվ այցելուներ թողել են իրենց անունները, հետաքրքրվեց, թե ո՞վքեր: Նախ դերասանների անունները տվի. Իրվինգ, Էլլեն Թերի, Վալտեր Սկոտտ… Կրկնեց այդ անունները ինչպես մի խուլ արձագանք: Ժպտաց…
… Խոսք բացվեց իր ծննդյան օրվա մասին…
Խնդրեց՝ անպայման գալ, հետո ավելացրեց, թե որոշել է այդ օրը կոստյում հագնել, նստել սեղանատանը ու հյուրեր ընդունել: Ծննդյան օրը նշելու է կյանքում առաջին անգամ:
Ասաց, թե դեմ չէ նաեւ հոբելյանին:
— Այն ժամանակ ուրիշ էր, հիմի ուրիշ: Հիմի ուզում եմ, թող լինի, ինչու՞ չէ: Պետք է նշել, պետք է տեսնել ինչ է արված, տեսնել, թե ինչ է մնում դեռ անելու…
Հաջորդ օրը կեսօրին, քաղաքում լուր տարածվեց, թե Հրաչյան չկա այլեւս: …Ես եւ Հախվերդյանը եղանք նրա վերջին այցելուները:
… Դժվար է նկարագրել թաղման թափորը: Տպավորությունն այնպես էր, որ ամբողջ քաղաքը թատրոնի այգում է: Երբ դագաղը դուրս էին բերում, հնչեց Առնո Բաբաջանյանի երաժշտությունը, գրված «Իմ սիրտը լեռներում է» բեմադրության համար: Այդ երաժշտությունը բոլորին տանում էր դեպի նրա կյանքի օրերը, վերջին դերը՝ Մեք-Գրեգորը… Եվ մանավանդ որ մտածված անփութությամբ դագաղին էր նետված Մեք-Գրեգորի բեմազգեստը եւ նրա շեփորը:
Թատրոնի դռները արդեն փակ էին: Ով ներս չէր ընկել՝ աղմկում էր, բախում դռները… Ուշացողը չէր հաշտվում… Դուրս մնացած բազմության թիվը անցնում էր մի քանի տասնյակ հազարից… չգիտեին, որ դագաղն արդեն դուրս են բերել թատրոնի ետեւի մուտքից …որ չլինի՞ թե հանկարծ զոհեր լինեն…» (Ռուբեն Զարյան, Հուշապատում, Գիրք առաջին, Եր., 1975, էջ 424-429): Հրաչյա Ներսիսյանը վախճանվեց 1961 թ. նոյեմբերի 6-ին:
Կառավարության որոշմամբ կազմվեց թաղման կառավարական հանձնաժողով հետեւյալ կազմով՝ Է. Ստեփանյան (նախագահ), Ա. Շահինյան, Կ. Պողոսյան, Հ. Խանջյան, Ժ. Հակոբյան, Վ. Աճեմյան, Ս. Վարդանյան, Վ. Վարդանյան:
Հանձնաժողովը որոշեց թաղումը կատարել նոյեմբերի 10-ին, ժ. 15-ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Վերջին հրաժեշտի համար դերասանի աճյունը դնել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում:

Մահվան առիթով ցավակցություն հրապարակեցին. ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրինությունը եւ կոլեկտիվը, Հայկական թատերական ընկերությունը, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունը, Արտաշատի պետթատրոնի կոլեկտիվը, Հայաստանի գրողների միության վարչությունը, «Գրական թերթի» եւ «Սովետական գրականություն» ու «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրերի խմբագրությունները, բազմաթիվ այլ կազմակերպություններ եւ անհատներ:

Մամուլում հրապարակվեցին մահախոսականներ եւ հոդվածներ: «Հ. Ներսիսյանը ժամանակակից կյանքը պատկերող ներկայացումների հերոսն էր եւ գովերգում էր աշխատավոր մարդուն, պատկերում նրա բարոյական բարձր արժանիքները՝ գաղափարապես հագեցած դերակատարումներով, ստեղծագործական այնպիսի ցնցող պոռթկումներով, որ հատուկ էր միայն իրեն… Նա հայկական կինոյի հիմնադիրներից էր, նրա ամենաառաջնակարգ դեմքն այստեղ էլ առնական ու հզոր է ինչպես բեմում…»,-ասվում էր կառավարության հրապարակած մահախոսականում, որն ստորագրել էին Շ. Առուշանյանը, Ա. Քոչինյանը, Վ. Համբարձումյանը, Մ. Սարյանը, Հ. Խանջյանը, Վ. Աճեմյանը, Օ. Գուլազյանը, Վ. Փափազյանը, Ա. Ավետիսյանը, Գ. Ջանիբեկյանը, Դ. Մալյանը, Գ. Գասպարյանը, Տ. Սազանդարյանը, Շ. Տալյանը եւ ուրիշներ:
«Բնությունը նրան առատորեն օժտել էր այն ամենով, ինչ պետք է մեծ արտիստին՝ ուժգին տաղանդ, կրակոտ ներքին ծով հմայք, հիանալի ձայն եւ աչքեր, աչքեր…
Նա բեմ մտավ ասելու, որ շարունակելու է մեծ Աբելյանի գործը: Հրաչյայի կյանքն իր շատ կողմերով օրինակ է, օրինակ այն բանի, թե ինչպես պետք է սիրել ու ծառայել ժողովրդին, արվեստին…»,- ասվում էր մահախոսականում, որն ստորագրել էին Ա. Ասրյանը, Հ. Ավագյանը, Օ. Բունիաթյանը, Գ. Խաժակյանը, Մ. Կոստանյանը, Գ. Հարությունյանը, Բ. Ներսիսյանը, Թ. Սարյանը եւ ուրիշներ:
«Հ. Ներսիսյանի հարուստ, խոր եւ անարատ հոգում զարմանալիորեն համաձույլ էին էմոցիան եւ ինտելեկտը:
Ես ինձ խորապես երջանիկ եմ զգում, որ ականատես եմ եղել Հրաչյա Ներսիսյանի արտասովոր տաղանդի փայլատակումներին: Այսուհետեւ՝ խորապես դժբախտ եմ զգում, որ այլեւս երբեք ականատես չեմ լինելու այն հրաշքին, երբ ամբողջ բեմը եւ թատերասրահն իր մոնումենտալ կերպարների ապրումներով ու հույզերով լցնում էր Հրաչյա Ներսիսյանը»:
Մ. Սարյան

«…Նա շնչեց, շաչեց, կարկաչեց, ծփաց,
Կանաչեց, բուրեց, բաշխեց բովանդակ,
Բնության նման անսպառ ու բաց,
Նրա պես՝ իր մեծ ուժին անգիտակ…»
Սիլվա Կապուտիկյան
(Սովետական Հայաստան, 9 նոյ. 1961)

Հրաչյա Ներսիսյանի թաղումը Նոյեմբերի 10-ի առավոտյան մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել 26 կոմիսարների անվան զբոսայգում, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի շենքի առջեւ:
Թատրոնի ընդարձակ դահլիճի կենտրոնում թարմ ծաղիկների մեջ հանգչում էր մեծանուն դերասանի մարմինը: Պատվո պահակ կանգնեցին թաղման կառավարական հանձնաժողովի անդամները՝ Լ. Ստեփանյանը, Վ. Աճեմյանը, Հ. Խանջյանը, Կ. Պողոսյանը, ապա Վ. Փափազյանը, Մ. Սարյանը, Տ. Սազանդարյանը, Վ. Վարդանյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Ա. Խորավան, Վ. Գոծիաշվիլին, ապա Շ. Առուշանյանը, Հ. Բաղդասարյանը, Յ. Զարոբյանը, Ա. Քոչինյանը եւ ուրիշներ:
Հուղարկավորների թափորը ժ. 14.30-ին ձգվեց թատրոնից մինչեւ Կոմիտասի անվան զբոսայգի: Այնտեղ տեղի ունեցավ սգո հավաք, որի ընթացքում խոսեցին պետական գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ, Հ. Ներսիսյանի արվեստի երկրպագուներ:
«Մահվան առիթով ստացված հեռագրերը հրապարակեց թաղման կառավարական հանձնաժողովի անդամ Հ. Խանջյանը: Սգո միտինգի ավարտին մեղեդիների հնչյունների ներքո հանգուցյալի դագաղն իջեցվեց գերեզման: Թարմ հողաթմբի վրա բարձրացավ ծաղիկների բլուր» (Խորհրդային Հայաստան, 11 նոյեմբերի 1961):

