Կոմիտասը Բեռլինում

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Սպիրիդոն Մելիքյան և Կոմիտաս Վարդապետ, Բեռլին, 1907, սեպտեմբեր

1896 թվականի հունիսին Կոմիտասը ժամանեց Բեռլին՝ առանց որևէ համալսարան ընդունվելու։ Նրա ընկերները օգնեցին բնակարան գտնելու հարցում։ Սկզբնական շրջանում նա մի քանի ամիս ուսանեց Ռիխարդ Շմիդտի մոտ։ Այնուհետև նա ընդունվեց հանրահռչակ Բեռլինի կայսերական համալսարան (հետագայում՝ Հումբոլդտի համալսարան)։ Խրիմյան Հայրիկի օրհնությամբ և Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ նա կարող էր ուսում ստանալ, սակայն այլ միջոցներ չունենալու պատճառով Կոմիտասը ստիպված էր կրճատել սնունդը՝ օրական սնվելով մեկ անգամ կամ առհասարակ հրաժարվելով սննդից։ «Շաբաթական երկու անգամ, փոխէփոխ, իմ ուսուցչապետներիս մօտն եմ ճաշում. նոցա ընտանիքի մէջ ազատ մուտք ունեմ»: Կոմիտասը արդյունավետորեն ընդունեց գերմանացի դասախոսների փոխանցած գիտելիքները։ Նրանց շարքում էին Բելլերմանը, Ֆլայչերը, Ֆրիդլենդերը։ Օսկար Ֆլայչերը հիմնեց Բեռլինի Միջազգային երաժշտական ընկերությունը, որի անդամ դարձավ նաև Կոմիտասը։ Նա նմանատիպ միության առաջին ոչ եվրոպացի մասնակիցն էր։ Այնտեղ նա 1899 թվականի մայիս և հունիս ամիսներին հանդես եկավ հայկական ժողովրդական և եկեղեցական երաժշտության մասին դասախոսությամբ, որի ընթացքում ներկայացրեց, որ հայկական ժողովրդական երաժշտությունն ունի նախաքրիստոնեական՝ հեթանոս արմատներ։ Բեռլինում ուսանելու տարիներին ուսումնասիրել է կոմպոզիցիայի տեսություն, հոգեբանություն, փիլիսոփայություն, խմբավարություն, մշակել է ձայնը, սովորել դաշնամուր ու երգեհոն նվագել։ Այդ տարիներին գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր։ Շատ մտերիմ էր Ռիխարդ Շմիդտի ընտանիքի հետ։ Վերջինս Կոմիտասի մասին գրել է. «Կոմիտասը արդեն մեծ վարպետ է։ Ես հպարտ եմ նրանով։ Զգում եմ, որ ապրում եմ և ապրելու եմ Կոմիտասի մեջ»: 1899 թվականին գերմանական «Sammelbände der internationalen Musik-Gesellschaft» հանդեսի 11-12 միացյալ համարում տպագրվում է Կոմիտաս Վարդապետի «Հայ եկեղեցական երաժշտություն» ուսումնասիրությունը։ Բեռլինում 1899 թվականին երաժշտական-փիլիսոփայական-պատմական գիտելիքների բաժինն ավարտելուց հետո նա վերադառնում է Էջմիածին։ 1899 թվականին Կոմիտասը վերծանում է առոգանության խազագրությունը (հայտնաբերված հնագույն նմուշը՝ 19-րդ դար)՝ սկզբնաղբյուրների հետազոտության հիման վրա ընդհանրացնելով իր ժամանակի գործնական թվերգության տվյալները։ Ըստ Կոմիտասի՝ ավետարանական տեքստը առոգանությամբ ընթեռնելիս կամ թվերգելիս համակարգի յուրաքանչյուր նշան ստացել է ելևէջային մի կաղապարում ամփոփվող մի քանի նշանակություն, որոնք հաճախ ընդարձակ և ինքնին իմաստավորված դարձվածքներ են (հիշեցնում են ազգային հին վիպական երգերի ելևէջներ)։ Այդ կապակցությամբ Հրաչյա Աճառյանը գրում է. «Կոմիտաս օր մը ինծի ըսավ. «Հայկական 50 հատ խազ կա։ Ես կկարծեմ, որ հայոց ձայնանիշը քանի մը ձայն կպարունակե իր մեջ» և ուրախությամբ վրա բերավ. «Ես գաղտնիքը գտեր եմ…»»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll Up