Կոմիտասի դիմանկարը

Կան մեծություններ, որոնց դիմանկարի կերտումըվեր է ամեն մեկի՝ թեկուզ և հանճարի հնարավորություններից։ Մեզ համար այդպիսի մեծություն է Կոմիտասը։ Կյանքում՝ դժբախտ, վախճանով՝ ողբերգական, նա բարեբախտ էր մի բանում. Նրան պատկերել ու պատկերում են ամեն մեկը յուրովի, ըստ իր ընկալման ու հնարավորության, յուրաքանչյուրը վերամարմնավորում է ի’ր Կոմիտասին։Վերամմարմնավորում ու վերակենդանացնում է՝ համեմատելով, աղերսելով շատերի հետ՝ Նարեկացու, Աբովյանի, Թումանյանի, Թորոմանյանի, Մաշտոցի։ Բոլորս էլ գիտենք, որ Կոմիտասը մի «հերթական» դեմք չէր հայ մշակույթի պատմության մեջ։ Նա հայ երգի լավագույն կատարողն էր, սկզբնավորողը, խմբավարը, ուսուցիչը, բանասերը։ Այսպիսին էր մեկ էլ Մաշտոցը։ Մաշտոցից առաջ էլ կար հայոց լեզու՝ իր հնչյունական համակարգով և քերականությամբ։ Բայց այդ համակարգը տարաբաժանելու և վերամիավորելու, այդ քերականության օրենքները ճանաչելու և սահմանելու համար հարկավոր էր հանճարեղ լինել։

Կոմիտասից առաջ էլ կար հայ երգ ու նվագ, հայն ուներ իր երգային համակարգն ու երաժշտական «քերականությունը», բայց այդ համակարգը տարբերելու և համադրելու, այդ «երականությունը» ուսումնասիրելու և օրինավորելու համար հարկավոր էր հանճարեղ լինել։

Նայելով ահա այս բարձունքից՝ Կոմիտասին չի կարելի համեմատել իր մեծ ժամանակակիցներից ու նախորդներից և ոչ մեկի հետ։ Ըստ իր գործի ու դրա հետևանքների՝ նրան հայր կարող էր դառնալ միմիայն Մաշտոցը։

Scroll Up