ՄԱՐՏԻՐՈՍ  ՍԱՐՅԱՆ


Մարդն ինքը բնությունն է, բնությունը՝ մարդը: Մահ չկա՛: Մահը պրոցես է լոկ անվերջության ճանապարհին:
Մ. Սարյան Ծնվել է 1880 թ. փետրվարի 16-ին Նոր Նախիջեւանում: Սարյանի նախնիները եղել են անեցիներ եւ գաղթելով Ղրիմ՝ մասնակցել են տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը: Մ. Սարյանը 1895 թ. ավարտել է տեղի հանրակրթական երկլեզվյան ուսումնարանը, 1897-1904 թթ. սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչության բաժնում: 1901 թ. առաջին անգամ եղել է Երեւանում, Աշտարակում, Վաղարշապատում, Սեւանում, 1902 թ.՝ Անիում: Ճամփորդության ընթացքում հափշտակությամբ ուսումնասիրել է իր ժողովրդի պատմությունը, նիստուկացը, մշակույթը, որը վճռական ազդեցություն է ունեցել նրա աշխարհայացքի ու ստեղծագործական ներաշխարհի ձեւավորման վրա: Այնուհետեւ երկու տարի կատարելագործվել է Վ. Սերովի եւ Կ. Կորովինի արվեստանոցներում, մոտիկից շփվել ժամանակի ռուս նշանավոր մտավորականների հետ:
Ստեղծագործության առաջին շրջանում (1904-1909 թթ.) Սարյանը ստեղծել է մի նոր ու նորարարական արվեստ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդունել ու կոչել է «սարյանական»:
1907 թ. նա «Գոլուբայա ռոզա» ցուցահանդեսին է ներկայացրել «Հեքիաթներ ու երազներ» ֆանտաստիկ պատկերների մեծ շարքը, որտեղ պատկերվող բոլոր առարկաներն ու արարածներին մեկնաբանել է որպես լիովին պայմանական, գունալուսաճառագայթման ներքին զորությամբ օժտված ոգի-էակներ: Սարյանի մոտիվները պատմողական չեն: Իսկ նրա պանթեիստական շարքը դիտողին ներշնչում է կյանքի առօրյայից բարձրանալու եւ մայր բնության, տիեզերքի անսահմանության մեջ հավերժանալու բերկրալից ձգտում:
Ստեղծագործական 2-րդ շրջանի (1910-ական թթ.) գործերը («Կ. Պոլիս: Փողոց: Կեսօր», 1910, «Փյունիկյան արմավենի», 1911, «Եգիպտական գիշեր», 1911, «Գ. Լեւոնյան», 1912, «Ա. Ծատուրյան», 1915, «Ծաղիկներ», 1916 եւ այլն) թեմատիկայով ֆանտաստիկ չեն, այլ կոնկրետ-իրական:
1915 թ. Մեծ եղեռնի օրերին Սարյանն աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում»: Մեկնել է Էջմիածին: Հ. Թումանյանի, Գ. Հովսեփյանի եւ հայ այլ մտավորականների հետ բոլոր ջանքերը գործադրել է Հայաստանում ապաստանած հայերին մահվան ճիրաններից փրկելու համար: Տեսածի ծանր տպավորությունների տակ հոգեկան ցնցում է ստացել, Թումանյանի հանձնարարությամբ տեղափոխվել Թիֆլիս՝ հիվանդանոց:
1916 թ. Վ. Սուրենյանցի, Փ. Թերլեմեզյանի, Ե. Թադեւոսյանի եւ այլոց հետ մասնակցել է հայ արվեստագետների միության ստեղծմանը:
1920-1972 թթ. Սարյանի բեղմնավոր կյանքի երրորդ շրջանն է:
1921 թ. նշանակվել է նոր կազմակերպվող Հայաստանի պետական թանգարանի վարիչ: Հ. Կոջոյանի հետ ստեղծել է Խորհրդային Հայաստանի զինանշանը, ընտրվել Հայաստանի կերպարվեստի աշխատողների միության առաջին նախագահ:
1928 թ. Փարիզում բացվել է Սարյանի անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը հայրենիք տեղափոխող «Ֆրիժի» նավի վրա բռնկված հրդեհից այրվել է նկարների մեծ մասը:
1937 թ. Փարիզում բացված համաշխարհային ցուցահանդեսում ստացել է Մեծ մրցանակ: 1923-ից սկսած ստեղծել է հայրենասիրական ոգով տոգորված պաննոներ, դիմանկարներ, բնանկարներ («Հայաստան», «Լեռներ: Հայաստան», «Եղիշե Չարենց», «Թ. Թորամանյան», «Ս. Մալխասյան» եւ այլն): 1961 թ. «Իմ հայրենիքը» նկարաշարի համար Սարյանն արժանացել է Լենինյան մրցանակի:
Սարյանն ունի նաեւ բեմանկարչական գործեր, որոնք բնորոշվում են կոթողայնությամբ, առանձնանում են էպիկական հզոր ուժով: Մեծ նկարիչը ձեւավորել է Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Ռիմսկի-Կորսակովի «Ոսկե աքաղաղ», Հ. Ստեփանյանի «Քաջ Նազար», Ա. Տիգրանյանի «Դավիթ Բեկ» եւ այլ ստեղծագործությունների բեմադրությունները:
1941 թ. նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի:
Սարյանը նորագույն շրջանի հայկական գեղանկարչության հիմնադիրն է: 1967 թ. բացվել է Սարյանի տուն-թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի զգալի մասը: Նրա գործերը գտնվում են նաեւ Հայաստանի պետական պատկերասրահում եւ աշխարհի շատ երկրների պատկերասրահներում ու թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:
Սարյանը պարգեւատրվել է Լենինի 3 եւ այլ շքանշաններով:
Երեւանում կա Սարյանի անունով փողոց, մայրաքաղաքում տեղադրվել է նրա արձանը: «Այժմ լուր եմ ստացել Ձեր ծննդյան 80-ամյակի առթիվ, չնայած կարծում եմ, որ Դուք ոչ մի առնչություն չունեք տարիների հետ: Դուք Սարյանն եք, իսկ Սարյանը անտարիք է: Ձեր ստեղծած ամեն մի նկարը կանգնեցնում է ժամանակը, եւ դա հենց ինքնին երիտասարդությունն է… Որքան բախտավոր ենք, որ ունենք Ձեզ, որքա՜ն եք Դուք մեզ հարստացրել:
Ձեր՝ Վիլյամ Սարոյան»

Մարտիրոս Սարյանի վերջին տարիները «…Ծննդյան 90-ամյակի օրը՝ փետրվարի 28-ին, Մարտիրոս Սարյանը վաղ առավոտյան արթնացավ: Ավելի շուտ՝ արթնացրին: Լույսը բացվելուն պես արդեն ոտքի վրա էր ամբողջ գերդաստանը՝ կինը, որդին, հարսը, թոռները, ծոռները: Առաջինը նրանք շնորհավորեցին ընտանիքի նահապետի 90-րդ ձմռան վերջին օրը:
— Սպասի՛ր, Զարի՛կ,-ժպիտով որդուն՝ կոմպոզիտոր Ղազարոս Սարյանին դիմեց վարպետը,- ուրեմն, ես իննսուն տարեկան դարձա՞: Իննսու՞ն: Շա՞տ է, թե՞ քիչ: Ինձ թվում է, թե այդքան չկամ: Ի՛նչ արագ է անցնում կյանքը: Բայց ես երկար եմ ապրելու: Այ, Զարիկ, քո իննսունամյակին ճառ պիտի արտասանեմ:
Ասում է ու ծիծաղում:
… Ստացվեցին բազմաթիվ հեռագրեր: Տունը մեղվանոցի էր նման… Ոչ միայն Երեւանի ու Մոսկվայի, այլեւ աշխարհի թերթերն էին նշում նրա հոբելյանը:
ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Սարյանը պարգեւատրվեց Լենինի շքանշանով:
…Վարպետին այցելել էինք Հայաստանի հիսնամյակի տոնակատարության նախօրյակին եւ մտածում էինք փոքր ինչ զրուցել այդ առիթով…
— Այս տարի, հունվարին մի գծանկար արեցի, հետո՝ հիվանդացա, մինչեւ ապաքինվում եմ, ամիսներ են տեւում: Բայց իմ Հայաստանն ինձանից չի նեղանա: Ես նրան տվել եմ այն, ինչ ունեցել եմ, եւ ինքն էլ պարտքի տակ չի մնացել: Ահա այսպես խաղաղ ապրում ենք՝ ես ու իմ Հայաստանը:
Սարյանն իր կյանքի 92-րդ գարնան շեմին էր:
— Չորս տարին մեկ իմ ծննդյան հաջորդ օրը գարուն չեմ դիմավորում, մեկ օր ուշացումով է գալիս,- կատակեց վարպետը,- Եթե հանկարծ 1880 թվականին մեկ օր ուշ ծնված լինեի, չորս տարին մեկ կնշեինք ծննդյանս օրը: Իննսուներկուսը բաժանած չորսի, Արաքսյա, հիմա քանի՞ տարեկան կլինեի:
Հարսը՝ Արաքսյան, ծիծաղելով պատասխանեց.
— Քսաներեք:
— Տարիք եմ ասել, հա՛,- բացականչեց վարպետը,- հեյ, դու ջահել, հպարտ հասակ: Շորերս բերեք, այսօր որոշել եմ նկարել: Թուղթ ու մատիտ տվեք:
— Հայրիկ, ի՞նչ ես ուզում նկարել:
— Բնությունը: Մայր բնությունը: Նա իմ աստվածն է, պաշտելին, կյանք ներդաշնակող կախարդ բնությունը:
…Վարպետը առաջին գծերը թողեց հաստ թղթի վրա, իր Հայաստանն էր, իր բնությունը…» (Վանյա Սանթրյան, Օրեր ութսունից հետո Եր., 1975)
Մարտիրոս Սարյանը վախճանվեց 1972 թ. մայիսի 5-ին՝ երկարատեւ հիվանդությունից հետո, Երեւան քաղաքում:

Բժշկական եզրակացություն Մահը վրա է հասել մայիսի 5-ին ժամը 19.30-ին, թոքերի բորբոքային պրոցեսի հողի վրա առաջացած հարաճուն սրտանոթային անբավարարության երեւույթների պատճառով:
Զ. Նարիմանով (ՀԽՍՀ առողջապահության մինիստր), Դ. Սիմոնյան (IV վարչության պետ), Ս. Սիմոնյան (IV վարչության խորհրդատու, պրոֆեսոր), Ա. Հովհաննիսյան (բուժող բժիշկ)
Կազմվեց թաղման կառավարական հանձնաժողով հետեւյալ կազմով՝ Ա. Քոչինյան (նախագահ), Ռ.Խաչատրյան, Հ. Բաղդասարյան, Լ. Ստեփանյան, Վ. Համբարձումյան, Կ. Ուդումյան, Զ. Նարիմանով, Ս. Սաֆարյան, Գ. Հասրաթյան, Հ. Մելքոնյան:
Հանձնաժողովը որոշեց թաղումը կատարել մայիսի 11-ին ժամը 15-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Մահվան առիթով ցավակցություն հղեցին.Հայաստանի Կոմ-կուսի Կենտկոմը, Գերագույն սովետի նախագահությունը, Մինիստրների սովետը, Կուլտուրայի մինիստրությունը, Նկարիչների միությունը, ՀԽՍՀ ԳԱ նախագահությունը, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի նախագահությունը:

Մամուլում հրապարակվեցին Մ. Սարյանին նվիրված բազմաթիվ մահախոսականներ եւ հոդվածներ. «…Սարյանի արվեստի ակունքները սկիզբ են առնում բազմադարյան արվեստ, բնության ինքնատիպ գեղեցկություն ունեցող իր հարազատ Հայաստանից… Նրա ձեւով խորապես ազգային ստեղծագործությունը միշտ էլ իր մեջ կրել է ինտերնացիոնալ մարդկային վեհ բովանդակություն, արտահայտելով մարդկանց նվիրական խոհերն ու զգացմունքները…»,- ասվում էր միութենական կառավարության հրապարակած մահախոսականում, որն ստորագրել էին Լ. Բրեժնեւը, Վ. Գրիշինը, Ա. Կիրիլենկոն, Ա. Կոսիգինը եւ ուրիշներ:
«Մ. Սարյանն այն մարդկանցից է, որի մեջ ապրում են քնքուշն ու առնականը, պարզությունն ու վեհությունը, որ խորապես հայկական է ու համաշխարհային, ամենօրյա եւ հավիտենական…»:
Ռասուլ Համզատով
«…Սարյանը երանգների մեծ երաժիշտ է, իսկական արվեստագետ, կոմպոզիտոր եւ ջերմ բանաստեղծ, …իր գրավիչ կառուցումները նա կատարում է կենդանի Հայաստանի, կենդանի նյութի հիման վրա…»:
Ա. Լունաչարսկի
«Մ. Սարյանն աշխարհին է նվիրել մի Հայաստան՝ իր հարուստ անցյալով, ծաղկուն ներկայով եւ երազային ապագայով»:
Էդուարդ Էյնման
«…Երկրի կավին ոգի ու շունչ փչող մեծերից էր նաեւ Մարտիրոս Սարյանը… Մեծ նկարչի արվեստի էությունն արեւային, կենարար ու տաք մի լույս է եւ սրբագործող «ոգի մաքրող» թախիծ…»
Վահագն Դավթյան
«Սարյանն ամբողջ Հայաստանն է: Ոչ մի նկարիչ, Սարյանից բացի, գույներով այնպես ուժգին չի հաղորդել նրա թափանցիկ օդը եւ նրա հազարամյա մառախուղը, վիթխարի, համարյա առասպելական Արարատի եւ Արագածի ձյունափայլը, արեւի խաղը խաղողի վազերի հետ, ժողովրդի գեղեցկությունն ու աշխատասիրությունը…»:
Կոնստանդին Պաուստովսկի
«…Նա կենդանի կոթող էր, որ իր գոյությամբ հաստատում էր հայ արվեստի կենսական ուժը, այդ արվեստի վահանն ու պատվարն էր, եւ մենք ուժեղ էինք մեզ զգում, քանի որ արվեստի նահապետը մեզ հետ է, մեր մեջ է…»:
Երվանդ Քոչար
«…Նա մարմնավորումն էր ժողովրդի լավագույն ավանդույթների՝ իմաստության, ուժի եւ գեղեցկության…»:
Էդուարդ Միրզոյան
(Սովետական Հայաստան, 7 մայիսի 1972)

Մարտիրոս Սարյանի թաղումը Սարյանի դագաղը դրվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի ճեմասրահում: Անվերջանալի էր մարդկանց հոսքը: Պատվո պահակ կանգնեցին կոմպոզիտոր Ա. Խաչատրյանը, նկարիչներ Ե. Քոչարը, Գ. Գյուրջյանը, Գ. Խանջյանը, ԽՍՀՄ ժող. արտիստներ Տ. Սազանդարյանը, Գ. Գասպարյանը, Վ. Աճեմյանը, Գ. Ջանիբեկյանը, Հայաստանի կառավարության անդամներ:
Մայիսի 11-ին ժամը 15-ին սգո թափորը շարժվեց դեպի Կոմիտասի անվան զբոսայգի: Այստեղ կայացավ սգո հավաք, որը բացեց Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, թաղման կառավարական հանձնաժողովի նախագահ Ա. Քոչինյանը:
Սգո հավաքում մեծ նկարչի կորստի առիթով ափսոսանք եւ նրա արվեստի նկատմամբ գնահատանքի խոսք ասացին ԽՍՀՄ նկարիչների միության վարչության քարտուղար Ն. Պոնոմորյովը, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի նախագահության անդամ Ֆ. Ռեշետնիկովը, Հայաստանի կուլտուրայի մինիստր Կ. Ուդումյանը, Ուկրաինայի ժողովրդական նկարիչ Տ. Յաբլոնսկայան, Հայաստանի նկարիչների միության վարչության նախագահ Ս. Սաֆարյանը, Ղազախստանի նկարիչների միության վարչության նախագահ Ս. Մամբեեւը, Հայաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Ս. Մերգելյանը, Վրաստանի կուլտուրայի մինիստր Օ. Թաքթաքիշվիլին, Լիտվայի ժողովրդական նկարիչ Ա. Գուդայտիսը, Ադրբեջանի նկարիչների միության վարչության նախագահ Թ. Սալախովը, Թուրքմենիայի նկարիչների միության վարչության նախագահ Ի. Կլիչեւը, Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջգործկոմի նախագահ Գ. Խոյանյանը:
Սգո հավաքը հայտարարվեց փակված. երգչախումբը կատարում էր Մակար Եկմալյանի, Կոմիտասի ստեղծագործություններից: Սգո մեղեդիների հնչյունների ներքո մեծ գեղանկարչի աճյունը հանձնվեց հողին:

ՄՀԵՐ  ՄԿՐՏՉՅԱՆ

Ծնվել է 1930 թ. հուլիսի 4-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1956 թ. ավարտել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նա 1947-1953 թթ.՝ Լենինականի, իսկ 1953-1988 թթ. Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնների դերասան էր, 1988-ից Վ. Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը: Թատրոնում Մկրտչյանի խաղացած լավագույն դերերից են` Գվիդոն, Ղազար (Ժ. Հարությունյանի «Սրտի արատ», «Ղազարը գնում է պատերազմ»), Պաղտասար (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Իսայի (Սունդուկյանի «Խաթաբալա»), Եզովպոս (Ֆիգեյրեդոյի «Աղվեսն ու խաղողը») եւ այլն:
Նկարահանվել է նաեւ կինոյում («Նվագախմբի տղաները», «Մենք ենք, մեր սարերը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Լուսանկար», «Միմինո», «01-99», «Զինվորն ու փիղը» եւ այլն): Մկրտչյանին բնորոշ էին խոսքը յուրօրինակ հնչերանգներով հարստացնելու ձիրքը, կոմիկականի եւ ողբերգականի զուգակցումն արվեստում, հումորի սքանչելի զգացողությունը, պարզ ու տպավորիչ արտահայտչամիջոցները:
Մոնրեալի թերթերից մեկը Պաղտասարի դերակատարման առթիվ գրել է.
«…Ան իր դիմախաղով, քայլվածքով, դեմքի ու մարմնի շարժումներով եւ անվերջանալի դիրքավորումներով ուղղակի կճառագայթեր ողբերգականորեն ծիծաղելի ու խափված մարդու հոգեկան գալարումները ու նկրտումները: Հաճախ կեցվածքով մը ուղղակի կքանդակեր ապրումները դեմքին վրա, երբեմն իր լռությամբ եւս լավ չափված ժեստերով ավելի խոսուն ու արտահայտիչ խաղարկություն մը կունենար, քան պիտի կրնար տալ ամենեն պերճախոս բառերով: Ան իր լացով՝ խնդուքի պոռթկումներ բռնկեցուց ու իր հուսահատական խնդուքով՝ արցունքներ խլեց ներկաներեն…»:
(Սերգեյ Գալստյան, Զրույց Մհեր Մկրտչյանի հետ, Գրական թերթ, 22 հունվարի 1984)
Մեծ ժողովրդականություն վայելող դերասանը 1975 թ. արժանացել է ՀԽՍՀ, իսկ 1978 թ.՝ ԽՍՀՄ պետական մրցանակների: Նրա անունով է կոչվում Գյումրիի փողոցներից մեկը:
«Մհերը եկավ աշխարհ՝ աշխարհն ավելի բարի դարձնելու համար, եկավ ծիծաղով, գնաց ծիծաղով… Մհերի մեջ պարփակված է գյումրեցու զարմանալի հատկություններ՝ Իսահակյանի փիլիսոփայությունը, Շիրազի ժայթքող սիրտը, Մինասի անսպասելի գույները, Արփաչայի հավերժությունը…»:
Երվանդ Ղազանչյան

Եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի հուշերից «…Սկզբում սովորեց Մերկուրովի անվան նկարչական արվեստանոցում, հետո սովորեց կլառնետ նվագել, ապա…տեքստիլ կոմբինատի ակումբում Մհերն աշխատեց կինոմեխանիկ: Սկզբից օգնում էր մեխանիկին, հետո վերջապես նրան թույլ տվեցին մասնակցել դրամատիկ խմբում…Մհերը խաղաց դեր դերի հետեւից, …որ ես էլ դարձա տասը տարեկան մասնակցեցի այդ խմբի ներկայացումներին: Հիշում եմ… ես խաղում էի Գիքոր, Մհերը՝ Բազազ Արտեմ… Մի օր էլ, երբ դահլիճը լիքը, ասեղ գցելու տեղ չկար, մայրս էլ էր գտնվում դահլիճում, Մհերն իմացել էր, որ… ես ղումար եմ խաղացել… երբ ես ասացի՝ «Բալը թանկ է», Մհերն ասաց. «Բալը թանկ է, հա՞, էլի ղումար ես խաղացել, հա՞»: Մի հատ հարվածեց ինձ, երկրորդը որ հարվածեց, մայրս ճչաց. «Թեւերդ թուլանար, էդ երեխուս ո՞ւր կզարգես»: Ու ղժժալով, աղաղակելով բարձրացավ բեմ: Մհերին սկսեց քաշել այս ու այն կողմ, դահլիճը սկսեց գոռգոռալ, սուլել, ծիծաղել: Կյանքիս մեջ այդպիսի ներկայացում չեմ տեսել. դահլիճն ու բեմը, միանալով իրար, դարձել էին մի ամբողջականություն, որը կոչվում էր թատրոն:
…Ես միշտ հիշում էի Մհերի հայացքը: Երբ ես կռվում էի, ինքը ոչինչ չէր ասում, միայն լռում էր… ես չէի հասկանում այդ հայացքը: Ավելի ուշ, երբ ֆիլմեր էի նկարում եւ այդ հայացքը պարբերաբար առիթ ունեցա տեսնելու… հայացքի էությունը, ըստ իս, մեկն էր. «էս ինչի՞ դու ինձ չես հասկանում»:
…Մհերը շատ էր սիրում, երբ մայրս լողացնում էր… մայրս ասում էր «Հիսուս Քրիստոս», տաք ջուրը լցնում վրան… Այդ ջուրն էլ որ լցնում էր, իր համար աստծո ջուրն էր, որ լցնում էր Մհերի գլխին ու շոյում էր: …Միշտ ինձ ասում էր. «Տղիս լավ կնայեք»:
Հիշում եմ մայրս հիվանդանոցում էր, վերջին վայրկյաններն էին, չէր կարողանում խոսել… սաստող հայացքով նայեց ինձ, ու շատ սիրուն այդ աչքերը գնացին ու գուրգուրանք դարձան Մհերի վրա… Այդ հայացքը նույնն էր… ասում էր. «Տղիս լավ կնայեք»:
Հայրս… չէր սիրում, որ Ֆրունզը դերասան է: Եվ ոչ միայն հայրս, այլեւ հորս ընկերները ծիծաղում էին, որ Մուշեղի տղան պետք է դերասան դառնա: Շատ դժվար էր հորս համար տեսնել այդ, միշտ ասում էր. «Դերասան ես, հա՞, կապիկություն կենես, հա՞»: Ու նյարդայնանում էր, շատ էր ուզում, որ Ֆրունզիկը նկարիչ դառնար: …Հայրս էությամբ նկարիչ էր: Դրա համար էլ մեզ էր ստիպում նկարել:
Դեռ Լենինականում մի ներկայացման ժամանակ հանկարծ լռության մեջ տեսա, որ հայրս գնում է դեպի բեմ: Վախեցած նայում էի, ինձ թվաց՝ պիտի բարձրանա բեմ ու սկսի Մհերին ծեծել: Գնաց, կանգնեց շատ մոտ, երկա՛ր նայեց Մհերին (ես մեջքով էի, ես չէի տեսնում նրա հայացքը), զգում էի, որ Մհերը շփոթված, վախեցած շարունակում էր խաղալ:
Երեկոյան հայրս ուշ եկավ տուն, Մհերը պառկած էր, ոտքերից վերմակը քաշեց, ասաց. «Ֆրունզ ջան, ապրի՛ս, կուզեմ այս գիշեր ոտքերիդ տակ պառկիմ, քնիմ»:
…Երբ նկարահանում էինք «Հին օրերի երգը», այն տեսարանը, երբ Մհերը սեւ թուղթ պիտի ուտեր, այդ ամբողջ էպիզոդը խաղալու համար երեք օր Մհերը առանձնացավ հյուրանոցի սենյակում: Դուրս չեկավ, որովհետեւ շատ լուրջ պատրաստվում էր: Եվ երբ առավոտյան դուռը բացեցինք, դուրս եկավ մի շատ հոգնած մարդ: Այսինքն՝ ինքն արդեն իր կերպարի մեջ էր՝ իր արտաքինով, իր ներքինով:
…Երբ առաջին անգամ տեսավ Անին, տխուր եկավ տուն, սարսափելի հուզված էր: Ինձ ասաց.
— Գնացի Անին տեսա, եկա: Երբ որ շուռ եկա՝ վերջին անգամ նայելու, եկեղեցիները մատով թափ էին տալիս վրաս, թե՝ «Էս ո՞ւր ես գնում, մեզ թողած՝ էս ո՞ւր ես գնում»:
…Մոսկվայում նստեցինք մետրո: Վագոնում ինչքան ժողովուրդ կար, բոլորը ոտքի կանգնեցին ու սկսեցին ծափահարել: Դուրս եկանք, փախանք, որովհետեւ անհնար էր, Ֆրունզը չէր իմանում ինչ աներ:
…Անհանգիստ էր, շտապում էր: Ամբողջ կյանքը շտապեց եւ՛ կենցաղում, եւ՛ արվեստում: Եվ եկավ այդ չարաբաստիկ օրը 1993 թվականի դեկտեմբերի 28-ը: Առավոտյան զանգ տվեց, ասաց. «Արի գնանք Շերենցի թաղմանը»: Գնացի… Տարօրինակ բան էր կատարվում, նա ծայրաստիճան նյարդայնացած էր…հանգստացրի, պառկեցրի, մի կերպ քնեց: Արդեն ժամը հինգն էր, որոշեցի գնալ տուն: …Ու հանկարծ զանգահարեցին թե «Արի՛, Մհերը վատ է»: Տրանսպորտ չկար: Շատ երկար տեւեց, մինչեւ այնտեղ հասա, Մհերն արդեն չկար:
…Հաջորդ գիշեր երազումս տեսա մորս, աչքերիս մեջ նայեց, գուրգուրելով ասաց.
— Տղի՛ս լավ կնայես:
…Մհերն ինձ ասում էր. «Ամեն մարդ քանդակում է իր ճակատագիրը, երբ քանդակը վերջացնում է, ինքն արդեն չկա»:
Ըստ երեւույթին, ինքը քանդակեց իր ճակատագիրը…»
(Լեգենդ դարձած արտիստը, հուշեր Մհեր Մկրտչյանի մասին, Կազմ.՝ Քրիստինե Մկրտչյան եւ ուրիշներ, Եր., 2002, էջ 87-92): Մհեր Մկրտչյանը վախճանվեց 1993 թ. դեկտեմբերի 28-ին:

