Հուշեր Կոմիտասի մասին

Մանուկ Աբեղյան

Երբ Էջմիածին բերին Սողոմոնին , նա հայերեն գրեթե չէր հասկանում, բայց լավ երգում էր եկեղեցական և այլ երգեր: Ինչպես ինքն ինձ ասել է՝ հենց այդ երգելու շնորհքի համար է եղել, որ նրան Էջմիածնի ճեմարան են տվել: Եվ նա շատ ուրախ էր դրա համար, որովհետև իր ծննդավայր Կուտինայի հետ մի առանձին սիրով ևլավ հիշողություններով կապված չէր: Ես չեմ կարող ասել, թե Կոմիտասը ճեմարանում ինչպիսի աշակերտ է եղել իր առաջադիմությամբ, որովհետև նա մի չորս տարով ինձնից փոքր էր, իսկ դասարանների թվով ավելի ևս ցածր էր: Բայց գիտեմ , որ նա հիմնովին յուրացրել էր հայերենը, թե հին և թե նոր, լավ գիտեր և՛ հանրահաշիվ, և երկրաչափություն, այնպես որ ճեմարանում ուսուցիչ եղած ժամանակ այդ առարկաների քննության ընթերական նա էր կարգավորում և երբեմն ինքը մենակ վարում էր քննությունը:

Նրա երազներից մեկն էլ այն էր, որ միշտ պատրաստվում էր մի օպերա շարադրելու հայկական և ընդհանրապես արևելյան եղանակների ոգով. Դրա համար ամենից հարմար նյութը համարում էր մեր ՙՙՍասնա Ծռերը՚՚, և որքան գիտեմ, մի քանի եղանակ շարադրել էր: Այդ միտքը հղացել էր նա ուսանողական ժամանակ: Այս մասին նա շատ քչերին էր պատմում:

Այս ամենը, որ գրում եմ, կարծես երազ է: Եվ ինքը Կոմիտասն էլ կարծես մի երազ էր, մի հեքիաթ, որ եղել է և չի եղել, որ կա և չկա:Բայց ամեն անգամ, որ նրա ձայնագրած ու դաշնակած ժողովրդական երգերը լսում եմ, այդ անցյալն իրականություն է դառնում: Ինձ համար, կենդանանում է իմ աչքի առաջ նա իր ոգևորությամբ մեր ժողովրդական երգերի համար, ես զգում եմ և գիտեմ, որ նրա կատարած գործը վաղանցիկ չի լինի և երկար, շատ երկար ժամանակ նա մեր բնիկ երաժշտական հնչյուններով սիրելի կդառնա շատ սերունդների:

Հրաչյա Աճառյան

1899 թվականին սկսյալ, երեք տարի շարունակաբար Կոմիտասին հետ պաշտոնավարած ենք Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Այդ ժամանակամիջոցին կապրեինք նույն սենյակին մեջ:

Կոմիտաս մարդկային բացառիկ առաքինություններու ծով էր: Չափազանց աշխատասեր, աննկուն կամքի տեր, անկեղծ, բարեհոգի, ընկերասեր, քաղցր և համեստ է ամենուն նկատմամբ:Մաքրակրոն էր ան և մեծ հայրենասեր մը : Բացի իր երաժշտական հանճարեն, քովնտի շնորհքներ ալ ուներ. բանաստեղծ էր և ճարտար կոմիկ դերասան մը, որ ֆարսի մեջ ալ մեզ հայտնի էր : Վերին աստիճան սրամիտ, կենսուրախ և պատրաստաբան էր Կոմիտաս և սիրված ճեմարանի մեծեն ու փոքրեն:

Կոմիտաս մեծ ընթերցասեր մըն էր, ուժեղ էր հայոց լեղվի մեջ, և հայոց պատմությունը շատ լավ գիտեր: Մասնավորապես կկարդար Մովսես Խորենացին և Նարեկացին, իսկ Աբովյանին ՙՙՎերք Հայաստանին՚՚ կանվաներ իր մասունքը:

Ճեմարանի ուսուցիչներուն մեջ հայտնի ժողովրդական պարողն էր: Տղամարդկանց ,խիզախ, խրոխտ շորերեն, ծանր ճոճումներով և մարտական սուրով պարերեն մինչև շինական կանանց պարերը, իրենց ձայնի հարազատ ելևէջներով և մարմնի ու ձեռքերու նուրբ արտահայտություններով առհավետ անմոռանալի կմնան:

Կոմիտաս բծախնդիր էր մաքրության: Անոր թխորակ դեմքը, սեփ սև մազերը մաքրության մեջ միշտ կփայլեին: Մեծ խնամք կտաներ իր հագուստներուն մաքրությանը: Մեծ խնամք կտաներ իր հագուստներուն մաքրությանը:

Կոմիտաս օր մը ինծի ըսավ. ՙՙՀայկական 50 հատ խազ կա: Ես կկարծեմ, , որ հայոց ձայնանիշը քանի մը ձայն կպարունակե իր մեջ՚՚ և ուրախությամբ վրա բերավ. ՙՙԵս գաղտնիքը գտեր եմ…՚՚

Ավետիք Իսահակյան

Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատականին: Նա ո՛չ օպերա է գրել, ո՛չ օրատորիա, և համարյա թե ո՛չ արիաներ կամ ռոմանսներ:

Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը:

Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն և անաղարտ:

Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրային:

Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին , թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թուքականին, քրդականին:

Կոմիտասը անխոնջ աշխատությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտոնացիայի շնորհիվ ապացուցեց հակառակը. ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած:

Հիշում եմ մի գեղեցիկ օր: էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. Նստել էինք նրա փոքրիկ պարտեզում ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել ՙՙՄոկաց Միրզան՚՚ և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված էր և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով : Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Անկարելի է նկարագրել այդ: Ես հիացած էի և նույնպես երջանկացած: Դեռ մինչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում եմ նրա սրտաբուխ ձայնը:

Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:

ՙՙԱյդ երգը շատ հին է, հեթանոսական դարերից. տես խոսքերն ու եղանակը ինչչպես միաձույլ են: Բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից է ծագում առել: Մեր քաջ նահապետների հոգուց է բխել, այնքան հին է, որ Ձենով Օհանը երգել է Սասունցի Դավիթը՝ լսել…՚՚

Եվ ուրախությունից փայլում էին Կոմիտասի աչքերը:

Վռամշապուհ Քիպարյան

Օր մը, երբ հոգեբուժարան գացի, Ինձ արգելեցին Կոմիտասին մոտենալ : Պարզվեցավ, որ հոգեբուժարանի բժշկապետը փորձ մը պիտի կատարեր այդ օրը: Հոգեբուժարանի պարտեզին մեջ , ծառի մը տակ Կոմիտաս հանդարտ նստած էր: Կվարտետը մեղմ կերպով սկսավ նվագել Շուբերտի մեկ եղանակը: Հազիվ էր վերջացած առաջին մասը, երբ հանկարծ, նստած տեղեն վեր ցատկեց Կոմիտաս, և ծառին ճյուղերը կոտրտելով սկսավ պոռալ, որ այլևս չէր ուզեր լսել. ՙՙԲավ է, բավ է,- կպոռար ան,- ամո՛թ ձեզ… իզուր մի տանջվեք… Ես կարիք չունեմ դրանց… Ու՞ր եք կորցրել դուք իմ երգերը…՚՚:

Ուրիշ օր մը, եմ, երբ հաջողեցա երթալ ներս ու կարոտագին փաթաթվել իմ սիրեցյալ Կոմիտասին, անիկա պահ մը վրաս տարօրինակ հայացք մը ձգելե վերջ՝ երկու ձեռքերով բռնեց ուսս և ցնցեց՝ ըսելով. ՙՙԱսա տեսնեմ, անմա՞հ է այն գործը, որի համար ես մեռա…՚՚: Փորձելով թաքցնել իմ հուզումս ու սարսափս՝ ՙՙ Դուն անմահ ես, Կոմիտաս….՚՚ և զգացի, որ դանդաղորեն կթուլնային անոր ոսկրուտ մատները իմ ուսիս վրա… և հետո՝ կարծես մոռանալով և՛ իմ, և՛ իր սեփական գոյությունը, Կոմիտաս. իր դատարկ նայվածքը սևեռեց հեռուն…

