Կոմիտասի տեսական քննադատական մտածողությունը

Հայ երաժշտությունը մինչև այսօր էլ չունի իր պատմագիրը։ Չկա երաժշտական քննադատական տրադիցիա։ Մեզանում երաժշտական քննադատությունը կրել է պատահական և սուբյեկտիվ բնույթ։ Մեր քննադատները շոյել են մեր երաժիշտ ստեղծագործողներին, երբեք չկիրառելով վերլուծական-քննադատական մեթոդը, որի հետևանքով էլ մեր երաժշտական քննադատության բնագավառում տիրել է կատարյալ քաոս։ Կարելի է մատների վրա հաշվել այն մարդկանց անուները, որոնք երաժշտական քննադատությանը մոտեցել են լուրջ, գիտակ զենքի միջոցով և լուծել են մի շարք երաժշտական կնճռոտ խնդիրներ։ այս տեսակետից կարել է առաջին հերթին անուն արձանագրել՝ Կոմիտաս, որը բացի իր կազմակերպած համերգներից, ժողովրդական և հոգևոր երգերի ներդաշնակումներից, լուրջ կերպով զբաղված էր մեր երաժշտության ծագման, զարգացման, զանազան փոխազդեցությունների և ուրիշ խնդիրներով։ Այս տեսակետից, որպես արժեքավոր ուսումնասիրություններ կարելի է առաջին հերթին հիշատակել «Հայոց եկեղեցական եղանակները» («Արարատ» ամսագիր՝ 1893 թ.) և «Հայոց եկեղեցական երաժշտությունը 19-րդ դարում» («Արարատ»՝ 1897 թ. )։

Կոմիտասը, լինելով Կարա-Մուրզայի և Մակար Եկմալանի աշակերտը, գտնում է իր ճանապարհը. Այդ ճանապարհը ժողովրդական երաժշտությունն էր, որ դեռևս կույս և սաղմային դրության մեջ էր և որը, սակայն, դարձավ Կոմիտասի արվեստի հիմնաքարը։ Նա իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց ժողովրդական երգերի վրա, որոնցից նա կերտեց գեղարվեստական աննման գործեր։ Կոմիտասն իր կազմակերպած համերգներով, դասախոսություններով և գիտական լուրջ հոդվածներով ու ներդաշնակ բազմաթիվ երգերով երկար ժամանակ և դեռ մինչև այսօր իշխում է մեր ժողովրդական երաժշտության վրա։ Թե Կոմիտասից առաջ, թե նրա ժամանակ, մեզանում տարածված էին հայերեն տեքստով շինծու և կեղծ եղանակներ, որոնք մեր բոլորովին ինքնուրույն և օրիգինալ երգերի հետ ոչ մի օրգանական կապ չունեին. Այս եղանակները փոխ էին առնված մասնավորապես իտալական օպերաներից և օպերետներից, որոնք մեծապես սիրված էին հայ բուրժուազիայի կողմից։ Այստեղ արժե հիշատակել մի շատ բնորոշ երևույթ, երբ 1905 թ.Կոմիտասը Թիֆլիսումժողովրդական երգերի համերգ կազմակերպեց, հայ բուրժուական մամուլն իր անշնորհք երաժշտական քննադատի միջոցով մամուլի մեջ գրել տվեց, որ Կոմիտասի երգերից «ախոռի հոտ է գալիս», և սա ասվում էր այն երգերի մասին, որոնցով ֆրանսիացի երկու ականավոր կոմպոզիտորներ՝ Դեբյուսսին և Սեն-Սանսը հիանում էին, սա ասվում էր այն երգերի մասին, որոնցով հիանում էր ռուս նշանավոր կոմպոզիտոր Գնեսինը, երբ կոնսերվատորիայի երգեցիկ խումբը՝ երաժշտագետ Սպիրիդոն Մելիքյանի ղեկավարությամբ, Մոսկվայում համերգ տվեց։ Նշանավոր կոմպոզիտոր Գնեսինը հետևյալը հայտարարեց.