Մամուլում հրապարակվեցին Մ. Մկրտչյանին նվիրված բազմաթիվ մահախոսականներ եւ հոդվածներ. «Մհեր Մկրտչյանն իրավամբ կարող է համարվել 20-րդ դարի լավագույն կատակերգուներից մեկը: Նա ստեղծեց արտիստական իր ուրույն աշխարհը՝ կոմիկականի եւ հերոսականի անզուգական համադրումով, հումորի անսայթաք զգացողությամբ, պարզ ու բացառիկ արտահայտչականությամբ…
…Հայ մեծ կատակերգուի գահը թափուր մնաց: Բայց նրա հիշատակը հավերժ պայծառ կմնա մեր սրտերում…»:
ՀՀ Նախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահություն, ՀՀ կառավարություն
(Հայաստանի Հանրապետություն, 31 դեկտեմբերի 1993 թ)

Մհեր Մկրտչյանի թաղումը Դեկտեմբերի 31-ին հանրապետության տարբեր անկյուններից արվեստասերները հավաքվել էին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում: Այդ օրը ժողովուրդը հրաժեշտ էր տալիս տաղանդավոր արվեստագետին, որ սերվել էր հայոց արվեստի մեծերից, ու դրան ավելացրել իր սեփական մհերյանական գույները՝ կերպարային, գունեղ, լուսե:
Սգո արարողությանը ներկա էին եւ սիրված դերասանին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, փոխնախագահ Գ. Հարությունյանը, հանրապետության խորհրդարանի նախագահ Բ. Արարքցյանը, վարչապետ Հ. Բագրատյանը, արվեստի, մշակույթի, գիտության գործիչներ, նրա տաղանդի տասնյակ հազարավոր երկրպագուներ: Մեծածավալ բազմությունն այնուհետեւ ուղղություն վերցրեց դեպի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Սգո հավաքում հրաժեշտի խոսք ասացին Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը եւ այլք:

ՇԻՐՎԱՆԶԱԴԵ

Ծնվել է 1858 թ. ապրիլի 7-ին Շամախիում, դերձակի ընտանիքում: Սովորել է Շամախիի հայոց թեմական ու երկդասյա դպրոցներում: Ընտանիքին օգնելու նպատակով մեկնել է Բաքու: Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում` գրագրի, հաշվապահի պաշտոնններում: Թղթակցել է հայկական եւ ռուսական մամուլին:
1883 թ. «Մշակում» տպագրվել է նրա «Հրդեհ նավթագործարանում» առաջին պատմվածքը:
Շիրվանզադեի բազմաթիվ դրամատիկական գործեր բեմադրվել են Անդրկովկասի թատրոններում: 1895-1896 թթ. արեւմտահայերի կոտորածների ժամանակ նյութական աջակցություն կազմակերպելու նպատակով մեկնել է Ռուսաստան: Ցարական ոստիկանությունը կալանավորել է նրան եւ նետել Մետեխի բանտը:
1898-ին երկու տարով աքսորվել է Օդեսա, 1905-1910 թթ. ապրել է Փարիզում:
1926-ին վերադարձել է հայրենիք: Զբաղվել է թատերական քննադատությամբ: Շիրվանզադեի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Նամուս» (1925), «Չար ոգի» (1927), «Պատվի համար» (1956), «Քաոս» (1972) կինոնկարները: Երեւանում կա նրա անվան դպրոց, փողոց, Կապանում՝ պետական թատրոն:

ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆ

Ծնվել է 1883 թ. սեպտեմբերի 19-ին Ղզլարում (Դաղստան):
1902 թ. ավարտել է Նոր Նախիջեւանի թեմական դպրոցը: Երաժշտության առաջին ուսուցիչն էր Գ. Չորեքչյանը (1945-1954 թթ. Ամենայն հայոց կաթողիկոս), 1902-1905 թթ. Ռ. Մելիքյանը սովորել է Դոնի Ռոստովի երաժշտական դպրոցում: 1908-1910 թթ. երաժշտության ուսուցիչ է եղել Թիֆլիսի Հովնանյան դպրոցում: 1910-1914 թթ. սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում:
1916 թ. մեկնել է Վան՝ տեղում օգնություն ցույց տալու պատերազմից տուժածներին, իսկ 1921 թ. տեղափոխվել է Երեւան, գլխավորել երաժշտական ստուդիայի, ապա՝ 1923 թ. կոնսերվատորիայի կազմակերպման գործը: 1932-1933 թթ. եղել է Երեւանի նորաստեղծ Օպերայի թատրոնի երաժշտական խորհրդատու:
Ռոմանոս Մելիքյանը վերջնականապես ձեւավորեց հայկական ռոմանսը որպես ազգային կամերային վոկալ երաժշտության ինքնուրույն ժանր: Նա դարձավ հայ դասական ռոմանսի ստեղծողը:
Նա առաջինն էր, որ ազգային վոկալ երաժշտության մեջ ներգրավեց հայ ժամանակակից դասական պոեզիայի նվաճումները:
Ռ. Մելիքյանի լավագույն գործերից են «Աշնան տողեր» ռոմանսը, «Վարդը», «Աշուն» երգերը, «Ուռենի» զուգերգը, «Զմրուխտի» եւ «Զառվառ» վոկալ շարքերը, «Նոր օրերի երգեր» շարքը եւ այլն:
Նրա անունով է կոչվում Երեւանի երաժշտական ուսումնարանը:
«…Նրան առանձնապես հրապուրում է Չայկովսկու ստեղծագործությունը, նա հափշտակվում է մեծ կոմպոզիտորի անկեղծ ու կրքոտ երաժշտությամբ… Ահա մի հատված պատանեկան տարիներին ընկերոջը գրած նամակից. «…Մենք այդ Չայկովսկուն գուցե եւ հասկացած չենք եւ չենք էլ հասկանում, բայց զգացել ենք, որ այդ հանճարը շատ հարազատ է երկուսիս, ազդված նրանով, դու աշխատել ես քո նվագածի մեջ, ես էլ՝ իմ գրվածքների մեջ տալ Չայկովսկու տոնը: Հիշատակարանիս մեջ անցյալ օրերը կարդում եմ մի այսպիսի երկտող. «Շատերը հարցնում են, թե ինչու համար եմ սիրում-պաշտում Չայկովսկուն: Դժվարանում եմ այդ հարցին ամփոփ պատասխան տալ, միայն կարծում եմ, որ եթե ես լինեի Չայկովսկի, Չայկովսկին էլ նույն տեսակ կսիրեր, կպաշտեր ինձ» (Գ.Գյոդակյան, Ռոմանոս Մելիքյան, Ե., 1960, էջ 23):

