Խազեր, հայկական միջնադարյան երաժշտության գրության նշաններ, որոնցով տարբեր համակարգերում, տարբեր մանրամասնությամբ հաստատագրվել են հոգևոր, մասամբ աշխարհիկ երգեր։ Բնույթով հարում են նևմային գրության նշաններին, սակայն ձևերով, անվանումներով և նշանակությամբ ինքնուրույն են։
  Գրվել են տողից վեր՝ եթե մեկ վանկին մեկ-երկու խազ է ընկնում և տողում եթե մեկ վանկի խազերը շատ են։ Լայն առումով խազերի մեջ ընդգրկված են նաև հայերենի առոգանության և տրոհության նշանները, այբուբենի այն բաղաձայներն ու կիսաձայնը, որոնք երաժշտական համակարգում կիրառվել են որպես լրացուցիչ նշումներ և մոնոդիկ երաժշտական ձայնեղանակների տառային նշումները, որ կոչվել են «Բանալի խազեր»։ Խազերի քանակը, ձևերը, անվանումները և դրանց վերագրված նշանակությունները ժամանակի ընթացքում փոփոխվել են։ խազերից մի քանիսը հետագայում օգտագործվել են նոր հայկական նոտագրության համակարգում։
Խազագրության զարգացած փուլը նկատի ունենալով՝ Կոմիտասը 1910 թվականին ամփոփել է «խազաբանության տարրերը», որոնք հաստատում են, որ X - XII դդ. գրառումը ավելի ճշգրտված է եղել։ Երաժշտական խազերի ուսումնասիրությունն ընթացել է հնագույն գրչագրերում նրանց մասին հայտնաբերվող տեղեկությունների պատմական հետազոտության, բուն խազագրությունների ներքին օրինաչափությունների բացահայտման, ազգային մոնոդիկ երաժշտության էական տարրերի էվոլյուցիայի վերականգնման, պահպանված հայ հոգևոր երաժշտության և միջնադարյան երաժշտական գրության այլ համակարգերի հետ համադրման ու այլ ուղիներով։