« Ես զարմանում եմ, որ 25 տարիսրանից առաջ փոքրիկ Հայաստանը տվել է մի Կոմիտաս, որի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական կառուցվածքի և արժեքի տեսակետից հազիվ կարելի կլիներ սպասել Ռուսաստանի խոշոր կենտրոններում ապրող նույն ժամանակի ամենահայտնի ռուս կոմպոզիտոներից»։ Ինչպես հայտնի է մինչև Առաջին աշխարհամարտըմեզանում խիստ չափավոր տարածված էին նաև ազգայնական, շովինիստական երգերը, որոնք մեծ մասամբ փառաբանում էին դաշնակցական կուսակցության «հերոսական» գործունեությունը։ Բազմաթիվ շնորհալի և անշնորհք կոմպոզիտորներ տուրք տվին հայ նացիոնալիզմին՝ հանձինս Դաշնակցության։ Կոմիտասն ամենախիստ կերպով պայքարում էր այդ եղանակների դեմ։ Նրա ականջը փակ էր և չէր լսում այդ եղանակները։ Կոմիտասին հետաքրքրում էր գլխավորապես ժողովրդական «ռամիկ» երգը, ահա թե ինչու համար նա գիշեր ու ցերեկ հավաքում գրի էր առնում և ներդաշնակում այդ երգերը, բայց Կոմիտասը ոչ միայն հավաքում և ներդաշնակում էր այդ երգերը, այլ շնորհիվ իր երաժշտական լուրջ պատրաստության, կարողանում էր լուծել հայ ժողովրդական, ինչպես նայ հայ հոգևոր երգերի բազմաթիվ կնճռոտ խնդիրներ։ Սա Կոմիտասի տեսական-քննադատական կողմն էր, որով նա նույնքան ուժեղ էր, որքան և իբրև ժողովրդական երգերի ներդաշնակող։ Թե’ հոգևոր, թե’ ժողովրդական երգերի մասին կարդացած նրա ուսումնասիրությունները Եվրոպայում՝ նշանավոր պրոֆեսորների, երաժշտագետ տեսաբանների և քննադատների ներկայությամբ հանդիսանում են խոշոր գիտական արժեք։ Ամենևին պատահական չէ, որ Բեռլինի համալսարանում երաժշտության պրոֆեսոր Ոսկար Ֆլայշերը գրել է հետևյալը.« 1899 թ.Բեռլինի միջազգային ընկերության սրահում կոմիտասի կարդացած դասախոսությունը հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության մասին պիտի մնա անմոռանալի։ Առաջին անգամն է, որ Բեռլինում այդպիսի մի դասախոսություն է կարդացվում և գուցե մինչև այժմ Փարիզի աշխարհահանդեսում անգամ այսպիսի դասախոսություն չի կարդացվել»։ Կոմիտասի ստեղծագործությունների արժեքը հասկանալու և ըմբռնելու համար չափազանց կարևոր նշանակություն ունի ծանոթանալ հայ ժողովրդական երգի հետ, որովհետևԿոմիտասի արվեստի հիմնաքարը, լեյտ-մոտիվը կազմում են հենց նույն այդ ժողովրդական երգերը, իսկ հայկական ժողովրդական երգերը բնորոշելու համար անհրաժեշտ է մոտիկից ծանոթ լինել հայ աշխատավոր գյուղացու նիստուկացին, սովորույթներին և հոգեկան պահանջներին։ Այն ժամանակ, երբ Կոմիտասը սկսեց զբաղվել ժողովրդական երգերի մշակությամբ և ներդաշնակությամբ, հայ գեղջուկի, աշխատավոր գյուղացու քաղաքական և տնտեսական դրությունը գտնվում էր անմխիթար դրության մեջ։ Հայ և թուրք կալավածատերերի մշտական շահագործումը, նրանց սիստեմատիկ կողոպուտը ծանր դրության մեջ էին դրել հայ աշխատավոր գյուղացիությանը, որի ստեղծած ինքնաբուխ երաժշտությունը լիքն էր մեծ վշտով և թախիծով։ Մեր ժողովրդական երգը, որը ծնվել է գյուղում, ունի մշտական գիծ-մելանխոլիա, տխրություն և հանդես է գալիս անգամ ուրախ բնավորություն ունեցող մոտիվների մեջ։ Կոմիտասը, երբ կտրվեց Մակար Եկմալյանի և Կարա-Մուրզայի միջոցովդպրոցից, սկսեց մեծ ոգևորությամբ հավաքել ժողովրդական երգերը և այդ երգերի հավաքումը նրա մեջ դարձավ համարյա կիրք, մեր աշխատավոր գյուղացիությունը խարխափում էր տգիտության և խավարի մեջ։ Նա հողին կպած էր նահապետական գործիքներով, նրա նիստն ու կացն այդ սահմաններից այն կողմ չէր անցնում։ Այդ պատճառով էլ նրա պահանջները չափազանց համեստ էին և պրիմիտիվ։ Եթե այդ գյուղացին իր մտքերը, իր հոգեկան հույզերն արտահայտում է չափազանց պարզ ու առանց բարդությունների, ապա նույն այդ դրությունը մենք տեսնում ենք նաև այն երգերի մեջ, որ նա ինքն է ստեղծել։ Իրոք երաժշտական փոքրիկ թռիչքներով, անգամ մի քանի ձայների միջոցով նա դրսևորում է իր զգացմունքներըէ վիշտն ու ուրախությունը, սերն ու աշխատանքը։ Մեր մինչհեղափոխական ժողովրդական երգը զուրկ է ազատ ու լայն ելևէջներից և այն բոլոր հայ կոմպոզիտորները, որոնք ժողովրդական երգը գրի առնելով փորձեցին և այսօր էլ փորձում են այդ երգերին տալ ազատ ու լայն ելևէջներ, այդպիսիններն այդ բնագավառում ոչ մի հաջողություն չգտան ու չեն գտնի։ Մեր մինչհեղափոխական ժողովրդական երգերի վրա կա միջավայրի, ինչպես նաև բնության ազդեցությունը։ Այդ հիմնական միտքն է պաշտպանում և ապացուցում նաև Կոմիտասն իր ուումնասիրությունների մեջ։ Մեր նեղ ձորերը, փոքրիկ հովիտները թույլ չեն տվել, որ գեղջուկի առաջ լայն ասպարեզ բացվի։ Մեր երգերի մեջ խրոխտ լեռների վեհությունից բացի տեսնում ենք բնությունից փոխ առած արձագանք, միայնություն, շրջապատող բնության ողջ պատկերը։ Պետք է ասել, որ Կոմիտասն այս բոլորը կարողացել է տաղանդավոր կերպով դրսևորել իր ստեղծագործությունների մեջ, այս տեսակետից որպես լավագույն օրինակներ կարող ենք մատնացույց անել կալերգեր և հորովելներ.ահա միակ պատճառը, որ լավ երաժշտություն իմացողը կարող է առանց դժվարության ասել, թե իր լսած երգը լեռնային թե դաշտային շրջանի երգ է։ Անհրաժեշտ է ընդգծել, որ հայ ժողովրդական երգերի մեջ նկատվում է խոսքի և մելոդիայի ներդաշնակություն և կատարելություն։ Այս առիթով Կեմիտասը գրել է.«Որևէ երաժշտություն ներկայանում է մեզ առհասարակ երկու նկարագրով։ Կա երաժշտություն, որ բնագրի խոսքերի հետ ներքին կապ չունի. Դա պարզապես մելոդիա է, մի որոշ եղանակէ հարմարեցրած բառերին։ Կարելի է այդ եղանակին ուրիշ բնագիր տալ կամ բնագրին ուրիշ եղանակ դնել, առանց անպատեհության։ Այդ տեսակ երաժշտության օրինակներ շատ կան թե մեզանում, թե օտարների մոտ։ Բայց կա և այնպիսի երաժշտություն, ուր բնագիրն ու եղանակները բացարձակապես իրար են զուգորդված։ Անկարելի է մինը բաժանել մյուսից, որովհետև librettiste-ի և compositeur-ի ստեղծագործ մտածումի մեջ կատարյալ նույնություն և միություն կա։ Այդպես են, օրինակ, մեր ժողովրդական երգերը, որի թե խոսքերը, թե եղանակը միաժամանակ ստեղծել է ինքը՝ ժողովուրդը»։ Վիպական երգերում, որտեղ նյութը պտտվում է հերոսի կյանքի և քաջագործությունների շուրջը, մելոդիան հանդարտ պատմողական ձև ունի. երգիչը ձայների միջոցով արտահայտում է իր հիացմունքը և իր վիշտը, իսկ այն մելոդիան, որի միջոցով նա դրսևորում է հերոսի քաջագործությունները և նրա հերոսությունները, ունի խրոխտ և վեհ բնավորություն։ հարսանեկան երգերում հանդես է գալիս ամենից առաջ խիստ բազմազանություն։ Այստեղ միաձուլված են վիշտն ու ուրախությունը։ Հարս ու փեսայի զարդարվելը, սկեսուր, սկեսրայրի ընդառաջ գալը, հարսի իր սեփական տանից հեռանալը, հրաժեշտը ծնողներին, ինչպես նաև նոր միջավայրին հարմարվելը, այդ ամենը համապատասխան տրամադրություններով արտահայտվում են հարսանեկան երգերի մեջ։ Պակաս արժեք չեն ներկայացնում պանդուխտի երգերը, որտեղ գերազանցապես իշխում է վիշտը, թախիծը, կարոտը։ Այդ երգերի և հայ հոգևոր մոտիվների մեջ կա ընդհանուր կապ։ Այս առիթով Կոմիտասը իր «Հայ գեղջուկ երաժշտությունը» նույն շահեկան հոդվածում գրում է.