Կոմիտասը Փարիզում

Փարիզ, 1901, օգոստոս

Փարիզ, 1901, օգոստոս

Փարիզ, 1906

Փարիզ, 1914, հունիս

1906 թվականին էր. Կոմիտասը ուղևորվեց Փարիզ՝ աշխարհի արվեստների կենտրոնը։ Ֆրանսիայի մայրաքաղաքը յուրօրինակ փորձաքար էր այն արվեստագետների համար, որոնք ձգտում էին համաշխարհային հռչակ ձեռք բերել: Ինչպես կընդուներ վիթխարի քաղաքը մի անհայտ ժողովրդի անհայտ զավակի երգը։ Կոմիտասն օրնիբուն աշխատում էր՝ գիտակցելով, որ իր արվեստով օտար ունկնդրին պատկերացում պիտի տա Հայաստանի և հայ ժողովրդի` մինչ այդ աշխարհին անծանոթ մշակույթի մասին: Լեփ-լեցուն է Փարիզի ամենամեծ դահլիճներից մեկը, բազմահազար մարդկանց մեջ են նաև ֆրանսիացիների այն ժամանակվա կուռքերը` Դեբյուսին, Ռավելը, Ռոմեն Ռոլանը և այլք։ Մեկը մյուսի հետևից բեմ են բարձրանում համընդհանուր ճանաչում ունեցող երգիչներ, դաշնակահարներ, ջութակահարներ՝ արժանանալով բուռն ծափողջույնների: Հերթը Կոմիտասինն է։ Դահլիճը մի երկվայրկյան ապշեց, երբ բեմ մտավ մի հոգևորական՝ սև սքեմով ու վեղարով: Ի՞նչ էր անելու նա, ինչպե՞ս պիտի դիմանար ՝ համաշխարհային աստղերի մրցակցությանը: Արտաքուստ հանգիստ՝ Կոմիտասը կանգնեց դաշնամուրի մոտ` ներքուստ զգալով թպրտացող սրտի տրոփյունը: Ու կարկաչեց երգը… Մեղմահնչյուն, թավշային թրթիռով բխում էր վշտի երգը` ցողված արյուն–արցունքով, պատմում՝ իր տանջալլուկ ժողովրդի դժխեմ բախտի մասին, և բեկբեկվում էին ելևէջները` թափանցելով ունկնդիրների հոգու գաղտնարանները: Դահլիճն ապշանքից՝ քարացել էր, թվում էր` օրորուն նիրհ էր իջել ամենքի վրա, ընդարմացնող նիրհ: Հետզհետե թախծոտ երգի հնչյունները մարեցին դահլիճի կամարների տակ: Ու հանկարծ պայթեց քար լռությունը՝ տեղը զիջելով պոռթկուն հիացմունքին և որոտընդոստ բացականչություններին: Մարդիկ հոտնկայս ծափահարում էին՝ ծաղկեփնջերով ու հիացմունքի բացականչություններով վարձահատույց լինելով անսովոր երգչին: Իսկ երբ աշխույժ քայլերով բեմ բարձրացավ Փարիզի պաշտամունքը` Դեբյուսին, սրահով մեկ շշուկ անցավ։ Մոտենալով Կոմիտասին՝ Դեբյուսին խոնարհվեց և ասաց. -Հա՛յր Կոմիտաս, խոնարհվում եմ Ձեր հանճարի առջև։ Ապա դառնալով դեպի դահլիճը` խոսեց հուզված. — Եթե Կոմիտասը գրեր միայն «Անտունին», այդ էլ բավական կլիներ, որ նա համարվեր աշխարհի մեծագույն երաժիշտներից մեկը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Scroll Up