ՍԱՀԱԿ ԼԻՍԻՑՅԱՆ

Ծնվել է 1864 թ. սեպտեմբերի 10-ին Թիֆլիսում, զինվորական բժիշկ, գեներալ Դանիել Քրիստափորի Լիսիցյանի ընտանիքում: Նա հայտնի հայագետ, ազգագրագետ, մանկավարժ Ստեփան Լիսիցյանի եղբայրն է: Մասնագիտական բարձրագույն կրթությունը ստացել է Բելգիայի Լիեժ քաղաքի պոլիտեխնիկ դպրոցում:
Ս. Լիսիցյանը Երեւանի եւ Անդրկովկասի շատ քաղաքների ջրմուղի նախագծողը եւ կառուցողն է:
Նա 1887-1918 թթ. անընդմեջ եղել է Թիֆլիսի ջրմուղի եւ սանիտարատեխնիկական բաժնի վարիչ՝ կատարելով քաղաքի ջրմուղի ընդարձակման բոլոր աշխատանքները: Լիսիցյանն իր նախագծած ընդարձակ զտիչներն օգտագործելով, կառուցել է ավելի կատարելագործված ջրամատակարարման համակարգ, որը թույլ է տվել Քուռ գետի ջրերի հաշվին լրացնել Ավճալայի աղբյուրների ջրի պակասը եւ ավելացնել մատակարարվող ջրի քանակը: 1909 թ. ջրմուղայինների համագումարում նա զեկուցել է Նատախտարիի աղբյուրներից օգտվելու առավելությունների մասին, որի հիման վրա մշակվել եւ իրագործվել է նոր ջրմուղի նախագիծ: Իրացվել է նաեւ նրա մյուս առաջարկը՝ ծածկել Քռի աջ բազուկը եւ այն դարձնել փողոց:
Սահակ Լիսիցյանը նաեւ Թիֆլիսի հայտնի բարեգործներից էր: «1908 թ. փետրվարի 2-ին կայացած Կովկասյան հայոց բարեգործական ընկերության ժողովը 11 հոգուց բաղկացած խորհրդի կազմում ընտրել է նաեւ Սահակ Լիսիցյանին» (Լեո, Երեսնամյակ Հայոց բարեգործական ընկերության (1881-1911), Թիֆլիս, 1911, էջ 264), իսկ մայիսի 17-ին կայացած ժողովն ընկերության պատվավոր անդամ է ընտրում Լեոյին եւ Ալեքսանդր Մանթաշյանին:
1908 թ. Ս. Լիսիցյանի նախագծով եւ Ա. Ղարաջյանի միջոցներով կառուցվել է մի շինություն, որը միացվել է Խուդադյանի տանը, եւ այդպիսով ընկերությունը Թիֆլիսում ունեցել է մի մեծ ու գեղեցիկ շենք, որի մեջ են տեղավորվել ընկերության բոլոր հիմնարկությունները՝ որբանոց, գրադարան-ընթերցարան, ճաշարան եւ խորհրդի գրասենյակը:
1919 թ. Լիսիցյանը կնոջ եւ երկու զավակների՝ 12 տարեկան Տրդատի եւ 9 տարեկան Աբգարի հետ տեղափոխվել է Շվեյցարիա՝ զավակների կրթությունն այնտեղ շարունակելու նպատակով:
1925 թ. կառավարության հրավերով վերադարձել է Հայաստան եւ որպես բարձրակարգ ու փորձառու մասնագետ նշանակվել Երեւանի ջրմուղի վարիչ: Նրա մասնակցությամբ նախագծվել եւ կառուցվել են Երեւանի առաջին ջրմուղը, Շուլավերի եւ Անդըրկովկասի շատ քաղաքների ջրամատակարարման համակարգերը: Ս. Լիսիցյանին է պատկանում Այղր լճից ջուրն էլեկտրականությամբ բարձրացնելու գաղափարը: Նրա ղեկավարման տարիներին սարքավորվել է առաջին բաղնիքը, բարելավվել քաղաքի ջրամատակարարումը: Լիսիցյանի մտահղացմամբ կառուցվել են Գետառի մաքրող զտիչները, որոնց շնորհիվ քաղաքին մատակարարվող ջրի քանակն ավելացվել է 40 հազար դույլով՝ հասնելով մինչեւ 200 հազար դույլի (Ա. Խանջյան, Մոռացված անուն, Ազգ, 24 սեպտ. 2002):
1925-1930 թթ. Ս. Լիսիցյանը դասավանդել է Երեւանի պետհամալսարանի տեխնիկական ֆակուլտետում, ապա՝ Պոլիտեխնիկական ինստիտուտում:
Կյանքի վերջին տարիներին հիվանդության պատճառով նա հեռացավ գործնական աշխատանքից: Ժողկոմխորհի որոշմամբ, նրան նշանակվեց անհատական կենսաթոշակ: Սահակ Լիսիցյանը վախճանվեց 1934 թ. մարտի 30-ին Երեւանում:
Նրա հուղարկավորության համար կազմվեց հանձնաժողով:

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

Ծնվել է 1924 թ. հունվարի 9-ին Թիֆլիսում, հայ ընտանիքում: Կինոյում իր գործունեությունն սկսել է Կիեւի Ա. Դովժենկոյի անվան ստուդիայում՝ 1952 թ., կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի բեմադրական ֆակուլտետն ավարտելուց հետո: 1964 թ. նրա նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարը միանգամից համաշխարհային համբավ բերեց հեղինակին:
Հայաստանում Ս. Փարաջանովի առաջին գործերն էին նախ՝ կարճամետրաժ ֆիլմը ականավոր նկարիչ Հակոբ Հովնաթանյանի մասին, իսկ 1968 թ.՝ Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» կինոնկարը:
Իր թեմատիկայով խորապես ազգային լինելով հանդերձ, այս ֆիլմը համամարդկային գաղափարայնությամբ անժխտելի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի 70-80-ական թթ. համաշխարհային կինոյի զարգացման վրա:
Լինելով մեծ եռանդի եւ անսպառ երեւակայության տեր արվեստագետ՝ Ս. Փարաջանովը ձեռք բերեց համաշխարհային մակարդակի վարպետի համբավ: Ցավոք, խորհրդային տարիներին նա դարձավ հալածանքի ու հետապնդումների զոհ, երկար ժամանակ զրկվեց ազատության մեջ ստեղծագործելու, ֆիլմեր նկարահանելու հնարավորությունից:
Նրա անսպառ տաղանդի դրսեւորումները դարձան նաեւ «Վրացֆիլմ» կինոստուդիայում ստեղծված կարճամետրաժ ժապավենն ականավոր նկարիչ Նիկո Փիրոսմանիի մասին, «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1984 թ.) եւ «Աշուղ Ղարիբ» (1989 թ.) ֆիլմերը: Ավաղ, էկրան չհասցրեցին բարձրանալ նրա ինքնատիպ մտահղացումները՝ «Արա Գեղեցիկ», «Սասունցի Դավիթ», «Խոստովանություն» ֆիլմերը: Վերջինիս նկարահանումներին նա ձեռնամուխ եղավ «Հայֆիլմ» կինոստուդիայում, մահվանից մեկ տարի առաջ: Մշակութային մեծ իրադարձություններ էին նրա գեղարվեստական ստեղծագործությունների ցուցահանդեսները Երեւանում, Թբիլիսիում, ինչպես նաեւ արտասահմանում: Փարաջանովն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի, նրան շնորհվել են Հայաստանի եւ Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչումներ:
«Փարաջանովի ուժը ջերմամիջուկային է, այդ ուժը ոչ թե նրա ֆիլմերի, ոչ թե նրա կինեմատոգրաֆի, այլ նրա մարդկային կերպի մեջ է»:

 Ծնվել է 1915 թ. դեկտեմբերի 3-ին Գորիսում:
1934 թ. ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը եւ մինչեւ 1941 թ. ուսուցիչ է աշխատել Տաթեւ եւ Խնածախ գյուղերում:
1941-1945 թթ. ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Նրա առաջին պատմվածքը՝ «Չոր Տափը» լույս է տեսել 1933 թ. Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում:
Տաղանդավոր վիպասանի ողջ ստեղծագործությունը հայրենասիրությամբ, հայրենի եզերքի ու այնտեղ ապրող պարզ մարդկանց նկատմամբ սիրով է ներծծված:
Ս. Խանզադյանին մեծ ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961 թ.) վեպը, որի հիման վրա 1978 թ. նկարահանվել է համանուն կինոնկարը:
Խանզադյանի ստեղծագործությունները՝ «Մեր գնդի մարդիկ», «Հողը», «Որոտանի կիրճում», «Անդրանիկ», «Լալ Համազը», «Խոսեք, Հայաստանի լեռներ», «Թագուհին հայոց», սիրով ընթերցվել ու ընթերցվում են տարբեր սերունդների կողմից: Նա «Կորած արահետներ», «Քաջարան», «Այրված տունը», «Մատյան եղելության», «Երեք տարի 291 օր», «Սեւանի լուսաբացը», եռահատոր «Հայրենապատում», ստեղծագործությունների հեղինակն է: Սերո Խանզադյանը վախճանվեց 1998 թ. հունիսի 24-ին:
Կազմվեց հուղարկավորության կառավարական հանձնաժողով՝ Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ:
Մահվան առիթով մամուլում եղան բազմաթիվ հրապարակումներ: Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի եւ կառավարության կողմից հրապարակվեց մահախոսական:

Սերո Խանզադյանի թաղումը Հունիսի 29-ին մայրաքաղաքի հասարակայնությունը, գրողի ծննդավայր Զանգեզուրից ժամանած պատվիրակները վերջին հրաժեշտը տվեցին Սերո Խանզադյանին:
Հանգուցյալի դագաղը դրված էր Արամ Խաչատրյանի անվան Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճի ճեմասրահում: Այստեղ էին գրականության եւ արվեստի գործիչներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ կառավարության, թաղման կառավարական հանձնաժողովի անդամներ, ուսանողներ:

ՎԱՀՐԱՄ  ՓԱՓԱԶՅԱՆ

Ծնվել է 1888 թ. հունվարի 6-ին Կ. Պոլսում: 1902 թ. ավարտել է Կ. Պոլսի Էսայան վարժարանը: 1905-1907 թթ. ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1904 թ. Քինի դերով: 1907 թ. եղել է Փարիզում, այնտեղից մեկնել Անդրկովկաս, մի քանի ամիս խաղացել Բաքվի հայ թատերախմբում, 1908-1911 թթ. սովորել է Միլանի գեղարվեստի ակադեմիայում, թատերախմբերի հետ շրջագայել Իտալիայում, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում:
1917-1920 թթ. Էռնեստո Վահրամ ծածկանունով նկարահանվել է Մոսկվայում եւ Յալթայում Ա. Խանժոնկովի մի քանի կինոնկարներում: 1922 թ. Փափազյանը եկել է Խորհրդային Հայաստան եւ մի շրջան աշխատել Երեւանի պետթատրոնում, խաղացել Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Հայնրիխ (Հաուպտմանի «Ջրասույզ զանգ»), բեմադրել Շեքսպիրի «Օթելլո», Դյումա-հոր «Քին», Մոլիերի «Դոն Ժուան», Շոուի «Սատանի աշակերտը» (խաղացել է բոլոր գլխավոր դերերը) ստեղծագործությունները: 1922-1927 թթ. աշխատել է Թիֆլիսի եւ Բաքվի հայկական թատրոններում: Բեմադրել է Շեքսպիրի «Մակբեթը», Լերմոնտովի «Դիմակահանդեսը», Չարենցի «Կապկազ-թամաշան», Շիրվանզադեի «Մորգանի խնամին» եւ այլն: 1928 թ. Օթելլոյի դերով հանդես է եկել Մոսկվայի փոքր թատրոնում: 1929-1931 թթ. աշխատել է Լենինգրադի «Պասսաժ» թատրոնում: Ռիգայի, Տալլիննի, Կաունասի ռուսական թատրոններում, ապա 1932 թ. Փարիզում, ֆրանսերենով խաղացել է Օթելլո, Համլետ, Դոն Ժուան: Ճանաչվել է որպես դասական խաղացանկի վարպետ: Փարիզի թատերաքննադատությունը Փափազյանի Օթելլոն համարել է բեմարվեստի բացառիկ երեւույթ:
1930-1950-ական թթ. շրջագայել է Գերմանիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Միջին Ասիայում, անդրկովկասյան հանրապետություններում: 1954 թ. հաստատվել է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում, 1956 թ. Մոսկվայում մասնակցել է հայ արվեստի եւ գրականության երկրորդ տասնօրյակին: 1957 թ. Լենինականում բեմադրել է «Դոն Ժուանը»: 1963 թ. խաղացել է Մեք-Գրեգորի դերը (Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»): Այդ ներկայացմամբ նա հրաժեշտ տվեց բեմին:
Գրական գործերում Փափազյանը պատմել է իր՝ արտիստի կյանքի մասին: Նա բացառիկ դեր ունի գրական հայերենի մշակման եւ ճոխացման գործում (համադրել է հայոց լեզվի զարգացման տարբեր փուլերի իրողությունները):
«Փափազյանը բացառապես դրամատիկական դերասան է: Նրա ներքին եւ արտաքին տվյալները կարծես ստեղծվել են միայն նրա համար, որ նա բեմահարթակի ստեղծագործող դառնա: Իր արվեստով նա առավելապես ողբերգակ է, խոշոր պատկերների ստեղծող…
Փափազյանը գեղարվեստական խոշոր անհատականություն ունի: Օժտված է ստեղծագործական լայն դիապազոնով: Նա ընդունակ է խաղի տոնը հասցնել շատ բարձր ռեգիստր, բայց այդ միջոցին նա հաճախ չի դիմում…» (Ս. Մելիքսեթյան, Խորհրդային արվեստ, 1933, N 1):
Փափազյանը դերասանական հին ու նոր ուղղությունները ենթարկել է իր անհատական տարերքին ու ազգային մտածելակերպին, ստեղծել հատուկ բեմական բնավորություն՝ ամբողջական, պարզ, պոռթկումների շեշտվածությամբ, ներքուստ հավասարակշիռ, խաղը կառուցելով ոչ այնքան խոսքերի ու առանձին մտքերի, որքան զգացմունքների տրամաբանության վրա:

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Ծնվել է 1932 թ. Երեւանում: 1954 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, իսկ 1961 թ.՝ ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցը: 1954 թվականից աշխատել է Լենինգրադում՝ ԳՀԻ-ում ավագ ճարտարագետ-կոնստրուկտոր, ապա խմբի ղեկավար, 1955-ից՝ Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ տեխնոլոգ, ճարտարագետ, ապա տնօրեն:
1966 թ. ընտրվել է ՀԿԿ Երեւանի քաղկոմի քարտուղար, 1972-74 թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, 1974-1988 թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, 1991-1999 թթ.՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն: 1998 թ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու, 1999 թ. ապրիլից՝ «Միասնություն» դաշինքի համանախագահ: 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր, իսկ հունիսի 10-ին՝ ԱԺ նախագահ:
Դեմիրճյանի օրոք են կառուցվել «Զվարթնոց» օդանավակայանը, այժմ նրա անունը կրող Երեւանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը եւ բազմաթիվ արժեքավոր այլ շինություններ:
Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար ՀՀ Նախագահի 1999 թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու նրան շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը:
«…Հրդեհվել էր Մարզահամերգային համալիրը: Կարեն Սերոբովիչը նոր էր վերադարձել այնտեղից: Դեմքը մթագնած էր, լարված: Այրվել էր այն օջախը, որի կառուցման վրա նա այնքա՛ն ջանք ու եռանդ էր ներդրել: Համատեղ աշխատանքի երկար ու ձիգ տարիների ընթացքում նրան այդպես ընկճված ու հուսաբեկ չէի տեսել: Աշխատում էր թաքցնել ներքին հուզմունքը, հոգեվիճակը, որը նրան այնքան էլ չէր հաջողվում:
— Վեր կաց գնանք,-տեղից ընդոստ պոկվելով կտրուկ ասաց նա,- տեսնենք ինչպիսին է իրավիճակը եւ, հետո, ամբողջ քաղաքը այնտեղ է, հարկավոր է զրուցել մարդկանց հետ, հուսադրել նրանց:
Մեզ միացավ Կարեն Սերոբովիչի միակ թիկնապահը՝ Ալիկ Մերանգուլյանը: Մեկնեցինք Դեմիրճյանի ծառայողական «Վոլգա- 24» ավտոմեքենայով, առանց թիկնապահների ստվար ջոկատի եւ պետավտոտեսչության մեքենաների ուղեկցության: Դրանց անհրաժեշտությունը Դեմիրճյանը չէր զգում: Նա գնում էր իր ժողովրդի մոտ: Մեքենայում արդեն նկատեցի Կարեն Սերոբովիչի կերպարանափոխությունը: Քիչ առաջվա տրտմությունից ու ընկճվածությունից հետք չէր մնացել:
Նախկին Դեմիրճյանն էր, ինքնավստահ, խրոխտ: Հիանալի հոգեբան էր ու քաջ գիտակցում էր, որ ժողովուրդը իրեն է սատարում, իր մեջ որոնում հույսի ճառագումը, եւ ինքը չպետք է ցույց տա հոգեկան խռովքը:
— Կարեն Սերոբովիչ, սա թշնամու գործ է, խնդրում ենք գտնել եւ պատժել այդ տականքներին:
— Հանգիստ, ժողովո՛ւրդ, հանգիստ, մի շտապեք եզրակացություններ անել, կատարվածը լոկ պատահարի արդյունք է: Վստահ եղեք, կվերականգնենք կորցրածը, էնպես կանենք, որ մեր համալիրը լինի առաջվանից գեղեցիկ եւ շքեղ:
Հանկարծ բազմությունը ճեղքելով՝ Դեմիրճյանին մոտեցավ տարեց, կորամեջք մի կին՝ ձեռքին ինչ-որ բան բռնած:
— Թագավո՛ր բալես, ես քո հոգուն մատաղ, առ էս փողը, մի ամսվա թոշակս է, ծախսիր պալատի շինարարության վրա:
Տեսարանը հուզիչ էր, հոգեցունց: Ալիկ Մերանգուլյանը՝ վիթխարի այդ տղամարդը, հուզմունքից փլվեց, փղձկաց եւ արտասուքն աչքերին մի կողմ քաշվեց:
Ինչպես միշտ, բոլոր պարագաներում զգացմունքներին տիրապետող, պողպատյա կամքի տեր Դեմիրճյանը մոտեցավ կնոջը, որդիաբար գրկեց նրան:
— Մայրիկ ջան, շնորհակալ եմ քեզնից: Պահիր թոշակդ, դրա կարիքը չկա: Ես ձեզ խոստանում եմ, որ մայիսի 9-ին, հաղթանակի օրը, այդ տոնին նվիրված միջոցառումը կնշենք վերակառուցված պալատում («Կաթիլներ մեծ ծովից, Կարեն Դեմիրճյանը երախտապարտ ժամանակակիցների հուշերում», Սուրեն Ավետիսյանի հուշերից, Ե., 2002): 1999 թ. հոկտեմբերի 27-ին 17.30-ի սահմաններում խորհրդարանի նիստերի դահլիճ ներխուժեցին 5 ավտոմատավորներ եւ կրակ բացեցին ԱԺ պատգամավորների ու կառավարության անդամների վրա: Կրակոցներից զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ Արմենակ Արմենակյանը:
Ոճրագործության զոհ դարձած քաղաքական նշանավոր գործիչների մահվան առիթով ցավակցական հեռագրեր ստացվեցին աշխարհի բազմաթիվ պետությունների ղեկավարներից, երկրների կառավարություններից, հասարակական կազմակերպություններից եւ անհատներից:

ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ծնվել է 1930թ. ապրիլի 1-ին Երեւանում: Նրա նախնիները Իգդիրից էին: Առաջին անգամ նկարահանվել է 1947թ. «Արարատյան դաշտի աղջիկը» կինոնկարում:
1951թ. ավարտել է Երեւանի թատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետը (Ա.Գուլակյանի դասարան) եւ աշխատել է Գ.Սունդուկյանի անվան թատրոնում: 1969թ. նրան շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում: 1979-1984թթ. եղել է նույն թատրոնի գլխավոր բեմադրիչ, իսկ 1988-ից՝ գեղարվեստական ղեկավար: 1985-1988թթ. աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) պետական թատրոնում՝ դերասան եւ գլխավոր բեմադրիչ: 1988-ից եղել է Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ: 1980-ից դասավանդել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:
Խորեն Աբրահամյանի հիմնական դերերից են Ռուստամ (Ալ.Շիրվանզադեի «Նամուս», 1955թ.), Ալեքսանդր (Վ.Փափազյանի «Ժայռ», 1957թ.), Արմեն (Գ.Բորյանի «Կամուրջի վրա», 1962թ.), Դրագադանօղլու (Պ.Յավորովի «Վիտոշի փեշերին», 1966թ., Բուլղարիայի մշակույթի եւ արվեստի կոմիտեի մրցանակ), Օթելլո (Վ.Շեքսպիրի «Օթելլո», 1969թ.), Արամ (Ալ.Արաքսմանյանի «Վաթսուն տարի, երեք ժամ», 1965թ.), Պեպո(Գ.Սունդուկյանի «Պեպո», 1966թ.), Արա (Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ», 1965թ.), Մյասնիկյան (Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը», 1970թ., նաեւ «Երկունք» կինոնկարում, 1977թ.), Արշակ Երկրորդ (Պ.Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը», 1976թ.), Կորիոլան (Վ.Շեքսպիրի «Կորիոլան», 1979թ., որը 1981-ին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի), Ավետյան (Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», 1983թ.):
Նկարահանվել է կինոյում՝ Արսեն («Առաջին սիրո երգը», 1958թ.), Գեւորգ («Սարոյան եղբայրներ», 1968թ., կինոնկարը 1969 եւ 1970թթ. արժանացել է Կիեւի եւ Մինսկի համամիութենական կինոփառատոների մրցանակների, իսկ 1971թ.՝ ՀԽՍՀ պետական մրցանակի), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969թ.), Ռոստամ («Տերը», 1985թ.) եւ այլն:
Գ.Սունդուկյանի անվան թատրոնում Խ.Աբրահամյանի բեմադրություններից են՝ «Հացավան» (1980թ., ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության եւ Հայկական թատերական ընկերության սահմանած առաջին կարգի մրցանակ), Վ.Շեքսպիրի «Ջոն արքա» (1981թ.), իսկ Լենինականի պետական թատրոնում՝ Ա.Քալանթարյանի «Թիկունք» (1985թ.) եւ Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (1987թ., 1988-ին ՀԽՍՀ պետական մրցանակ):