«Որպեսզի հնարավոր լիներ նրանց կապը գտնել, ես հիմք բռնեցի ժողովրդական երգերը, որովհետև նրանց ինքնուրույնությունն անժխտելի էր։ Եկեղեցական եղանակները, դատելով նրանց արտաքին կազմությունից, որը ոչ միայն բարդ, այլ զանազան տեղերի համեմատ զանազան գույն և ձևափոխություն ուներ, թվում էր օտարամուտ։ Նրանք մոտ էին թուրք եղանակներին։ Միևնույն ժամանակ նրանք սերտ առնչություն ունեին հայ ժողովրդական երգերի հետ։ Ուրեմն հայ հոգևոր երաժշտության աղբյուրը պիտի լինեին կա’մ առաջինները, կա’մ երկրորդները, որովհետև պարզ տրամաբանությունն իսկ ասում էր, որ հայ եկեղեցական եղանակները պետք է ավելի մեր ժողովրդական ստեղծագործության մոտ լինեին, ուստի ամբողջ ջանքս լարեցի դեպի այդ ուղղությունը։ Շփոթեցնող կետն այն էր, որ մեր ժողովրդական եղանակները պարզ կազմ ունեին, նվազ զարդարված էին, քան եկեղեցական եղանակները։ Այդ հանելուկի բանալին ինձ պիտի տային այն եկեղեցական եղանակները, որոնք ավելի պարզ էին։ Երկար որոնումներից հետո վերջապես գտա այնպիսի եղանակներ, որոնք երկու տեսակ էին երգվում՝ ծանր ու թեթև։ Այդ եղանակները կոչվում են տոնական. Ծանրը նման էր՝ իր գեղգեղանքով՝ թուրքականին, իսկ թեթևը՝ իր պարզությամբ՝ ժողովրդականին։ Մերկացնելով ծանրերի գեղգեղանքները՝ նկատեցի, որ նրանք իրենց խորքով նման են թեթևներին։ Ուրեմն սրանից հստակ երևում էր, որ այդ պարզ եղանակները զարդարվել էին թուրքական ոճով՝ նրանց հանդիսավորություն և շուք տալու դիտավորությամբ, երբ մենք չունեինք բազմաձայն երգեցողություն։ Սիրո երգերը զուտ քնարական բնույթ ունեն, որտեղ արտահայտվում են զգացմունքները։ Սիրային երգերը մեր ժողովրդական երգերի մեջ ամենից հարուստ մասն են կազմում։Դաշտային աշխատանքի երգերը թեև թվով ամենից քիչն են, սակայն ամենից արժեքավորը և ամենագեղեցիկը։ Դաշտային աշխատանքի երգերում աչքի է զարնվում ամենից առաջ կանոնավոր ռիթմը, որն այնքան անհրաժեշտ է աշխատանքի կանոնավոր ընթացքի համար։ Որոշ երգերի մեջ աշխատանքի եղանակին և պահին հարմարվելու համար ռիթմը հետաքրքիր բարձրության է հասնում։ Հորովելների մելոդիաներն արտահայտում են նաև կլիման և տարվա եղանակները»։ Մեզանում ժողովրդական երգի հավաքմանը և ներդաշնակմանը ամենից լուրջ և ամենից հետևողական կերպով մոտեցավ Կոմիտասը։ Հենց այս նույն երգերն են, որ կազմում են նրա ստեղծագործության աղբյուրը, այս բանագավառում է, որ նա իշխում է և այս է, որ Կոմիտասին դարձնում է մեր օրերի համար մեծ ու տաղանդավոր երաժշտագետ։ Մինչև այսօր էլ Կոմիտասը մնում է հայ ժողովրդական երաժշտության փայլուն վարպետը, որովհետև նա թեթև և հարևանցիորեն չէր մոտեցել ժողովրդական երգի ակունքներին, այլ նա երկար տարիներ լուրջ կերպով