Վերջին հանդիպմանս, քանի մը ամիս առաջ Կոմիտասին նախորդ այցելությանս անոր ըրած խնդրանքին համաձայն, ՙՙպիժամա՚՚ մը տարած էի իրեն՝ որպեսզի ՙՙչմրսես՚՚: Պիժաման երբ երկարեցի անոր. ՙՙչե՞ս մոռացել, հա՞…: Բայց իզուր ես բերել այդ, իզու՜ր…՚՚ ըսավ, և տարօրինակ ժպիտ մը դեմքին ՝ ավելցուց.-ՙՙԹող ողջ մնա իմ ժողովուրդը… ես նրա սրտում երբեք չեմ մրսի…՚՚:

Կոմիտասի ֆիզիկականը արդեն հալումաշ էր դարձած և այլակերպված. ան իր խոսքերեն կբացակայեր կարծես, այդ խոսողը կարծես ինքը չէր… Սակայն այդ րոպեին, գիտակցության անակնկալ հաճախումով մը. և ուժերու գերագույն լարումով մը՝ կարծես պահ մը ան զգաց, որ ավելորդ էր այլևս որևէ խնամք տանիլ իր մարմնին, որ ինք ՙՙչմրսեր իր ժողովրդի սրտում…՚՚:

ԱՆԱՆՈՒՆ ԾԱՂԻԿԸ

Կոմիտասը Էջմիածնում գտնված վերջին տարիներում, գարնան ու ամռան ընթացքում, ժողովրդական երգեր ու ծաղիկներ հավաքելիս մի ծաղկի անուն չի կարողանում իմանալ, չեն կարող իմանալ և էջմիածնի միաբանները։ Կոմիտասը Էջմիածնում տեսնելով Երևանի բնակիչ իր մտերիմ բժշկին, որի ազգանունը ըստ պատմողների Հարությունյան է լինում, խնդրում է բշժկարանում նայել, գտնել այդ ծաղկի անունը և ասել իրեն։ Բժիշկը, որ և’ բուսաբան, և’ հայագետ է լինում, խոստանում է մյուս անգամ Էջմիածին այցելելիս Կոմիտասի ցանկությունը կատարել՝ բերել այդ ծաղկի անունը։

Կոմիտասը Էջմիածնից իր հոգեկան տանջանքներից ազատվելու համար դուրս է գալիս, գնում Թբիլիսի, ապա անցնում Կ.Պոլիս և այլևս բժշկին չի տեսնում։ Անցնում են տարիներ։ Գալիս է 1924 թ., բժիշկ Հարությունյանը լինում է Փարիզում։ 1918-1924 թթ. վեց տարիների ընթացքում Կոմիտասին բուժող բժիշկները նկատում են և հաստատ ստուգում, որ Կոմիտասը երբեմն 4-5 րոպե ժամանակով նորմալ վիճակ է ունենում, որի ընթացքում խնամող բժիշկները օգտագործում են այդ րոպեները բուժման միջոցաեումների և բացառիկ դեպքում Կոմիտասի մտերիմներին այցելության թույլ տալու, նրան սփոփելու համար։

Այդպիսի մի պահ օգտագործելու բուռն ցանկություն է ունենում բժիշկ Հարությունյանը և գնում է Կոմիտասին տեսնելու, այդ րոպեները որսալու։ Բժիշկը մտնում է Կոմիտասի սենյակը։ Կոմիտասը հրճվանքով նետվում է դեպի բժիշկը և հարցնում. «Ծաղկի անունը բերե՞լ ես»։

Բժիշկը հուզմունքից դողում է և հիշում ու հուզվում՝ ասելով.«Այո’, բերել եմ, բայց տանն եմ թողել, քո հասցեն իմացա, կգնամ կբերեմ»։

Հուզվում է Կոմիտասը, որ ծաղկի անունը բժիշկը չի բերել, իսկ բժիշկը, Կոմիտասի հոգեկան վիճակը տեսնելով և իրեն հանցավոր, ապերախտ համարելով՝ արտասուքն աչքերում, Կոմիտասին էլ ավելի չհուզելու համար, մհամբուրում է նրա ճակատն ու դուրս գալիս։

Scroll Up