Մեծերը Կոմիտասի մասին

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ…

Մեր երաժշտական լեզվի համար Կոմիտասն արեց նույնը, ինչ դարեր առաջ Մաշտոցն արեց մեր խոսակցական լեզվի համար: Մեր լեզուն կար Մաշտոցից առաջ, ինչպես որ երաժշտությունն էլ՝ Կոմիտասից առաջ: Բայց ինչպես Մաշտոցը գտավ մեր լեզվի բաղադրիչները, նրա հնչյունակազմը և դա արձանագրեց այբուբենով, ճիշտ այսպես էլ Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով: Երկուսի արածն էլ գործ չէր, որ կոչենք մեծ կամ փոքր: Երկուսի արածն էլ գյուտ էր, իսկ գյուտը փոքր չի լինում»:

ՊԱՎԵԼ (ՊՈՂՈՍ) ԼԻՍԻՑՅԱՆ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ…

Ամեն անգամ, երբ կատարում եմ նրա երգերը, մտքումս հառնում է նրա դաժան ու մռայլ ճակատագիրը: Կոմիտասով տարվել եմ դեռ շատ երիտասարդ տարիներիս և մեծ սիրով կատարել բոլոր համերգներում: Հետաքրքիր ու հուզիչ Կոմիտաս էր երգում հայրս: Շատ ու ամենուր երգել եմ Կոմիտասի անմահ «Կռունկը»:              Անսահմանորեն սիրում եմ Կոմիտաս և քանի դեռ երգում եմ, ես չեմ բաժանվի նրանից:    Կոմիտաս … սիրելի, անկրկնելի, մեծ Կոմիտաս:

ՄԱՆՈՒԿ ԱՂԱԲԱԲՅԱՆ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ…

Ամեն անգամ, որ Կոմիտասի ձայնագրած ու դաշնակած ժողովրդական երգերը լսում եմ, կենդանանում է իմ աչքի առաջ նա իր ոգևորությամբ. ես զգում եմ և գիտեմ՝ նրա կատարած գործը վաղանցիկ չի լինի և երկար, շատ երկար ժամանակ մեր բնիկ երաժշտական հնչյուններով սիրելի կդառնա շատ սերունդների։

ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ…

Անձնական նկարագիր․ միջահասակ, նիհար, ջղուտ և զգայուն, դեմքը՝ դեղնավուն, աչքերը՝ արտահայտիչ և վառվռուն, գլուխը՝ ճաղատ, մորուքը՝ ո՛չ «վարդապետավայել», այլ ծնոտի տակ միայն թողած, այսպես կոչված վագներյան, ինքը՝ արագաքայլ և անհամբեր, միշտ շտապող, միշտ աշխատասեր, կյանքից գոհ, լավատես… Ապրում էր, կարելի է ասել, սպարտական կյանքով՝ ուտելու մեջ պարզ և չափավոր, չէր խմում ու չէր ծխում. քնում էր գարուն թե ձմեռ բաց պատուհանով և, որ գլխավորն էր, պառկում էր ուղղակի հատակի վրա՝ առանց ներքնակի և բարձի: Նոտագրության մեջ մաքրասեր էր, գրում էր գեղեցիկ, իր իսկ տողած թղթերի վրա, այնպես որ նրա ձեռագրերից կարելի էր ուղղակի կլիշե պատրաստել: 

ԶԱՐՈՒՀԻ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ…

Անսահման հպարտությամբ և ուրախությամբ եմ գիտակցում, որ իմ հայրենիքն աշխարհին տվել է այնպիսի հրաշալի մի կոմպոզիտոր, ինչպիսին Կոմիտասն է:      Ստեղծագործական մեծ հուզմունքով եմ աշխատում Կոմիտասի ստեղծագործությունների վրա, դրանք ինձ հսկայական բավականություն են պատճառում:

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ…

Ասում են՝ Կոմիտասը հայկական Բախ է, Շուբերտ: Այդ բոլորը լավ է, դրանց մեջ ճշմարտություն կա, բայց Կոմիտասը Կոմիտաս է, միայն ու միայն Կոմիտաս: Չէ՞ որ մեծ արվեստագետները մեկը մյուսին կրկնել չեն կարող: Իսկ իմ Կոմիտասը ահա այնպիսին է, ինչպիսին կա, արդեն տեսնում եք:

ՄԻԽԱՅԵԼ ԳՆԵՍԻՆ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ…

Ես զարմանում եմ, որ 25 տարի սրանից առաջ փոքրիկ Հայաստանը տվել է մի Կոմիտաս, որի ստեղծագործություններն իրենց գեղարվեստական կառուցվածքի և արժեքի տեսակետից հազիվ կարելի կլիներ սպասել Ռուսաստանի խոշոր կենտրոններում ապրող նույն ժամանակի ամենահայտնի ռուս կոմպոզիտորներից:

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ…

Ես Կոմիտասին համարում եմ հայկական երաժշտության հավերժական խորհրդանիշ, իսկ նրա ստեղծագործությունը` մեծագույն օրինակ և աղբյուր, որից ներշնչանք կստանան հետագա հայ բոլոր կոմպոզիտորները: Ինձ հատկապես հոգեհարազատ է լակոնիկությունը, պարզությունը, պարկեշտությունը երաժշտության մեջ և երաժշտական միջոցների խնայումը։

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԿՈՄԻՏԱՍԻ ՄԱՍԻՆ…

Երբ ես երգում եմ «Կռունկը» կամ «Ծիրանի ծառը», երբեմն այն զգացողությունն եմ ունենում, որ յուրաքանչյուր հնչյուն ու դարձվածք ձեռքիցս բռնած ինձ քաշում են ինչ-որ անմեկին ոլորտներ, հուզական խորխորատներ: Այդ պահին ապրում եմ մի վիճակ, որ հավանաբար պիտի դիդրոյական կշտամբանք ծներ. ես, իրավ, մոռանում եմ սրահը, մոտ եմ մոռանալու նույնիսկ ինքս ինձ, բայց երբեք՝ հնչյունների հորձանքի մեջ ապրող, փոթորկվող ու տոկացող մարդուն … Դրա համար էլ ինձ համար դժվար է պնդել, թե վերջնական ու անփոփոխ է այնքան ծափեր ստացած «Կռունկի», «Ծիրանի ծառի» ու շուրջ չորս տասնյակ անուններ հաշվող կոմիտասյան երգացանկիս մյուս գործերի մեկնաբանությունը:     

…Ճշմարտապես Կոմիտաս հասկանալու համար բացսիրտ ու լայնախոհ պիտի մոտենաս նրան, ուժով զսպես աչքերիդ մեջ ակամա կուտակվող արտասուքը, որ անմշուշ տեսնես, լսես ժողովրդիդ ու նրա զավակի` Կոմիտասի լուսավոր, հուզառատ հոգին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll Up