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծնվել է 1903 թ. հունիսի 6-ին Թիֆլիսում: Վաղ մանկության առաջին երաժշտական տպավորությունները մորից լսած հայկական ժողովրդական երգերն էին, որ երգում էր չափազանց արտահայտիչ, հոգեկան ջերմությամբ…
Դեռեւս նախադպրոցական տարիքում փոքրիկ Արամը փողոցում ժամերով կանգնում եւ լսում էր ժողովրդական թափառաշրջիկ երգիչներին, աշուղներին եւ սազանդարներին: Նա ագահաբար կլանում էր նրանց արվեստը, թեեւ ամեն բան չէ որ հասկանում էր: Նրան գրավում եւ երեխայաբար հիացնում էր ժողովրդական երաժշտության ռիթմի «կախարդիչ» ուժը:

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ

Ծնվել է 1889 թ. սեպտեմբերի 15-ին Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր): 1904 թ. ավարտել է տեղի ռուսական դպրոցը: 1918թ. լույս է տեսել նրա պատմվածքների առաջին՝ «Տխուր մարդիկ» վերնագրված ժողովածուն, իսկ 1917 թ. «Խնձորի այգին» պատմվածքը, որի հիման վրա 1985 թ. «Հայֆիլմը» նկարահանել է համանուն կինոնկարը:
«Հեղկոմի նախագահը» (1926 թ.), «Գրադարանի աղջիկը» (1926 թ.) վիպակներում եւ «Ամիրյանի ընտանիքը» (1921 թ.) վեպում Ս.Զորյանը ներկայացրել է Հայաստանում տիրող բարդ իրադրությունը հեղափոխության շրջանում:
Այնուհետեւ ծաղկում ապրեց նրա ստեղծագործական կյանքը: Նա դարձավ հայ նովելային արձակի նշանավոր դեմքերից մեկը: Ս. Զորյանի բազմաթիվ պատմվածքներն ու նովելները համարվում են հայ դասական գրականության մնայուն արժեքներ:
Զորյանի գրչին են պատկանում նաեւ «Մի կյանքի պատմություն» վեպը, ինչպես նաեւ «Պապ թագավոր» (1944 թ.), «Հայոց բերդ» (1959 թ.) եւ «Վարազդատ» (1967 թ.) պատմավեպերը:
Նա ստեղծագործել է նաեւ մանուկների եւ պատանիների համար, կատարել թարգմանություններ: Զորյանի գործերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով:
Ստեփան Զորյանը վախճանվեց 1967 թ. հոկտեմբերի 14-ին, երկարատեւ ծանր հիվանդությունից հետո:

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Ծնվել է 1922 թ. օգոստոսի 15-ին Արաբկիրում (Արեւմտյան Հայաստան), 1948 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1962-1966 թթ. «Գրական թերթ»-ի, 1965-1967 թթ. «Հայրենիքի ձայն»-ի խմբագիրն էր, 1967-1981 թթ.` սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահի տեղակալը, 1981-1990 թթ.՝ «Վերածնված Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիրը, 1990-1994 թթ.՝ Հայաստանի գրողների միության նախագահը:
Գրել է քնարական բանաստեղծություններ, պիեսներ, բալլադներ, պոեմներ: Վ. Դավթյանը հեղինակ է «Առաջին սեր» (1947 թ.), «Աշխարհի առավոտը» (1950 թ.), «Ճանապարհ սրտի միջով» (1953 թ.), «Լույսն իբրեւ հաց» (1980 թ.), «Ասք սիրո» (1986 թ.), «Թոնդրակեցիներ» (1961 թ.) եւ այլ ժողովածուների:
Թարգմանել է Ա. Պուշկինի, Ջ. Բայրոնի, Մ. Լերմոնտովի, Ա. Բլոկի եւ ուրիշների ստեղծագործություններից: Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվել են նրա «Մհերի դուռ», «Ծիրանի ծառ» թատերախաղերը: 1977 եւ 1985 թթ. Վ. Դավթյանն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակների: Վահագն Դավթյանը վախճանվեց 1996 թ. փետրվարի 21-ին, երկարատեւ հիվանդությունից հետո:
Ճանաչված բանաստեղծի հուղարկավորությունը կազմակերպելու համար ստեղծվեց կառավարական հանձնաժողով՝ հետեւյալ կազմով՝ Վ. Սիրադեղյան (նախագահ), Ռ. Պապայան, Ա. Բաբլոյան, Վ. Մելքոնյան, Ա. Գրիգորյան, Ա. Միրզոյան, Ֆ. Սարգսյան, Մ. Տեր-Գուլանյան, Ռ. Դավոյան, Լ. Հախվերդյան, Հ. Մաթեւոսյան, Հ. Թամրազյան, Գ. Խանջյան:
Հանգուցյալի հարազատներին եւ մերձավորներին ցավակցություն հղեցին ՀՀ Նախագահը, Ազգային ժողովը եւ կառավարությունը:

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ


Ծնվել է 1885 թ. հունվարի 28-ին Գանձայում (Ջավախք), գյուղական քահանայի ընտանիքում: Ավարտել է տեղի եկեղեցական-ծխական դպրոցը, սովորել Ախալքալաքի քաղաքային դպրոցում: 1897-1899 թթ. հաճախել է Թիֆլիսի գիմնազիան, մասնակցել այնտեղ կազմակերպվող գրական միջոցառումներին: 1899 թ. ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի 3-րդ դասարանը, խորացել է հումանիտար գիտությունների եւ լեզուների ուսումնասիրման մեջ, ծանոթացել հայ, ռուս եւ համաշխարհային գրականության դասական արժեքներին, մտերմացել հեղափոխականորեն տրամադրված սովորողների մի խմբի (Ա. Մյասնիկյան, Պ. Մակինցյան, Ց. Խանզադյան) հետ:
Ճեմարանում են սկսվել Տերյանի գրական առաջին փորձերը:
1905-1906 թթ. եկել է Անդրկովկաս, շրջել Շիրակի գյուղերում, տարել քաղաքական աշխատանք: 1906 թ. ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը:
1908 թ. Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջները» ժողովածուն, որը միանգամից նրան ճանաչում է բերում:
1913 թ. Տերյանը ընդունվում է Պետերբուրգի համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը, որտեղ Ն. Մառի ղեկավարությամբ խորանում է հայագիտության, ինչպես նաեւ արաբերենի, պարսկերենի եւ վրացերենի ուսումնասիրման մեջ: 1915-1916 թթ. ռուսերեն թարգմանած նրա մի շարք երկեր (Գ. Սունդուկյանի «Պեպոն», Շիրվանզադեի «Չար ոգին», Րաֆֆու «Կայծերի» 1-ին հատորը), ընդգրկվում են Բրյուսովի կազմած «Հայաստանի պոեզիա» եւ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու» գրքերում:
1917 թ. վերջին Տերյանը խորհրդային կառավարությանը զեկուցագիր է ներկայացնում Թուրքահայաստանի մասին, հանդիպում ու զրուցում է Լենինի հետ: 1918 թ. սկզբին նա մասնակցում է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին՝ որպես հայկական գործերի խորհրդական: Գրել է հրապարակախոսական հոդվածներ, թարգմանել Լենինի եւ Մարքսի աշխատություններից:
Տերյանի վերջին գործուղումը, Երեւան, 1985, էջ 79):
1965-ին, Տերյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ձեւավորվեց հայ մեծ քնարերգուի գերեզմանը:

ԽՆԿՈ ԱՊԵՐ

Ծնվել է 1870 թ. հոկտեմբերի 19-ին Սպիտակի շրջանի այժմ իր ազգանունը կրող Խնկոյան գյուղում: Կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա Ալեքսանդրապոլում:
1890-1910 թթ. զբաղվել է ուսուցչությամբ: 1911-ից սկսած պաշտոնավարել է Թիֆլիսում՝ Ս. Լիսիցյանի պանսիոնում: 1920-ականների սկզբին վերադարձել է Հայաստան, ծավալել գրական-մշակութային գործունեություն: Կազմել է դասագրքեր հայկական դպրոցների համար, գրել բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, առակներ: Նրա գրչին է պատկանում հանրահայտ «Մկների ժողովը»: Խնկոյանը մոտ 120 հեղինակային ու թարգմանական գրքերի հեղինակ է: Նրա անունով է կոչվում Հանրապետական մանկական գրադարանը Երեւանում եւ դպրոց Գյումրիում:
«Նա հանդիսացել է ոչ թե մեկ, այլ մի քանի սերունդների դաստիարակը, սիրելի հեղինակը, մտերիմ բարեկամը… Նա չափազանց համեստ էր, ջերմ ու բարի բնավորությամբ, միշտ կենսուրախ, միշտ հանգավոր կատակը շուրթերին…» (Վ. Ալազան): Հոկտեմբերի 8-ին Գրողների տանը կայացավ սգո նիստ: Նիստը բացեց Դ.Սիմոնյանը: Ելույթներ ունեցան Գ. Աբովը, Վ. Ալազանը, Հ.Գյուլիքեւխյանը եւ ուրիշներ: Հոկտեմբերի 9-ին վաղ առավոտից Խնկոյանի մարմինը, ծաղիկների մեջ թաղված, դրվեց Գրողների միության տան դահլիճում:

ԼԵՈ

Ծնվել է 1860 թ. ապրիլի 14-ին Շուշիում: Ավարտել է տեղի վերակազմյալ դպրոցը: Աշխատել է Շուշիում, Բաքվում: 1895-1906 թթ. եղել է «Մշակ» թերթի մշտական աշխատակից ու քարտուղար, 1906-1907 թթ. դասավանդել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: 1924 թվականից մինչեւ կյանքի վերջն աշխատել է Երեւանում:
Լեոն տպագրել է բազմաթիվ գրաքննադատական հոդվածներ, պատմագիտական ու գրականագիտական ուսումնասիրություններ, վիպակներ:
Առանձնապես արժեքավոր է նրա «Հայոց պատմություն» եռահատոր աշխատությունը, որտեղ հանգամանորեն շարադրել է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ 18-րդ դարի վերջը (բացառությամբ 12-15-րդ դդ.):
Լեոյի անունով Երեւանում կա դպրոց եւ փողոց: 1932 թվականի նոյեմբերի 14-ին ժամը 15-ին իր բնակարանում, կարճատեւ հիվանդությունից հետո, Լեոն կնքեց իր մահկանացուն: Լուսժողկոմատը կազմեց թաղման կառավարական հանձնաժողով հետեւյալ կազմով.
Դ. Դզնունի (նախագահ), Մ. Սարյան, Ա. Շիրվանզադե, Վ. Ալազան, Հ. Զորյան, Տ. Մուշեղյան, Գ. Լեւոնյան:

ՏԻԳՐԱՆ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 Ծնվել է 1886 թ. օգոստոսի 20-ին Վաղարշապատում, տոհմիկ այգեգործի ընտանիքում: 1906 թ. ավարտել է Երեւանի գիմնազիան: Կրթությունը շարունակել է Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի կենսաբանության բաժնում, որն ավարտել է 1912 թ.: Ուսանողական տարիներին Օդեսայում երիտասարդական շարժումներին մասնակցելու համար 1909 թ. երկու ամիս բանտարկվել է: Աշխատել է ճանաչված գիտնական, ֆիզիոլոգ Ն. Ե. Վվեդենսկու մոտ: Այնուհետեւ մեկնել է Վելիկիե Լուկի` գիմնազիայում մաթեմատիկա դասավանդելու, որից հետո տեղափոխվել է Թիֆլիս, ուր Ներսիսյան դպրոցում դասավանդել է մաթեմատիկա, իսկ Գայանյան եւ Հովնանյան դպրոցներում աստղաբաշխություն՝ միաժամանակ աշխատելով Պոլիտեխնիկական ինստիտուտի կենսաբանության ֆակուլտետում:
1919 թ. Տ. Մուշեղյանը տեղափոխվել է Երեւան, աշխատել արական գիմնազիայում որպես ուսմասվար, միաժամանակ կենսաբանության եւ մաթեմատիկայի դասախոս: Սակայն քաղաքական գործունեության պատճառով բանտարկվել է եւ արտաքսվել Հայաստանից: 1921 թ. Հայաստանի նորաստեղծ Ժողկոմխորհում նշանակվել է սոցիալիստական դաստիարակության գլխավոր վարչության պետ, իսկ հետագայում՝ Լուսժողկոմի տեղակալ: Նրա ակտիվ մասնակցությամբ 1921 թ. Հայաստանում հիմնադրվել է պիոներական կազմակերպությունը (Պատկոմ, 1923, թիվ 3): Նույն թվականին նա հրավիրվել է Երեւանի նորաստեղծ համալսարան՝ դասախոսելու:

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծնվել է 1903 թ. հունիսի 6-ին Թիֆլիսում: Վաղ մանկության առաջին երաժշտական տպավորությունները մորից լսած հայկական ժողովրդական երգերն էին, որ երգում էր չափազանց արտահայտիչ, հոգեկան ջերմությամբ…
Դեռեւս նախադպրոցական տարիքում փոքրիկ Արամը փողոցում ժամերով կանգնում եւ լսում էր ժողովրդական թափառաշրջիկ երգիչներին, աշուղներին եւ սազանդարներին: Նա ագահաբար կլանում էր նրանց արվեստը, թեեւ ամեն բան չէ որ հասկանում էր: Նրան գրավում եւ երեխայաբար հիացնում էր ժողովրդական երաժշտության ռիթմի «կախարդիչ» ուժը:
«…Ինչ-որ հրաշքով թբիլիսցի կազմարարի աղքատիկ ընտանիքում հայտնվեց մի հին, հալից ընկած դաշնամուր:
— Բավական արագ սովորեցի լսողությամբ ժողովրդական երգերի ու պարերի մեղեդիներ նվագել,- պատմում է Խաչատրյանը. — Մի անբացատրելի երանությամբ ես անվերջ մեկ կամ երկու մատով դրանք դուրս էի «կորզում»… Առավել դժվար էր շատ թե քիչ տանելի նվագակցություն գտնելը: Սակայն որոշ ժամանակ անց դրանից էլ գլուխ հանեցի: Ես ավելի համարձակ դարձա ու սկսեցի տարբերակել ծանոթ եղանակները, հորինել նորերը:
…Երաժշտության տարրական տեսության նկատմամբ մնալով կուսական անտեղյակության մեջ, նա հույսը դնում էր շնորհալի ինքնուս բնազդի ու ներհայեցողության վրա… եւ աստիճանաբար, նույնիսկ «շուքով», կատարում էր հանրածանոթ երգերը եւ պարերը՝ հարստացնելով դրանք իր անպաճույճ «իմպրովիզացիաներով»…
Արամ Խաչատրյանի թաղումը Մայիսի 5-ին Մոսկվան հրաժեշտ տվեց կոմպոզիտոր, նվագավար Արամ Խաչատրյանին: Նրա դագաղը դրված էր կոնսերվատորիայի մեծ դահլիճում:

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 18-ին Ալեքսանդրապոլում: Նախնական կրթությունը ստացել է տեղի եկեղեցական-ծխական եւ Հառիճի վանքի դպրոցներում: 1889-1892 թթ. սովորել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, 1893-ին եղել է Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895 թ. վերադարձել է հայրենիք: Ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896 թ. բանտարկվել է Երեւանում, 1898 թ. աքսորվել է Օդեսա:
Նույն մեղադրանքով բանտարկվել է երկրորդ անգամ 1908 թ.: Որպես քաղաքական վտարանդի մեկնել է Կ. Պոլիս: Լինելով եվրոպական շատ քաղաքներում՝ 1921-ից հաստատվել է Վենետիկում, զբաղվել գրական գործունեությամբ: 1936 թ. աշնանը վերջնականապես վերադարձել է Հայաստան: 1946-1957 թթ. եղել է ՀԽՍՀ Գրողների միության նախագահ: Իսահակյանի բանաստեղծություններով գրված երգերի զգալի մասը ժողովրդականացել է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:
1946 թ. Իսահակյանին շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

Ծնվել է 1908 թ. օգոստոսի 31-ին Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում, Արեւմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից գաղթած հայ ընտանիքում: Մանկությունն անցկացրել է հասարակ աշխատավոր մարդկանց, գլխավորապես հայերի միջավայրում, դրանով էլ պայմանավորվել են նախնական տպավորությունները կյանքից: Սարոյան-գրողի ձեւավորմանը նպաստել է ինքնակրթությունը եւ կապվածությունը հարազատ ժողովրդի հոգեւոր ակունքներին ու ավանդներին:
Գրական գործունեությունը սկսել է 1930-ական թվականներից: 1934 թ. լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա եւ այլ պատմվածքներ»-ը, որը մեծ ճանաչում է բերել գրողին:
Վ. Սարոյանի վաղ շրջանի մոտ հարյուր պատմվածքներն ամփոփվել են «Փոքրիկ երեխաներ» (1937 թ.), «Ողջույն քեզ, սեր» (1938 թ.), «Անունս Արամ է» (1940 թ.), «Սիրելիս» (1944 թ.), «Ասորին» (1949 թ.) ժողովածուներում:
Սարոյանն ընթերցողի հետ խոսում է պարզ ու գեղեցիկ լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է եւ նույնը բոլորի համար»:
Սարոյանը նաեւ սիրված թատերագիր էր: Նրա թատերագրական լավագույն գործերից շատերը՝ «Իմ սիրտը լեռներում է», «Կյանքիդ ժամանակը», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Մանկանց կոտորածը», «Խաղողի այգին» թատերախաղերը հաճախ են բեմադրվել Հայաստանում եւ այլուր, դարձել գնահատված ֆիլմերի սցենարներ:

ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ

Ծնվել է 1905 թ. սեպտեմբերի 2-ին Վանում: 1924 թ. ավարտել է Երեւանի Գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանը, իսկ 1926 թ.՝ Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան (ղեկավար՝ Ռ. Սիմոնով):
1927 թ. Թբիլիսիում իրականացրել է իր առաջին բեմադրությունը (Դ.Դեմիրճյանի «Հաղթական սիրո երգը»): 1928-1938 թթ. աշխատել է Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնում դերասան, բեմադրիչ, գեղարվեստական ղեկավար, 1929-ից՝ Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնի բեմադրիչ: 1947-1950 թթ. եղել է Երեւանի երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր բեմադրիչ: 1944-ից դասավանդել է ԵԳԹԻ-ում, 1964-ից՝ պրոֆեսոր էր:
Աճեմյանի լավագույն բեմադրություններից են Հ. Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Շիլլերի «Սեր եւ խարդավանք» (1934 թ.), Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (1944 թ.), Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ» (1946 թ.), Շիրվանզադեի «Պատվի համար» (1930 թ.), «Նամուս» (1955 թ.), Չեխովի «Բալենու այգին» (1951 թ.), Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (1961 թ.): Աճեմյանը մի շարք գործեր է բեմադրել նաեւ Երեւանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ու Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոններում:
Աճեմյանը դաստիարակել է դերասանների եւ բեմադրիչների մի մեծ սերունդ, որը կարեւոր տեղ է գրավել բեմարվեստի ասպարեզում:

ԱՐՈՒՍ ԱՍՐՅԱՆ

Ծնվել է 1904 թ. նոյեմբերի 26-ին Թիֆլիսում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1919 թ. Թիֆլիսի Հ. Ոսկանյանի թատերախմբում: 1924-1928 թթ. աշխատել է Թիֆլիսում: 1929-ից՝ Լենինականի դրամատիկական, իսկ 1940-ից՝ Սունդուկյանի անվան թատրոնների դերասանուհի էր: Տարբեր թատրոնների բեմերում Ա. Ասրյանի կերտած կերպարները՝ Քսենիա (Լավրենտով «Բեկում»), Նաստիա (Գորկի «Հատակում»), Շողակաթ (Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ»), Անուշ (Պարոնյան «Պաղտասար աղբար»), Վալյա (Սիմոնով «Ռուս մարդիկ»), Տատիկ (Վ. Սարոյան «Իմ սիրտը լեռներում է») եւ այլն հանդիսատեսի կողմից միշտ եղել են սիրված ու փնտրված: Արուս Ասրյանը վախճանվեց 1987 թ. հունիսի 28-ին:
Ստեղծվեց ճանաչված դերասանուհու հուղարկավորության կառավարական հանձնաժողով հետեւյալ կազմով` Ս. Ավետիսյան (նախագահ), Կ. Ավագյան, Յ. Մելիք-Օհանջանյան, Հ. Վարդանյան, Է. Գաբրիելյան, Հ. Ղափլանյան:
Հանձնաժողովը որոշեց թաղումը կատարել հուլիսի 1-ին ժամը 15-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում, վերջին հրաժեշտի համար դագաղը դնել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում:

Արուս Ասրյանի մահվան առիթով եղան հրապարակումներ եւ ստացվեցին բազմաթիվ ցավակցական հեռագրեր: 

ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 Ծնվել է 1870 թ., սեպտեմբերի 12-ին Վաղարշապատում: 1879-1881 թթ. սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում, իսկ 1881-1894 թթ.՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ապա՝ գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանում: Այդ տարիներին Թադեւոսյանը մտերմացել է նկարիչ Դմիտրի Պոլենովի հետ, որը դարձել է նրա ուսուցիչն ու ոգեշնչողը, իսկ ինքը՝ Պոլենովների ողջ ընտանիքի սիրելին ու բարեկամը: 1894-1895 թթ. դասավանդել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, ապա վերադարձել է Մոսկվա, մասնակցել ցուցահանդեսների:
1901 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1916 թ. աջակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել նախագահ, ակտիվորեն մասնակցել է Վրաստանի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադրմանը, որի առաջին պրոֆեսորներից էր: Թադեւոսյանի տաղանդը դրսեւորվել է նաեւ գծանկարչության, խճանկարի, մանրաքանդակի եւ այլ ճյուղերում: Այդ տարիներին Դ. Պոլենովի առաջարկությամբ Թադեւոսյանն ուղեկցել է նրան դեպի Պաղեստին: Ճանապարհորդությունը նպաստել է ուսումնասիրելու Պոլենովի ներդաշնակ ու գունեղ ներաշխարհը:

Scroll Up