ուսումնասիրել էր հայ ժողովրդական երգը։ Նշանավոր տեսաբանների մոտ ստացած նրա երաժշտական-տեսական կրթութրունը խոշոր զենք էր Կոմիտասի ձեռքին հայ ժողովրդական երգին արժեք տալու համար։ Կոմիտասի սկզբանական աշխատությունները կրում են գերմանական մեծ երաժիշտ վարպետների ազգեցությունը։ Հանճարեղ Ռիխարդ Վագների երկրպագու Կոմիտասը սկզբանական շրջանում աշխատում էր մեր մեջ մտցնել մի այնպիսի բարդ արվեստ, ինչպիիսն Վագներինն է։ Առաջին անգամ, երբ Ռիխարդ Վագների ստեղծագործությունները նվագեցին Ֆրանսիայի մայրաքաղաքում, նրա հանճարը ողջույնվեց շվվոցներով։ Դարագլուխ կազմող այդ արվեստը, պարզ է, որ չէր կարող մեզանում հաջողություն գտնել ոչ թե նրա համար, որ այդ արվեստի և մեր ժողովրդական երգերի միջև օրգանական ոչ մի կապ չկար։ Կոմիտասը, բարեբախտաբար, շուտ հասկացավ այդ և զինված երաժշտական-տեսական խոր պատրաստակամությամբ, հետագայում ներդաշնակության ժամանակ հրաժարվեց Ռիխարդ Վագների արվեստից, որը, իհարկե, դրական հետևանք ունեցավ, և, իհարկե, նրա վերջին շրջանի աշխատությունները, մասնավորապես խմբական երգերը, որոնք դեռևս մնում են անտիպ ավելի են արժեքավոր և հաջողված։ Կոմիտասի ներդաշնակած ժողովրդական երգերի մշակումը հին ձևի չեն, ինչպես այն հանդես էր գալիս նրանից առաջ ապրող, ինչպես նաև նրա ժամանակակից և այսօրվա մի շարք հայ կոմպոզիտորների ստեղծագործության մեջ։ Կոմիտասի ներդաշնակած երգերի գեղարվեստական նվաճումներից մեկն էլ այն էր, որ այս երգերում հանդես է գալիս երանգների արտացոլումը, ռիթմերի կենդանի ցայտումը, գույներ և կոնտրաստներ։ Կոմիտասն արևելյան խեղճ եղանակներին հակադրում էր հզոր գծերով, ջղուտ և առնական շնչով գրված ներդաշնակումներ։ Եթե Կոմիտասին հաջողվել է իր հավաքած ժողովրդական երգերը գեղարվեստական նախանձելի բարձրության վրա դնել, ապա դրա գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ նա ոչ թե միայն ըմբռնել է, հասկացել և յուրացրել հայ ժողովրդական երգերը, ինչպես նաև թուրքական, պարսկական և արաբական մոտիվները, այլև նա խորապես ծանոթ է եղել արևմտյան երաժշտության տեխնիկային։ Սա Կոմիտասի ձեռքում խոշոր զենք էր։ Կոմիտասի արվեստի գլխավոր գլխավոր արժեքներից մեկն էլ այն է, որ նա գրում է չափազանց պարզ։ Դաշնամուրի մի քանի չափազանց պարզ, սակայն անպայմանորեն խորն ակկորդներով նա կարողանում է վարակել հասարակությանը։ Այս տեսակետից լավագույն օրինակ է «Հով արեք», «Ծիրանի ծառ», «Անտունի»։ Ոչ մի երաժիշտ այնքան զարկ չի տվել պոլիֆոնիկ երաժշտությանը, որքան Կոմիտասը։ Եթե Կարա-Մուրզան այս ուղղությամբ առաջին քայլը արեց, ապա Կոմիտասն այդ արվեստը հասցրեց կատարելիության։ Չափազանց ճշմարիտ է Վիեննայի համալսարանի երաժշտության դասախոս դոցենտ Վելեշ Եգոնը, երբ գրում է. «Զարմանում եմ Կոմիտասի արտակարգ ընդունակությունների վրա։ Շատ լավ իմանալով ժողովրդական երգը, նա այդ երգերը ներդաշնակել է հազվագյուտ ճաշակով և ճշտորեն։ Այն բոլոր երգերը, որ ես անձամբ լսել եմ Կոմիտասից և կամ ուսումնասիրել եմ, ամենից առաջ մի բան են ապացուցում, որ Կոմիտասը եզակի դեմք է՝ երպես ներդաշնակող, որպես պոլիֆոնիստ»։ Արվեստագետն իր երաժշտական գործունեության ընթացքում մեծ ուշադրություն էր դարձրել նաև հայկական պարերի եղանակների վրա, մշակել ու դաշնակել։ Այս բանագավառում ևս նրա կատարած աշխատանքն արժեքավոր է. Բացի հավաքումից և ներդաշնակումից նա մի շարք ուսումնասիրութուններ է գրել հայկական պարերի մասին։ Սորբոնի համալսարանի երաժշտության պրոֆեսոր Լուի Լալուան Կոմիտասի Փարիզում տված համերգի առթիվ (1905 թ.) հայոց պարերի մասին գրում է. «Հայոց պարերն այնքան բնական, այնքան ճկուն, այնքան կենդանի, ընդունակ արտահայտվելու մարմնի շարժումներով և ներդաշնակ ձևերով, հոգու համապատասխան շարժումներով և ելևէջներով,- զարմանալի մի արվեստ, որն անտեղյակ է այն պայմաններին, որով ապրում է կամ ավելի ճիշտ՝ մեռնում է եվրոպական նվագի երաժշտությունը։ Հայ եղանակն անճառելի քնքշություն ունի։ Ավել պարզ և ավելի նուրբ բան չկա, քան այս անուշ և ճկուն երգերը, որոնց եղանակները և չափն ունեն գերազանց ազատ շնորհալիություն։ Տաղաչափությունը ճկուն, ճոխ բնական ներդաշնակության կենդանի պատկերները, եղանակներ, որոնք աչքի առաջ պատկերացնում են արձանագործության ձևերը և շնորհալի կեցվածքը։ Ես չգիտեմ, ինչ կլիներ այս պարերի քնքշությունն արևմտյան կոշտ մատների տակ։ Այս եղանակները դաշնակել է հազվագյուտ ճարտարությամբ և ընտիր ճաշակով Կոմիտասը»։ Կոմիտասի երաժշտական հասարակական գործունեության, ինչպես նաև նրա երաժշտության գիտության փայլուն ապացույցը հանդես եկավ 1914 թ. Փարիզի համաշխարհային երաժշտական կոնգրեսում։ Ահա թե ինչ է գրում այդ առթիվ Սորբոնի համալսարանի պրոֆեսոր ՖրեդերիկՄակլերը. «1914 թ. Փարիզի երաժշտական կոնգրեոսում, ուր հավաքվել էին տիեզերքի գլխավոր երաժշտագետները, Կոմիտասը հայ ժողովրդական և հոգևոր երգերից մի համերգ տվեց՝ հիացնելով ներկա գտնվող կոմպոզիտորներին։ Ժողովրդական երաժշտությունը, ինչպես և արորի, խոփի, գութանի երգերի մասին տված նրա դասախոսությունները, պետք է ասել, որ համագումարի նիստերց ամենից թանկագինը եղան։ Երբ Կոմիտասը դաշնամուրի մոտ նստեց՝ մեղմորեն երգելու հայկական երգ, ունկնդիր հասարակությունը քարացած մնացել էր լուռ, և այնտեղ տիրեց այն վեհապանծ հմայքը, այն գերագույն պարզությունը, որ բխում է հայկական երաժշտությունից»։ Եվ ահա մի դժբախտ օր՝ 1916 թ. հանգավ ոսկեհնչյուն քնարը այս մեծ արվեստագետի։ Փարիզի հոգեբուժարանում, չորս պատերի մեջ փակված՝ Կոմիտասը շարունակեց քարշ տալ իր ֆիզիկական գոյությունը, մեռավ, երբ դադարեց ստեղծագործ ջերմ աշխատանքից։ Նա լռեց իր ամենաբեղմնավոր շրջանում, երբ հայը մեծ սպասելիքներ ուներ Կոմիտասից՝ որպես հավաքողի, ներդաշնակողի, ուսումնասիրողի։ Այսօրվա և վաղվա մեր բոլոր կոմպոզիտորները մեծապես պետք է ուսումնասիրեն Կոմիտասի գործերը, նրա ստեղծած և ժառանգություն թողած երաժշտական կուլտուրան։ «Հայ ժողովրդական երգը,- գրում է պրոֆեսոր Հարտմանը,- հանձին Կոմիտասի գտել է իր ամենացայտուն վարպետին։ Նա ուսանելի է շատ տեսակետից։ Եվ հայ երաժշտության զարգացմանը նախանձախնդիր ամեն ոք նախ պետք է լիովին ուսումնասիրի և հասկանա Կոմիտասին ու ապա միայն սկսի ստեղծագործել»։

Scroll Up